Հիշում եմ և պահանջում 

Առաջին ցեղասպանությունը մեկ դար հետո․ Jewish Week

Ապրիլի 24-ին` հրեական համայնքի կողմից Հոլոքոսթի զոհերի հիշատակի ոգեկոչումից ինը օր հետո, մեկ այլ էթնիկ-կրոնական փոքրամասնություն ոգեկոչում է 20-րդ դարի իր այրող աղետը, գրում է ԱՄՆ-ում հրեական Jewish Week թերթի խմբագրականը: 

 

«Ապրիլի 24-ին ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Բռնաբարությամբ, ծեծով եւ արտաքսմամբ ուղեկցվող զանգածային սպանությունները, որի հետեւանքով առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքական ազգայնական ծայրահեղական կառավարության ձեռքով սպանվել են Թուրքիայի հայկական համայնքի մեկուկես միլիոն անդամներ, որեւէ ակնհայտ հրեական կապ չունեն: Սակայն մինչ օրս Թուրքիայի առաջնորդների կողմից ժխտվող եւ մեծապես անտեսված հայկական հարցի նկատմամբ զգայուն անձանց կողմից «ծպտյալ Հոլոքոսթ» կոչվող Հայոց ցեղասպանությունը Հոլոքոսթի նախորդողն էր: 

 

Անպաշտպան ժողովրդի նկատմամբ աննախադեպ այդ դաժանությունն օրինակ ծառայեց նացիստական Գերմանիայի առաջնորդների համար` մատնացույց անելով աշխարհի` դաժանություններն արագ մոռանալու կարողությունը: «Ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին», ցինիկաբար իր գեներալներին հարցրել է Ադոլֆ Հիտլերը: Նրա այս հարցը փակցված է Վաշինգտոնում տեղակայված Հոլոքոսթի թանգարանի մուտքին:

 

Ցեղասպանության ճանաչումը Իսրայելում եւ հրեական միջազգային համայնքներում տարիներ շարունակ եղել է տարաձայնության հարց: Ճանաչման դեմ պայքարողների համար դա պատմական բացառիկության հարց է, որը պայմանավորված է վախով, որ Հայոց ցեղասպանությունը կարող է նվազեցնել Հոլոքոսթի եզակիությունը: Մյուսների համար դա քաղաքական հարց է. ՆԱՏՕ անդամ եւ մինչ վերջին ժամանակաշրջանը Իսրայելի դաշնակից Թուրքիան հստակ նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը առավել կվատթարացնի դիվանագիտական հարաբերությունները եւ կարող է վտանգի ենթարկել Թուրքիայի փոքրաթիվ հրեական համայնքին: 

 

Հրեական մի շարք առաջատար կազմակերպություններ, որոնք կողմ են Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ամուր կապերի պահպանմանը, անգամ դեմ են հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի հակաիսրայելական եւ հակասեմական հայտարարությունների արդյունքում այս խմբերից մի քանիսը վերանայել են իրենց դիրքորոշումը:

 

Թեեւ թուրքական ղեկավարությունը որեւէ անմիջական կապ չունի 1920-ակա թվականների հայկական կոտորածների հետ, ժամանակակից պետության հիմնադիր հայրերից ոմանք ցեղասպանությունը իրականացրած կուսակցության անդամներ էին:
Թուրքիան, որը ժխտում է ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կամ զոհերի ժառանգերի փոխհատուցումը, մշտապես նշել է, որ առաջին աշխարհամարտի ժամանակ հայ քաղաքացիները մահացել են սովի եւ հիվանդությունների հետեւանքով, եւ առավել քիչ քանակությամբ կան ցեղասպանության ճանաչման ջատագովներ:

 

Տասնամյակներ շարունակ մի շարք հայտնի հրեաներ հանդես են եկել ցեղասպանության ճանաչման կոչով` պատերազմի ժամանակ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուից մինչեւ ԱՄՆ նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելը: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Քնեսեթի անդամ եղած ժաամնակ հայտարարել է. ««Վերջնական լուծումը» ծրագրածների մոտ այնպիսի տպավորություն էր, որ այդ օրն աշխարհը լռություն կպահպանի, ինչպես եղավ հայերի դեպքում: Ինձ համար բարդ է ներել մյուս ազգերին մեր աղետն անտեսելու համար, եւ մենք չենք կարող անտեսել այլ ազգի աղետը»:

 

Հարյուրերորդ տարելիցի նախաշեմին ազդակներ կան, որ հրեական համայնքը ընդունում է ցեղասպանության ճանաչման հարցում դերակատարություն ունենալու իր պարտականությունը: Անցյալ ամիս Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումը հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգով: Նյու Ջերսիի Հրեական միության Հոլոքոսթի խորհուրդը Լիվինգսթոնի Սբ. Մարիամ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցու հետ միասին կազմակերպել էր Հոլոքոսթի եւ Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառում:

 

Այս տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես: Նախկինում այն երբեւէ քվեարկության փուլի չի հասել: Այժմ այս հարցը պահանջում է հրեաների աջակցությունը: Որպես մի համայնքի անդամներ, որոնք ամեն տարի ոգեկոչում են 20-րդ դարում տեղի ունեցած ատելության գործողությունների միլիոնավոր զոհերի հիշատակը, պետք է կոչ անենք Կոնգրեսի անդամներին այս տարի ստորագրել այդ բանաձեւը: Մենք կարող ենք մասնակցել Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին, եւ ընդունել, որ մի ժողովրդի ատելությունը վտանգ է ներկայացնում բոլոր փոքրամասնությունների, ինչպես նաեւ ազատություն եւ մարդկային արժանապատվություն եզրույթի համար»:


Աղբյուրը՝ panarama.am

Նույն շարքից