Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում վերլուծել է ապրիլյան չորսօրյա պատերազմը։ Գրառումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Ապրիլյան չորսօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տեւական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն բազում աշխարհաքաղաքական, տնտեսական եւ այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք իրենց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ դրանք կարող են իրենց հաղթանակ ապահովել: Միաժամանակ նրանք գիտեին, որ հայկական կողմը եւս բավականին ձեռքբերումներ ունի, սակայն դրանց զգալի մասը դեռեւս ճանապարհին է: Եթե սրան հավելենք, որ ադրբեջանական բանակի ծախսերը շեշտակիորեն կրճատվել էին, ապա կարելի է ենթադրել, որ, ըստ իրավիճակի, ճիշտ ժամանակն է փորձել բլիցկրիգ (արագ պատերազմ) անել:
Ռազմական առումով անհրաժեշտ է ապրիլյան այս պատերազմը մանրամասնորեն վերլուծել, սակայն մի քանի հանգամանք արդեն կարելի է վստահորեն փաստել: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը, վերջին երկու տարվա ընթացքում իր ունեցած բոլոր դիվերսիոն- հետախուզական խմբերը, (կատարվել է առնվազն 150 դիվերսիոն ներթափանցման փորձ) ականային, հրետանային եւ այլ միջոցները գործի դնելով ու ոչնչի չհասնելով, փորձեց լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսել: Ինչպես անվանել այս մարտական գործողությունները: Այն, անշուշտ, լայնամասշտաբ պատերազմ չէ: Ոմանք այն անվանում են «հետախուզություն մարտով», որը որոշակիորեն ճիշտ է: Սակայն դասական իմաստով այդպես չէ: Դեռեւս 1990-ականների երկրորդ կեսից ռազմարվեստում կիրառվում է առկա ուժերով, առանց նոր ուժերի ու միջոցների ներգրավման հիմնական հարված հասցնելու մարտավարությունը: Ադրբեջանը այս անգամ հենց նման հարված հասցրեց. օպերատիվ շարվածքում առկա ուժերով ու միջոցներով փորձեց անակնկալ եւ որոշիչ հարված հասցնել, պլանավորել էր մարտավարական բնագիծը ճեղքելով դուրս գալ օպերատիվ խորություն: Միայն այն հանգամանքը, որ նրանք մարտավարական առաջին գծով չէին բավարարվելու, արդեն նշանակում է, որ սա հետախուզական մարտ չէ: Բացի դրանից` ակնհայտ է մի հետաքրքիր առանձնահատկություն եւս: Ադրբեջանական լրատվամիջոցները մինչեւ կեսօր լռում էին: Կեսօրին միանգամից անցան հարձակողական տեղեկատվական տեղատարափի, ընդ որում, սկզբում անթաքույց հպարտանալով, որ իրենք հարձակվել են եւ գրավել ինչ-որ բնակավայրեր ու բնագծեր: Սա նշանակում է, որ տեղեկատվական գործողությունները եւս նախօրոք պլանավորված են եղել` մարտական գործողություններին համահունչ սցենարով: Ադրբեջանական զորքերի հաջողությունները պետք է ուղեկցվեին համապատասխան տեղեկատվությամբ, սակայն երբ դրանք սկսեցին հաղորդվել ըստ նախնական մշակված պլանի, չէին համընկնում մարտական գործողություններին: Ի դեպ, նույնը արեց նաեւ թուրքական մամուլը, որը եւս հավանաբար տեղյակ էր ծավալվելիք գործողությունների մանրամասներին:
Այդ են վկայում հենց երկու ուղղությունում կենտրոնանալը եւ այդ ուղղությունների համեմատաբար հարթավայրային մասերում տանկային ուժերով հիմնական հարվածները, օրինակ` Սեյսուլանի ուղղությամբ ճեղքման հարվածը տանկերով ու հետեւակով: Հարվածների ուղղությունները ենթադրում են, որ հյուսիսից ու արեւելքից հասցվող հարվածները Արցախի հյուսիում նպատակ ունեին գրավելու Մարտակերտը, Սարսանգի ջրամբարով եւ այլն: Հաջողության դեպքում ադրբեջանական զորքերը համապատասխան զորախմբերով պետք է հարվածներ հասցնեին նաեւ այլ ուղղություններում: Ըստ ադրբեջանական տվյալների` յուրաքանչյուր հատվածում գործի են դրվել են 1-ին էշելոնի մեկական բրիգադի ուժերն ու միջոցները, որոնք ուժեղացված են եղել հատուկ նշանակության ուժերով` ընդհանուր մինչեւ երկու բրիգադ հատուկ դիվերսիոն խմբերով, լեռնահրաձգային ստորաբաժանումներով, տանկային եւ հրետանային այլ ուժերով: Յուրաքանչյուր ուղղությամբ նաեւ կուտակվել էին զգալի տանկային ուժեր:
Քանի որ այս դեպքում հասկանալի է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է նվազեցնելու սեփական ուժերի թվաքանակը, ինչը հիմնավորվում է նաեւ որոշ զինատեսակների կիրառությամբ, որոնք դուրս են կորպուսային ենթակայությունից, ապա հասկանալի եւ ակնհայտ է, որ ուժերը առնվազն եղել են բրիգադներից մեծ: Բրիգադը այդքան ուժերով արդեն կորպուսային ներուժ ուներ: Այդ մասին է փաստում նաեւ հակառակորդի կողմից հրետանային կրակի ինտենսիվությունը: Չորս օրվա ընթացքում ըստ որոշ տեղեկությունների հակառակորդը կիրառել է 120մմ-ից բարձր ավելի քան 30 000 հրետանային արկ, ինչը մեկ միջինից բարձր օպերատիվ ռազմագործողության համար նախատեսված զինամթերքի ծախս է:
