Հիշում եմ և պահանջում 

Ոչ մի բառ «ցեղասպանության» պես չի նկարագրում այդ ոչնչացման ծավալն ու խորությունը. թուրք գիտնական

Մանիթոբայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ումութ Օզսուն ներկայացնում է իր մտորումները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ՝ հայտարարելով, որ Թուրքիան, այլ պետությունների պես, պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը: The Toronto Star պարբերականում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք ստորև.


 

«Պատանեկության տարիներին ես շատ մոտ էի թուրք տատիկիս հետ: Նա ծնվել էր Անատոլիայի արևմունտքում գտնվող աղքատ մի գյուղի շատ մեծ ընտանիքում, 1923 թվականին Օսմանյան կայսրության փլատակներին հիմնադրված աշխարհիկ Թուրքիայի Հանրապետության հասակակիցն էր:

 


Տատիկս շատ մարդամոտ և շփվող էր, սակայն կային թեմաներ, որոնցից սկսում էր վիրավորվել: Շատ քիչ թեմաներ էին նրան անհագնստացնում այնպես, ինչպես Հայոց ցեղասպանությունը:

 


Հազվադեպ էր լինում, երբ ես բացում էի այդ թեման. տատիկս դրանից ակնհայտորեն տխրում էր: Պետք է նշել, որ նա չէր հերքում այդ իրադարձությունները: «Մեծ չարիք էր տեղի ունեցել»,- ասում էր նա և իջեցնում հայացքը:

 


Սակայն իր մեծաքանակ հայրենակիցների պես, նա չէր գործածում «ցեղասպանություն» բառը՝ պնդելով, որ թուրքերն ու այլ մահմեդականները նույնպես տուժել են, և առաջարկում էր, որ արևմուտքը նախ առերեսվի սեփական անցյալի հետ, ապա՝ մեղադրի Թուրքիային:

 


Այս ուրբաթ՝ ապրիլի 24-ին, նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունալի իրադարձություններից մեկը՝ Ցեղասպանությունը, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ տասնամյակներ տևող խտրականության և հետապնդումների գագաթնակետն էր:

 

Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը հրամայել էր հայերի հակամարգված տեղահանումները: Տեղահանումների դաժան գործընթացն ամիսներ էր տևում՝ հարյուր հազարավոր ձերբակալվածներով, որոնց ստիպում էին քայլել մինչև Դեյր-էզ-Զոր՝ դատարկ մի տարածք, որն այժմ Սիրիայի հյուսիս-արևելքում ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ է:

 


Հայերի գույքն առգրավված էր, իրականացվում էին պարբերական բռնաբարություններ և կոտորածներ, ինչպես նաև կազմակերպվում էին մահվան երթեր դեպի անապատ՝ հաճախ առանց սննդի կամ ջրի:

Կենդանի մնացածներին հաջողվել է փրկվել մահմեդականություն ընդունելով կամ էլ տեղի մահմեդականների հետ ամուսնանալով:

 

Թուրքական պետությունը շարունակում է հերքել, որ այդ իրադարձությունները ցեղասպանություն են: Չնայած՝ ընդունում է, որ տեղի են ունեցել ոճրագործություններ՝ պնդելով, որ դրանք հայերի ոչնչացման կանխամտածված ծրագրի արդյունք չէին: Նշելով, որ «ցեղասպանություն» բառը հորինվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Թուրքիան նաև պնդում է, որ այդ եզրի կիրառումը ժամանակավրեպ և և իրավաբանորեն չարդարացված է:

 


1948-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումից հետո ի հայտ եկան երկու փաստարկներ. առաջինը և դեռևս ամենակարևորը՝ ցեղասպանության վերաբերյալ իրավական գործիքն է, որն ընդգծում է՝ «ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությունը», և երկրորդը՝ Թուրքիայի՝ հենց այդ «մտադրության» հերքումը:

 

Այս փաստարկները մոլորեցնող և ազնիվ չէն: Չնայած նրան, որ օսմանյան պահոցները շատ վաղուց են մաքրվել առավել ճչացող մեղադրական փաստաթղթերից, պատմաբաններն ի ցույց են դնում երիտթուրքերի՝ Ցեղասպանության կոորդինացմանն առնչվելու փաստը:

 


Հիրավի, հայտնի է, որ Թալեաթ Փաշան, ինչպես նաև օսմանյան բարձրաստիճան այլ պաշտոնյաներ էական դեր են խաղացել տեղահանումների ընթացքում իրականացվող վայրագություններին:  Իհարկե, ճիշտ է, որ թուրքերն ու այլազգիները նույնպես տուժել են Օսմանյան կայսրության վերջին տարիներին միջհամայնքային անկարգությունների պատճառով, սակայն դա չի փոխում այն փաստը, որ մոտ 1.5 մլն օսմանյան հայեր մահացել են երիտթուրքական գործողությունների և քաղաքականության արդյունքում: Ոչ մի բառ այնպես չի բացատրում այդ ոչնչացման ծավալն ու խորությունը, որքան «ցեղասպանությունը»:

 


Ժամանակն է, որպեսզի թուրքական պետությունն ընդունի, որ իր քաղաքացիների մեծ մասն արդեն գիտակցում է, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես ցեղասպանություն է, և որ այն ճանաչում է պահանջում Թուրքիայից ոչ պակաս, քան այլ պետություններից»:

 

Նույն շարքից