«Խաչվերաց» բառը նշանակում է խաչի բարձրացում: Խաչվերացն ունի Քրիստոսի Եկեղեցու անպարտելիության խորհուրդը, Եկեղեցի, որին «դժոխքի դռները չպիտի հաղթահարեն»: Ուրեմն հիշենք, որ Խաչը քրիստոնյաներիս շնորհված չբթացող զենք է` սրբված Տիրոջ անապական արյամբ, մեր հույսն ու ապավենը: Այս խորհրդով էլ, երբ մենք խաչակնքում ենք, զորանում ենք Քրիստոսով և նրա զորության կարողությամբ, որպեսզի, Աստծու սպառազինությամբ զինվելով, կարողանանք ընդդիմանալ սատանայի հնարքներին, «որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ այս խավարի իշխանությունների, պետությունների, աշխարհակալների և երկնքի տակ եղող չար ոգիների հետ»:
Խաչին ապավինելու աղոթք
Երբ լուսավոր ամպերի վրա
Երևաց Հոր փառքով,
Քո խաչը մեզ ապավեն թող լինի,
Տեր Հիսուս:
Այն ժամանակ մենք`
Քեզ ապավինածներս,
Չենք ամաչի,
Այլ Քո մեծ զորությամբ,
Որպես լույսի որդիներ,
Կբերկրենք Քո աջ կողմում:
Ինչո՞ւ է խաչը քառաթև: Նախ` որ փրկություն է աշխարհի չորս ծագերի համար: Երկրորդ` որովհետև սրբություն է հոգու չորս առաքինությունների համար, վերինը` խոհեմության, ներքինը` արիության, աջը` արդարության, իսկ ձախը` ողջախոհության: Նաև վերին մասը սերն է, ներքինը` խոնարհությունը, աջը` հնազանդությունը, իսկ ձախը` համբերությունը: Երրորդ` մաքրություն է մեղքերից` մարմնի չորս տարրերի համար: Չորրորդ` որովհետև Ս. Եզեկիել մարգարեն տեսավ չորեքկերպյան աթոռը և Մարդու Որդուն նրա վրա, որ նշանակում է Խաչը և Քրիստոս Նրա վրա: Հինգերորդ` որովհետև նրա միջոցով փրկվածները չորս հատկություններով են տարբերվում` երկնավոր և երկրավոր, կենդանության և մահվան: Վեցերորդ` քանզի չորս զգայարանների պահապանն է չորս տարերքներից: Յոթերորդ` նշանակում է մեր ընկնելը դրախտից երկիր, որովհետև աջում էինք, թեքվեցինք դեպի ձախ: Ութերորդ` որովհետև ունի օրենքների չորս կարգը. Նախ` բնականը, որը տրվեց Ադամին, ապա` բանականը` Աբրահամին: Այնուհետև` գրավորը, Մովսեսին, և չորս Ավետարանները, որոնք Խաչի միջոցով տրվեցին: Իններորդ` մարդու երկյուղի նշանակն է տարիքային չորս հասակներում` մանկության, երիտասարդության, հասունության և ծերության: Տասներորդ` Խաչի գլուխն ու պատվանդանը նշանակում են Քրիստոսի Աստվածությունն ու մարդեղության միավորումը, որոնք խաչվել են Նրա մեջ:
Անտոն Մեծ. «Խաչով են կատարվում և նրանով են սրբագործվում բոլոր խորհուրդները: Եթե քեզ հրեշտակ է հանդիպում և ինքն ասում է, որ հրեշտակ է, ասա նրան թող խաչակնքի, քանի որ դևերը չեն կարողանում տանել խաչի նշանը»:
Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի. «Այսուհետև ամոթ մի համարեք Քրիստոսի Խաչը, այլ թեպետև մեկը թաքցնի, դու հայտնապես ճակատիդ դիր խաչի նշանը, որովհետև դևերն այդ նշանը տեսնելով` սարսռում ու դողում են և փախստական դառնում: Բայց դու առ նշանը ամենայն ժամանակ, երբ ուտում ես, խմում ես և բոլոր նպատակներով, թե նստես, թե կանգնես, թե քայլես, թե անկողին մտնես»:
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. «Այսուհետև Խաչը թող լինի առաջին և անսասան հիմնաքարը, և նրա վրա կառուցիր հավատքի մնացած բոլոր վարդապետությունը»:
Ս. Հովհաննես Իմաստասեր. «Խաչը ոչ թե նյութով ունի նշանակություն, այլ իր սրբագործող հոգևոր զորությամբ` ըստ նախատիպի: Պաշտոն և երկրպագություն ենք մատուցում ոչ թե Խաչի նյութին, այլ Աստծո զորությանը, «որն անբաժանելիորեն միաձուլված է Նրա հետ: Քանի որ նյութն աստվածային զորությամբ և օծմամբ ներկա է Իր Խաչի, Իր պատկերի և Իր անվան մեջ»:
Ս. Աթանաս Մեծ. «Խաչը տեսանելիներից անտեսանելի տանող աստիճաններն են, որի միջոցով մարդը զգայականից վեր է ճախրում, և հպվում երկնայինի` Աստվածայինի հետ»:
Խաչը համարվեց նշան մեր հպարտության և չարից, թշնամուց պաշտպանվելու ապավեն: Հայոց եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Եվ ինչպես ընդունված է Հայոց եկեղեցում, տոնի հաջորդ երկուշաբթին ննջեցյալների հիշատակի օրն է: