Երևանի «Բանանցի» նախկին պաշտպան և Հայաստանի հավաքականի թեկնածու Գագիկ Դաղբաշյանն արդեն մի քանի ամիս է տեղափոխվել է Սլովակիա, որտեղ հանդես է գալիս «Ռուժոմբերոկ» ակումբի կազմում։ Armsport.am–ը զրուցել է 24–ամյա ֆուտբոլիստի հետ, ով պատմեց իր կարիերայի արտասահմանյան 1-ին առաջնությանը հարմարվելու գործընթացի մասին։
- «Ռուժոմբերոկ» տեղափոխվելուց ի վեր պարբերաբար խաղաժամանակ էիք ստանում ստուգողական հանդիպումների ժամանակ, սակայն պաշտոնական երեք խաղերից միայն մեկին եք մասնակցել։ Ինչո՞վ է պայմանավորված, որ մնում եք փոխարինողների նստարանին կամ ամբողջական խաղի չեք մասնակցում։
- Այն պահից, ինչ տեղափոխվել եմ «Ռուժոմբերոկ», ընկերական խաղերում գրեթե միշտ 90 րոպե խաղացել եմ։ Մարզիչն ինձ հետ զրույցում ասաց, որ խաղաժամանակ ստանալու եմ և ինքն ինձ հետ հույսեր է կապում։ Քիչ խաղալուս պատճառներից մեկն այն է, որ իմ դիրքում ներկայում հանդես է գալիս բարձրահասակ պաշտպան, ով քիչ է մասնակցում գրոհներին և թիմին կարող է օգուտ տալ ստադարտների ժամանակ։ Մեր մարզիչը նման քայլի է դիմում, որովհետև այժմ մեր խաղադաշտը լավ վիճակում չի գտնվում, անձրևներն ու ձյունը փչացրել են այն, և մեր թիմը ստիպված խաղում է երկար փոխանցումներով։ Նման պարագայում թիմին պետք են խաղացողներ, ովքեր կարող են հաղթել երկրորդ հարկի պայքարում։ Մարզիչն ասաց, որ սա ժամանակավոր է և հաջորդ տուրում արտագնա խաղ անցկացնելուց ու վերադառնալուց հետո խոտածածկն արդեն փոխված կլինի։
- Այդ մեկ խաղը, որին մասնակցել եք, գործել եք պաշտպանությունո՞ւմ։
- Ոչ, խաղացել եմ կիսապաշտպանի դիրքում։ Այստեղ մրցակցությունը շատ մեծ է։ Ես ամեն ինչ անում եմ, որ խաղաժամանակ ստանամ, իսկ մնացածը կորոշի մարզիչը։
- Ինչքանո՞վ եք հարմարվել «Ռուժոմբերոկին» եւ Սլովակիայի առաջնությանը: Ինչպիսի՞ մարզավիճակում եք գտնվում։
- Թիմին հարմարվել եմ, ամեն ինչ նորմալ է։ Ասեմ, որ Սլովակիայի առաջնությունը շատ բարձրակարգ է։ Այստեղ հիմնականում ֆիզիկական պայքար է ընթանում։ Միայն մի քանի թիմեր են, որ նախընտրում են ցածրից փոխանցումներով խաղալ։
- Առաջին անգամ եք խաղում արտասահմանյան թիմում. նոր քաղաքը, մարզումային նոր ծրագիրը ինչքանո՞վ էր բարդ եւ ինչպե՞ս է ընթացել հարմարվելու գործընթացը:
- Մարզումներին համարվեցի շատ հեշտ, քանի որ ամեն ինչ հասկանալի է։ Արդեն բոլորս գիտենք, թե մարզիչն ինչ է ուզում մեզնից։
- Վերջին շրջանում «Ռուժեմբերոկը» կայունացրել է ելույթները. ինչի՞ շնորհիվ է դա:
- Կայունությունը գալիս է նրանից, որ ամեն ֆուտբոլիստ գիտի, թե իրենից ինչ է պահանջվում, և դա կարգապահորեն անում է։ Այդ ուղղությամբ աշխատում ենք մարզումների ժամանակ։
- Ի սկզբանե ի՞նչ խնդիր է դրված թիմի առջեւ եւ ընթացքում ինչքանո՞վ են փոխվել նպատակները:
- Ի սկզբանե խնդիր էր դրված պահպանել տեղը բարձրագույն խմբում։ Այժմ առաջադրանք կա հնարավորինս բարձր տեղ գրավել։
- Թիմում հիմնականում սլովակ ֆուտբոլիստներ են հանդես գալիս. ինչպե՞ս է ստացվում նրանց հետ համագործակցությունը:
- Թիմում ինձնից բացի միայն մեկ լեգիոներ կա, ով Չեխիայից է, մնացածը տեղացիներ են։ Համագործակցությունը հաջող է ստացվում, որովհետև ֆուտբոլի լեզուն մեկն է։
- Հայաստանի հավաքականը մարտի 29–ին մրցելու է Ալբանիայի հետ, իսկ Ձեր անունը բացակայում է հայտացուցակից. հրավերի սպասո՞ւմ էիք։
- Նախ ցանկանում եմ հաջողություն մաղթել ազգային ընտրանուն այդ շատ կարևոր մրցավեճում։ Հույս ունեմ մերոնք անպայման կհաղթեն։ Իսկ ինչ վերաբերում է իմ չհրավիրվելուն, ապա դա մարզչի որոշումն է։ Ես իմ հերթին ամեն ինչ կանեմ, որպեսզի հրավիրվեմ ազգային հավաքական։
- Ի՞նչ եք կարծում, արտասահմանում հանդես գալը որքանո՞վ կազդի Ձեր՝ հավաքական հրավիրելու վրա։
- Ճիշտն ասած չեմ կարող ասել՝ որքանով կազդի։ Դա ժամանակը ցույց կտա։