Հիշում եմ և պահանջում 

Օրվա ծնունդը. Սողոմոն Թեհլերյան

analitik.am
Հայոց Ցեղասպանության ականատես և ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897թ. ապրիլի 2-ին:
 

Նա հայ ազգային–ազատագրական շարժման մարտիկ է. ի կատար է ածել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի մահավճիռը: 

Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան)  1912թ. ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը, 1918–1919թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 
 
1913թ. մեկնել է Եվրոպա՝ ուսումը շարունակելու, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918թթ.) սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մեկնել է ռազմաճակատ, կռվել Անդրանիկի ջոկատում: 1918թ.  վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս: 
 
1919թ. մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Կոստանդնուպոլիս: 1919–1920թթ. Կոստանդնուպոլսում տեղի է ունեցել երիտթուրքերի դատավարությունը. հայերի տեղահանության ու ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային հեռակա դատապարտել են մահվան: 
 
Շահան Նաթալիի նախաձեռնությամբ ստեղծվել է «Նեմեսիս» ահաբեկչական գործողության ծրագիրը, որը կարճ ժամանակամիջոցում իրագործել են Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թոռլաքյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը:
 
Որոշելով վրեժխնդիր լինել Թալեաթից՝ Թեհլերյանը որոնել է նրան մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում: 1921թ.-ի մարտի 15-ի առավոտյան Թեհլերյանը փողոցում դիմահար կրակոցով սպանել է Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը: Դատավարության ընթացքում բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել երիտթուրքերի հանցավոր հակահայ քաղաքականությունը: 
 
Գերմանացի հասարակական և հոգևոր գործիչ Յոհաննես Լեփսիուսը` որպես վկա,  մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունն, ըստ էության, վերածվել է Թալեաթի և հայոց Մեծ եղեռնի մյուս կազմակերպիչների դատի: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի  դահլիճից ազատ արձակել, իսկ գերմանական մամուլը պահանջել է դատ հարուցել Թուրքիայում 1912–1915թթ. Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա  հանցավոր լռության համար:
 
Ազատվելուց որոշ ժամանակ անց Թեհլերյանը մեկնել է Հարավսլավիա` Բելգրադ, ապա` ԱՄՆ՝ Սան Ֆրանցիսկո:
 
Երևանում դրվել է Թեհլերյանի կիսանդրին, Սան Ֆրանցիսկոյում` մահարձանը:

Նույն շարքից