Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:
Արսեն, վերելքներն ու վայրէջքները սպորտում անխուսափելի են: Այս տարվա աշխարհի առաջնությունը ձախողված էր քեզ համար: Ի՞նչ հետևություններ ես արել:
- 2015 թվականը, հենց աշխարհի առաջնությունը ինչ-որ տեղ աննորմալ դասավորվեց ինձ համար, բայց տարվա մյուս մրցաշարերին, որոնց մասնակցել եմ, հաղթանակած եմ դուրս եկել: Չհասկացա` ինչ եղավ: Մինչ օրս էլ չեմ կարող բացատրել, թե ինչն էր այդ ամենի պատճառը: Սակայն պատճառներից մեկը կնշեմ այն, որ պարտություններից հետո շատ արագ էին հաջորդ գոտեմարտերը: 45 րոպեում 3 գոտեմարտ եմ անցկացրել, որից մեկը նախորդ տարվա 80 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հետ էր: Ինձ և կարծում եմ բոլորի համար բավականին բարդ մրցակից: 4:0 պարտվում էի և հաղթեցի 4:7 հաշվով: Ինչ ունեի-չունեի տվեցի այդ գոտեմարտին: Ընդամենը 15 րոպե ունեի վերականգնվելու համար, որը՝ չբավարարեց: Այդ 15 րոպե բավարարեց, միայն 3 րոպե գոտեմարտելու համար հաջորդ մրցակցի հետ: Գիտակցությունս արդեն լիարժեք չէր, հասկանում էի՝ ինչ է կատարվում, բայց չէի կարող ոչինչ անել:
Պետք է լինել գորգում, պետք է լինել պրոֆեսիոնալ մարզիկ՝ խորությամբ հասկանալու, թե որքան բարդ է: Երբեմն ասում են՝ ինչպե՞ս կարող էր նման մարզիկն այսպիսի հնարք բաց թողներ. անհավատալի մի բան: Խնդիրն այն էր, որ մարմինդ չի ենթարկվում քեզ: Մոտ մեկ ամիս ցանկություն չկա ինչ-որ բան անելու, սակայն հետո հասկանում ես, որ դեռևս ոչինչ կորցված չէ: Մեր նպատակն Օլիմպիական խաղերն են: Ոչ մի նստվածք չի մնացել աշխարհի առաջնությունից հետո, ամեն ինչ հաղթահարված է:
-Առջևում վարկանիշային 3 մրցաշար կա, ինչ ես կարծում, քեզ կհաջողվի՞ հենց առաջին փորձից ուղեգիր ձեռք բերել:
-Բնականաբար, փորձելու եմ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել առաջին իսկ փորձից: Այդ ամենը կարևոր է այն առումով, որ շատ ավելի ժամանակ կունենամ նախապատրաստվելու Օլիմպիական խաղերին և կվերականգնվի այն անթերի վստահությունը, որը կար մինչ այդ: Պետք է թե՛ ես, թե՛ իմ մարզիչները ճիշտ մոտենանք ցանկացած մրցաշարին, որին կմասնակցենք:
-Արսեն, հնարավո՞ր է, որ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո հեռանաս մեծ սպորտից:
-Իսկապես ոչինչ չեմ կարող ասել: Տարինքս թույլ տալիս է շարունակել: Բայց հիմա չեմ ուզում խոսք տալ, ասել: Դեռ վերջին չհասած՝ նախապես գնահատական տալը սխալ գործ է: Ավելի լավ է վերջնական արդյունքը ունենանք և հետո հասկանանք, պետք է յուղոտ վերջակետ դնել, թե շարունակել:
Բազմիցս նշել ես, որ պրոֆեսիոնալ կարիերադ ավարտելուց հետո հնարավոր է քեզ տեսնենք քաղաքականության կամ դիվանագիտության ասպարեզում: Ծրագրերը չե՞ն փոխվել:
- Եթե սկսեմ այդ գործը, ապա պետք է մեծ փորձ ձեռք բերեմ, առանց փորձի սկսել արևմտաեվրոպական լուրջ երկրից՝ ծանր հետևանքներ կունենա: Նախ պետք է փորձառու դիվանագետ դառնալ և հետո միայն ցանկությունները բարձրացնել: Բայց այստեղ կրկին գալիս կանգ ենք առնում Ռիո-2016-ի առաջ: Ինչպես էլ պտտվենք, միևնույն է պարզություն կլինի միայն Օլիմպիական խաղերից հետո:
Այս տարի կյանքիդ գլխավոր հաղթանակներից մեկն ես տարել` հայր ես դարձել: Ի՞նչ է փոխվել դստերդ ծնվելուց հետո:
-Իրոք, շատ բան է փոխվել: Առաջ, երբ առողջականի հետ խնդիրներ էի ունենում, ապա միայն մտածում էի սպորտի մասին: Բայց հիմա այլ կերպ է, սպորտին մրցակից է ավելացել՝ աղջիկս է: Շատ ավելի լուրջ ես դառնում, հավասարակշռված: Նա է դարձել կենտրոնը, պետք է իրեն հարմարվենք, պետք է այնպես անենք, որ նրա համար ամեն ինչ անթերի լինի: Բնավ չի խանգարում մեզ, առավոտյանը ժպիտը փոխում է ամբոջղ տրամադրությունդ: Մի արեգակ է, որ շողում է տանը: Ցանկանում եմ, որ բոլորը վերապրեն այդ զգացողությունը: