Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը մահացու հարված էր Թուրքիային, կարծում է փորձագետ և պատմաբան Գևորգ Մելքոնյանը։
Ըստ նրա` ապրիլի 23–ին Բունդեսթագում 1915 թվականին Թուրքիայում իրագործված իրադարձությունները որպես «ցեղասպանություն» որակող բանաձևի հնարավոր ընդունումը հսկայական նշանակություն կունենա։ «Դա դիվանագիտական մեծ հաղթանակ կդառնա պատմական իմաստով»,– կարծում է Մելքոնյանը։
Նա ավելացրեց, որ Հայաստանի հիմնական խնդիրը տարբեր երկրների կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումն է պետական մակարդակով համապատասխան բանաձևերի ընդունման միջոցով, այլ ոչ թե առանձին պաշտոնատար անձանց կողմից այդ տերմինը հնչեցնելուն սպասելը։
Ցեղասպանության հարցում Բեռլինի քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության պատճառը, փորձագետի կարծիքով, Գերմանիայում երկրի իսլամացման և թուրքացման դեմ ծավալված շարժումն է։
Մելքոնյանն ընդգծեց, որ Բունգեսթագում բանաձևի հնարավոր ընդունումը կդառնա ակնհայտ ահազանգ Թուրքիային, որը վերջին տարիներին չափազանց անկախ և երբեմն ՆԱՏՕ–ի շահերին հակասող քաղաքականություն է վարում։
«Դա նաև Թուրքիային պատժելու մեթոդներից մեկն է` Իսլամական պետության հետ կապ ունեցող արմատական իսլամիստներին սատարելու և արմատականների նկատմամբ Անկարայի ունեցած դիրքորոշման համար»,– նշեց Մելքոնյանը։
Բացի այդ, ըստ նրա, հայտնի է, թե ինչ դեր է խաղացել Գերմանիան Թուրքիայի հանցագործություններում և հետագայում Ցեղասպանության փաստերը ծածկելու գործում։ «Այդ քայլով Գերմանիան ոչ միայն ցանկանում է մեղքերը քավել, այլ նաև խոչընդոտել Գերմանիայի հետագա թուրքացմանը»,– ասաց Մելքոնյանը։
Նա ավելացրեց, որ Վաշինգտոնը պետք է հետևի Բեռլինի օրինակին` հանուն պատմական արդարության։ Սակայն, ըստ նրա, դա շատ բարդ է, քանի որ աշխարհում տնտեսական և քաղաքական շահերը միշտ բարոյականությունից բարձր են դասվել։