Որպես ելակետային հաշվարկ նշենք, որ մեկ հրետանային համակարգի մարտապաշարը հաշվարկվում է 60-80 արկ: Եթե այս հաշվարկով դիտարկենք ու հաշվենք, որ մեկ հրանոթը կարող է կրակել օրական առավելագույնը մեկ մարտապաշար, ապա ստացվում է, որ մարտական ակտիվ չորս օրում յուրաքանչյուր հրանոթի առավելագույն արագությամբ կիրառման դեպքում եղել է մոտավորապես 100 միավոր 120մմ-ից բարձր հրանոթ: Ավելի ցածր ակտիվության դեպքում, ինչը ավելի հավանական է, կիրառվել է ավելի քան 150 հրանոթ:
Ադրբեջանական ԶՈՒ-ն փորձել է դիմել հնարամտության, որը մի քանի անգամ փայլուն է դրսեւորվել ռազմարվեստի պատմության մեջ: Հարվածող խմբավորումների առաջին շարակազմում կիրառվել են միայն հատուկ նշանակության ուժեր, այդ թվում` փորձ` օդային դեսանտ իջեցնել մարտավարական խորքում: Ապրիլի 2-ի առավոտյան խոցված ուղղաթիռը հենց այս փորձի ժամանակ է խոցվել: Այսինքն` այդ խմբերը խնդիր ունեին գրավել առաջին բնագծերը կամ բացվածքներ ապահովել այդ բնագծում եւ միաժամանակ թիկունքից հարված հասցնել գումարտակային խորությանն ու խուճապ առաջացնել: Հիմնական զրահատանկային միջոցները մոբիլ խմբերի հետ գործել են արդեն երկրորդ շարակազմում` փորձելով առաջին խմբերի հետ գործել բարձր ներդաշնակությամբ: Գործելով այս կանոններով եւ ձգտելով քողարկել իրենց հարվածը, որպեսզի ապահովվի անակնկալի գործոնը, ադրբեջանական զորքերը նոր ուժերի ու միջոցների ներգրավումը իրականացրել են ընթացքում` մարտավարական խորությունում ունենալով պահեստային ուժեր: Սակայն քանի որ առաջին դիվերսիոն խմբերի գործողությունները լիարժեք հաջողության չեն հասել, չնայած նրան, որ Թալիշ գյուղում եւ որոշ դիրքերի թիկունքում դիվերսանտներ եղել են, ապա հիմնական հարվածային ուժերը իրենց խնդիրը չեն կարողացել կատարել: Այսինքն` հիմնական հարվածային ուժերի ճանապարհը չի բացվել, ինչպես պլանավորած էր: Այստեղից սկսվել է ադրբեջանական հարվածային խմբավորման պլանների խափանումն ու ներդաշնակության կորուստը:
Միայն այս ուղղությամբ շրջափակման մեջ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր: Իսկ որոշ դիրքեր իրենց վրա հարձակումը հաջողությամբ հետ են մղել կամ հակագրոհներով արագորեն վերականգնել են կորցրածը:
Նույն սցենարը գրեթե կրկնվել է երկու ճակատում՝ Մարտակերտի ուղղությամբ էլ ոչնչացվել է 2 տանկ եւ 2 անօդաչու թռչող սարք: Այսինքն` հայկական ստորաբաժանումներին հանկարծակիի բերել չկարողանալով` հակառակորդը դիմել է ծայրահեղ մեթոդի, այսպես ասած, պլան «Բ»-ի` հրետանային ինտենսիվ կրակով գոնե առաջին դիրքերը վերցնելու մարտավարությանը: Իհարկե, նման ինտենսիվ կրակով մի քանի տեղում հակառակորդին հաջողվել է ճեղքել առաջին բնագիծը, սակայն դրանով էլ տապալել է ամբողջ օպերացիան. քանի որ հիմնական ուժերը ոչ մի նշանակալի հաջողության չհասնելով, անգամ մարտավարական որեւէ խորություն չգրավելով, ստիպված են եղել դիրքային մարտեր վարել: Տեղում փորձելով ճեղքել պաշտպանական բնագիծը, սակայն այդտեղ եւս ձախողվելով, հակառակորդը ներգրավել է նաեւ ծանր հրանետներ, որոնք ի սկզբանե չէին կարող նախատեսված լինել` հաշվի առնելով դրանց դանդաղաշարժությունը: Հակառակորդը, կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում՝ ՄՄ-21 ("Գրադ") տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն Պաշտպանության բանակի դիրքերը, այլեւ խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին ժամը 12:30-ի սահմաններում խոցվել են հակառակորդի մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:
Փաստորեն, ադրբեջանական բանակը հիմնական հարվածային ներուժով տապալել է իր օպերատիվ մակարդակի կայծակնային ռազմագործողությունը, որով պետք է ուժեղացված բրիգադներով ճեղքեր վաշտային պաշտպանությունը եւ դուրս գար մարտավարական խորք: Նույնիսկ երկու մակարդակ բարձր ադրբեջանական ուժերը, փորձելով ամրանալ վաշտային հենակետերի բնագծերում, ենթարկվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի գումարտակային ու գնդային ռեզերվների հակահարձակմանը եւ որոշ տեղերում դրանք կորցրել են: Այն տեղերում, որտեղ ադրբեջանական բանակին հաջողվել է առավելագույնը ջոկի դիրք պահել, դա հնարավոր է եղել միայն կորպուսային ռեզերվների ներգարվմամբ: