Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործեր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3:2-10): Ավետարաններում նա նույնացվել է Ս. Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք նրա շավիղները» (Մատթ. 3:3): Ս. Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտելը և Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Ս. Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել:
Հոբը, ով բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում, «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1:1): Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր՝ շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել էր հարստությունից, զավակներից, հիվանդացել` դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում, նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը:
Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության օր