Հիշում եմ և պահանջում 

Փոքր երկիր, մեծ ազգ. ինչպես է Ցեղասպանությունն առնչվում ներկայիս Հայաստանին. The Guardian

The Guardian-ի մերձարևելյան տարածաշրջանի պատասխանատու խմբագիր Իեն Բլեքը ներկայացնում է հոդված, որում խոսվում է միջազգային համայնքի՝  մասնավորապես Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Հոդվածը զգալի կրճատումներով  ներկայացնում ենք ստորև.

 


«Սկզբում դրանք նույնիսկ նշմարելի չեն. փոքրիկ մանուշակագույն ծաղիկներ, որոնք խորհրդանշում են մեռյալներին և կորցրած հայրենիքի սուգը: Հետո տեսնում եք պաստառներ, վերնաշապիկներ, մեքենաների կպչուն պիտակներ, նույնիսկ տորթեր… բոլորի վրա նույն անմոռուկ ծաղիկն է, ծաղիկ, որը պետք է խորհրդանշեր ազգային ողբերգությունը:

 


Անմոռուկը 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է: Տարելիցը հանդիսավոր արարողություններով հիշատակվելու է այս ուրբաթ Երևանում և աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ կարողացել է փախչել այս հնամյա ժողովուրդը Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացվող վայրագություններից:

 


Ապրիլի 24-ի տարելիցը հազվագյուտ հնարավորություն է ընձեռում՝ ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրելու տխրահռչակ սպանություններին, որոնք ժամանակին քողարկված են եղել պատերազմական գործողություններով և այժմ համարվում են նացիստական Հոլոքոսթի նախորդող: Հռոմի Պապն ու հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանն անցյալ շաբաթ իրենց տարբեր դրսևորումներով ողջ աշխարհի ուշադրությանն են հրավիրել այս հարցը՝ հիմնականում ի տխրություն թուրքերի, որոնք շարունակում են վիճարկել դեպքերի հայկական տարբերակը:

 


Ուրբաթ օրն իրականացվող հիշատակման արարողությունը տեղի է ունենալու Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրում: Ծիծեռնակաբերդից հարավ թուրքական փակ սահմանն է, որտեղ ամպերի հետևից նշմարվում է ձյունածածկ ու վսեմ Արարատ լեռը:

 


Հիշատակման արարողությանը ներկա են լինելու այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը՝ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 20 պետություններից երկուսի ղեկավարները: Սակայն ներկա չեն լինելու արևմտյան կառավարությունները՝ ներառյալ Բրիտանիան. նրանք Երևան են ուղարկելու իրենց ոչ բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ այդ երկրների հիմնական ներկայացուցիչները նույն օրը մասնակցելու են Թուրքիայում Գալիպոլիի վայրէջքի 100-րդ տարելիցին:

 

 

Հայերը հավատացած են, որ Էրդողանը միտումնավոր և ցինիկ կերպով հատուկ էր ընտրել այդ օրը հայերի արարողությունը ձախողելու համար:

 


Ապրիլի 23-ին Հայ Առաքելական եկեղեցու աթոռանիստ Էջմիածնում տեղի է ունենալու նահատակների հավաքական սրբադասում: «Մենք պետք է ազատենք մեր ժողովրդին չարությունից և ատելությունից: Մենք պետք է ազատենք նաև թուրքերին, մաքրենք նրանց Ցեղասպանության ցավից», – ասել է եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:

 


1965 թվականին՝ կոտորածների 50-րդ տարելիցին, երբ վկաներից և ականատեսներից շատերը դեռ կենդանի էին, Սիրիայի Դեյր-էզ-Զորից Էջմիածին էին բերվել մահացածների ոսկորները՝ վերաթաղվելու նպատակով:

 


Ժամանակակից Հայաստանն իր անկախությունը նվաճել էր 1918 թվականին, սակայն երկու տարի անց գրավվել էր Խորհրդային Միության բանակով և ձեռք բերել իր ազատությունը միայն 1991 թվականին: Առանց մուտքի դեպ ծով և աղքատ պետության կազմում ապրում է 3 մլն մարդ՝ այդ թվում Ցեղապսանության ժառանգներ, իսկ Սփյուռքում ապրում է 7-10 մլն հայ՝ կենտրոնացած Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Այդ պառակտումը հզոր ազդեցություն է ունեցել Երևանի և Անկարայի միջև լարված հարաբերություններին:

 


«Թուրքիան որդեգրել է ակտիվ ժխտողականության քաղաքականություն, իսկ գիտնականներն ասում են, որ ժխտողականությունը ցեղասպանություն կոչվող հանցագործության վերջին փուլն է: Ցեղասպանությունը հիմնված է այլատյացության վրա և միտված է ազդելու այն հերքող պետության ներկայիս քաղաքականության վրա: Թուրքիան հակահայկական քաղաքականություն է վարում»,- ասել է 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

 


Հայաստանի կառավարության քաղաքականությունը տարածքային կամ փոխհատուցման պահանջ չի ներկայացնում: Երևանն ակնկալում է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորում՝ սկսած սահմանից վերաբացումից մինչև հաշտեցման նվաճումը, որը, Երևանը հույս ունի, կհանգեցնի Ցեղասպանության ճանաչմանը, նույնիսկ եթե դա տասնամյակներ պահանջի»:


Նույն շարքից