Bloomberg-ը հրապարակել է լրագրողներ Սելքան Հաջաօղլուի, Սառա Խոջոյանի և Ջեք ՖեյրՈւեդերի հոդվածը՝ Ցեղասպանության փաստը ճանաչող երկրների աճի ու Թուրքիայի վրա ճանաչման ճնշման մասին: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.
«Թուրքիայի կառավարության պես, Աբդուլան չի կարողանում դար առաջ իր նախապապերի իրականացրած գործողությունները «ցեղասպանություն» կոչել:
21-ամյա ուսանողի նախահայրը մեկն էր այն մարդկանցից, որոնք զգալի դեր էին խաղացել Առաջին համաշխարհայինի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանման մեջ, ինչը հանգեցրել էր 1.5 մլն զոհերի: Սպանդի 100-րդ տարելիցը հիշատակվելու է միջազգային մակարդակով:
«Տեղի ունեցածը էթնիկ զտում էր: Ես ամեն դեպքում չեմ կարծում, որ մեծ պապիկս սխալ էր. նա հնազանդվում էր պետության դեմ ըմբոստացած հայերի տեղահանման հրամաններին»,- ասում է Աբդուլան:
Մինչ աշխարհի գերտերությունների ղեկավարներն ուրբաթ օրը ներկա են գտնվելու Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Թուրքիայի հերքումները երկիրը թողնելու են մեկուսացված: Անցյալ շաբաթ Ֆրանցիսկոս Պապն ու Եվրախորհրդարանը կոչ են արել Անկարային ճանաչել Ցեղասպանությունը, իսկ Գերմանիան՝ ԵՄ-ում Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերը, պատրաստվում է ուրբաթ օրն առաջին անգամ գործածել այդ բառեզրը:
101-ամյա Նեկտար Ալաթուզյանը կենդանի մնացած այն քիչ փրկվածներից է: Երբ թուրքերը հրամայել էին նրա գյուղի բնակիչների տեղահանումը, նրա ծնողները միացել էին Մուսա լեռան վրա կռվող հայերի խմբին:
«Մեր տանը շատ զենք կար պաշտպանվելու համար: Հայրս 7 գյուղերի հերոս էր»,- ասում է գրեթե կույր ու խուլ Ալաթուզյանը:
Նրանք կարողացան փախչել , երբ Միջերկրական ծովի ափերին ֆրանսիական մի նավ փրկում էր ապստամբությունից կենդանի մնացածներին: Ալաթուզյանը 5 զավակ ունեցավ, 12 թոռ, 33 ծոռ, 8 կոռ:
«Ցեղասպանության կազմակերպիչները ձախողել էին իրենց ծրագրածը», – ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին Երևանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի ժամանակ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որոնց երկրները այդ կոտորածը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել, ներկա են գտնվելու ապրիլի 24-ին Երևանում տեղի ունենալիք հիշատակման պաշտոնական արարողությանը ավելի քան 60 այլ պատվիրակությունների հետ միասին:
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ավելացրել էր Թուրքիայի անհանգստությունը, երբ այս ամիս իր ռեփեր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ժամանել էր իր նախնիների հայրենիք՝ բարձրացնելով Ցեղասպանության իրազեկությունը գլոբալ հանրությանը:
Մարտ ամսին հոլիվուդյան դերասան Ջորջ մասնակցություն էր ունեցել հայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի՝ Նյու Յորքում մեկնարկած «100 կյանք» նախագծին:
Չնայած 2008 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայոց ցեղասպանության» ճանաչման խոստմանը՝ քիչ հավանական է, որ նախագահ Օբաման կգործածի այդ եզրը 100-րդ տարելիցի իր հայտարարության մեջ՝ նախընտրելով չօտարացնել Թուրքիային: Թուրքիայի Ինջիրլիք քաղաքում է տեղակայված ԱՄՆ օդային ռազմաբազան, բացի այս Թուրքիան Մերձավոր Արևելքում ԱՄՆ հիմնական դաշնակիցն է:
Հիշատակման արարողությանը ներկա գտնվող ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելու է Ֆինանսների նախարար Ջեք Լյուին:
Ցեղապսանության խնդիրը լարվածություն է ստեղծում Հայաստանի և Թուրքիայի միջև. երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ և առերեսվում են փակ սահմանին: Թուրքիան պնդում է, որ տեղի ունեցած ոճրագործությունը պատերազմի հետևանք էր այն բանից հետո, որբ որոշ հայեր միացել էին օսմանցիների դեմ կռվող ռուսական զորքերին:
Գալիպոլիի շուրջ աղմուկը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է 1915 թվականի Գալիպոլիի իրադարձությունները նշելու ամսաթիվն ու համապատասխանեցրել Երևանում տեղի ունենալիք հիշատակման արարողությանը, ինչը հանգեցրել է Հայաստանի հետ միջոցառումներին ներկա գտնվող պատվիրակությունների համար ընթացող «դիվանագիտական պատերազմի»: Բրիտանիայի թագավորական ընտանիքն ու Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը ներկա են գտնվելու Գալիպոլիի միջոցառմանը:
«Թուրքիան երբեք նման մեղք չի ընդունի», – ասել է Էրդողանն անցյալ շաբաթ:
«Մենք հիշում ենք զոհված անմեղ օսմանյան հայերին և ցավակցում նրանց ժառանգներին,- ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի օրը՝ միաժամանակ հայտարարելով, որ «մեկ բառով այն կոչելը բարոյապես և իրավաբանորեն խնդրահարույց է»:
Ցեղասպանության միջազգային ճանաչումն ավելի շատ է ճնշում Թուրքիային՝ «առավել անկեղծորեն առերեսվելու սեփական անցյալին», – ասել է Երևանում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Աբդուլան ասում է, որ նրա բարեկամը հայտնի էր «Ավազակ Ալի» անունով, որը օսմանյան խորհրդարանի անդամ Հալեդ Բեյի հրամանով սպանել էր հայ բարձրաստիճան պաշտոնյայի:
«Հայաստանում մենք կարծում ենք, որ բոլոր թուրքերը գիտեն ճշմարտությունը Ցեղասպանության մասին: Խնդիրն այն է, որ Թուրքիայի ժողովուրդը ոչինչ էլ չգիտի», – ասել է Անակարայում ուսանող Դիանա Յայլոյանը, ում ընտանիքը նույնպես տեղահանության էր ենթարկվել 1915 թվականին:
«Բոլոր կողմերը պետք է բացահայտեն անցյալն ու սովորեն միմյանցից: Հետո արդեն դրան կհետևեն քաղաքական գործիչները», – ասել է Յայլոյանը: