Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, ընդունելով Հակոբոս Տյառնեղբոր ձեռքից խաչափայտի սուրբ մասունքը, այն Հռոմ է տանում: Որից հետո այդ սուրբ մասունքը, սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցվելով, հասավ սուրբ կույս Հռիփսիմեին, ով Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր: Սուրբ կույսն իր պարանոցից մշտապես կախած էր պահում այդ սուրբ մասունքը, որի վրա թափվել էր Տիրոջ Արյունը: Նա քրիստոնյա ծնողների զավակ էր և կրոնավորում էր Հռոմի Սուրբ Պողոս հռչակավոր վանքի կուսանոցում, որի մայրապետն էր սուրբ Գայանեն, ով շուրջ երեք հարյուր կույսերի դաստիարակում էր Աստծու երկյուղով:
Այդ ժամանակներում էր, երբ Դիոկղետիանոս կայսրը կամեցավ իրեն կնության առնել սուրբ Հռիփսիմեին, բայց նա հրաժարվելով՝ յոթանասուն կույսերի հետ, քահանաներով հանդերձ, փախավ Եգիպտոս, ապա՝ այնտեղից Երուսաղեմ, որտեղ նրանք այցելեցին Քրիստոսի տնօրինական վայրերը և սուրբ Աստվածամոր գերեզմանի վրա աղոթելիս հրաման ստացան գնալ Թադեոս առաքյալի վիճակը:
Հնազանդվելով հրամանին՝ նրանք գնացին Եդեսիա, ուր գտնվում էր Փրկչի պատկերը: Նրանցից շատերը մնացին Եդեսիայում, իսկ մյուսները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Արարատ: Ովքեր մնացին Եդեսիայում, հետագայում սպանվեցին Դիոկղետիանոսի հրամանով:
Սուրբ Գայանեի խումբը, շրջելով Հայաստանի գավառներում, սուրբ մասունքի միջոցով ամենուր մեծամեծ նշաններ էր գործում: Նրանք մաքրում էին ախտացյալ ջրերը, հալածում դևերին, բժշկում հիվանդներին: Սուրբ Գայանեն և իր խումբը մի որոշ ժամանակ հանգրվանեցին Հոգյաց վանքում, ուր գտնվում էր ամենօրհնյալ սուրբ Կույսի պատկերը: Հետո գնացին Վարագա լեռը և հաստատվեցին այնտեղ: Լեռան գագաթին, որը կոչվում է Գալիլիա, ամփոփեցին սուրբ Նշանը, որպես մեծ պարգև՝ թողնելով Հայաստան աշխարհին: Եվ դա իրենց կամքով չարեցին, այլ՝ Աստծու նախախնամությամբ:
Նրանցից ոմանք մնացին լեռնագագաթին՝ սպասավորելու սուրբ Նշանը, իսկ սուրբ Գայանեն և սուրբ Հռիփսիմեն, երեք քահանաներով և քառասուն կույսերով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ գնացին Վաղարշապատ, որտեղ և նահատակվեցին: Իսկ նրանք, ովքեր մնացին Վարագա լեռան վրա, և որոնցից երկուսը քահանաներ էին, քաջալերվելով սուրբ Գրիգորի՝ Վիրապից ելնելուց հետո իրենց կատարած այցելությունից, այդտեղ եկեղեցի հաստատեցին, որը հետագայում տեղի խստաշունչ եղանակի պատճառով անբնակ մնաց:
Հայոց աշխարհում գիտեին, որ Վարագա լեռան վրա է պահված սուրբ Նշանը, բայց մինչև իշխանաց իշխան մեծն Վարդ պատրիկ Ռշտունու և Ներսես Շինող կաթողիկոսի հայրապետության ժամանակները չէին կարողանում գտնել այն: 653 թ. Թոդիկ անունով մի կրոնավոր, իր սրբասեր աշակերտի՝ Հովելի հետ միասին գնում է ճգնելու Վարագա լեռան վրա և հաստատվում այն վայրում, ուր բնակվել էին սուրբ կույսերը: Նրանց իղձն էր գտնել սուրբ մասունքը: Երկար ճգնությունից հետո ավելի է բորբոքվում նրանց սիրտը Քրիստոսի սիրով և սուրբ Նշանի փափագով: Եվ ճգնավորներն էլ ավելի են խստացնում իրենց ճգնությունը և տասներկու օր շարունակվող ծոմապահությամբ հայցում Տիրոջից՝ տեսնել իրենց փափագածը: Եվ մարդասերն Աստված, Ով կատարում է Իր երկյուղածների կամքը, լսում է նրանց և գիշերամիջին, երբ նրանք աղոթում էին, լեռան գագաթից, որտեղ պահված էր սուրբ Նշանը, ահավոր ձայնով նրանց նշան տալիս, ինչից զարմացած նրանք նայում են դեպի լեռան գագաթը և այնտեղ տեսնում պայծառ լույս: Լույսն իր չափով ու ձևով այնպիսին էր, ինչպիսին այդտեղ գտնվող մասունքը:
Ճգնավորները շարունակում են զարմացած նայել լույսին, որն աստիճանաբար պայծառանում էր և լուսավորում ամբողջ լեռը, առավել քան արեգակի լույսը, որով սքանչանալով փառավորում են Աստծուն: Ապա տեսնում են լույսի տասներկու սյուներ, որոնք վեր էին խոյացել երկրից մինչև երկինք: Ամբողջ լեռը լցվում է անուշահոտությամբ ու հրեշտակների օրհնության երգերով:
Մինչ կրոնավորները վայելում էին այդ սքանչելիքը, որը տևեց կեսգիշերից մինչև օրվա վեցերորդ ժամը, սուրբ մասունքն իր մասնատուփով հանդերձ ելնում է վեմից և լույսերի մեջ վեր բարձրանալով ու ցոլարձակելով՝ գալիս ու մտնում է եկեղեցի և վերաբերվում սուրբ Սեղանին՝ լույս ճառագայթելով վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը: Մինչ ճգնավորները զարմանքի մեջ էին, խաչանիշ լույսից նրանց ձայն է հասնում, որն ասում է. ՙՔրիստոս հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար՚: Եվ նրանք առաջ գալով՝ մեծ ահով ու դողով տեսնում են սուրբ Նշանը՝ սուրբ Սեղանի վրա լույսով պարուրված: Ապա այն վերցնելով իրենց ձեռքը՝ արտասվալից համբուրում են ու գոհանում Տիրոջից:
Այդ սքանչելի տեսիլքը ոչ միայն նրանց էր երևում, այլև լեռան շրջակայքում բնակվող բոլոր մարդկանց, ովքեր ակներև տեսնում էին լույսը, որը ծագեց Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթից: Տասներկու օր շարունակ լույսի սյուները շրջապատում են լեռան գագաթը: Ժողովուրդն եպիսկոպոսներով ու քահանաներով հանդերձ բարձրանում է լեռը, որոնց հետ նաև Վարդ իշխանն իր զորքով, և հարցնում ճգնավորներին տեսիլքի ու լուսեղեն սյուների մասին:
Նրանք էլ կարգով պատմում են ամեն ինչ, մեկ առ մեկ, և ցույց տալիս եկեղեցու Սեղանին վերաբերված սուրբ Նշանը, որին ժողովուրդը երկրպագում էր և փառք տալիս Աստծուն: Իսկ անուշահոտության բուրումը դեռ երկար ժամանակ շարունակում էր բազմությանը զմայլել, ովքեր էլ հիացած օրհնում էին ու փառաբանում Աստծուն սուրբ Խաչի երևման համար:
Այս ամենից հետո Ներսես Գ Տայեցի (Շինող) հայրապետը կարգ է սահմանում՝ ամեն տարի այդ օրը տոնել ՙՎարագա սուրբ խաչի տոնը՚ Քրիստոսի և Նրա սուրբ Խաչի փառքի համար: Ապա տասներկու եկեղեցիներ են կառուցում՝ տասներկու լուսեղեն սյուների երևման տեղում, իսկ այն եկեղեցին, ուր եկավ և հանգրվանեց սուրբ Նշանը, ընդարձակելով նորոգում են և տեղում վանք հիմնում:
Սրբազան այդ մասունքը մինչև 1021 թվականը մնում է Վարագա վանքում, ապա Սենեքերիմ Արծրունին մասունքը տեղափոխում է Սեբաստիա: Նրա մահից հետո մասունքը նորից փոխադրում են նախկին վայրը, որտեղից 1651 թվականին այն գերեվարվում է Խոշաբ: Սակայն 1655 թվականին ազատվելով՝ զետեղվում է Վանի Սուրբ Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Սուրբ Նշան, ուր էլ պահվում էր մինչև 1915 թվականը: