Հայաստան 

Ցեղասպանությունը չի կարելի ավարտված համարել, քանի դեռ Թուրքիան ժխտում է կատարվածը. Սերժ Սարգսյան

Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իր ելույթում խոսելով Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին, որը 2006 թվականին ստացավ օրենքի ուժ, Սերժ Սարգսյանն ասել է, որ Ապրիլի 24-ը խորհրդանշական օր է, և պարզ է, որ Ցեղասպանությունը չի սկսվել և չի ավարտվել մեկ օրում: «Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը»,-հայտարարել է Նախագահը:

Իր ելույթում, Նախագահը, մասնավորապես ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Անչափ ուրախ եմ Արգենտինայում գտնվելու և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Եվ, իհարկե, կրկնակի ուրախ եմ, որ աշխարհագրորեն Հայաստանից հեռու այս երկրում այսքան հայաշունչ մթնոլորտ է տիրում:

Հայ համայնքների հետ հանդիպումները օտարերկրյա պետություններ իմ այցելությունների ընթացքում բարի ավանդույթ և օրակարգի կարևոր բաղկացուցիչ են դարձել: Մեր այս հանդիպումը նաև լավ առիթ է վերարժևորելու հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, խորհելու, թե ինչպես կարելի է այդ համագործակցությանը նոր խթան հաղորդել:

Հայ-արգենտինյան հարաբերությունները պատմության բոլոր ժամանակահատվածներում եղել են ջերմ ու բարեկամական: Դրանում, անշուշտ, անգնահատելի է արգենտինահայերի ավանդը: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ դուք դարձել եք այս գեղեցիկ երկրի հասարակության անբաժանելի մասնիկը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով Արգենտինայի զարգացման գործում: Միայն հպարտանալ կարելի է նրանով, որ այսօր արգենտինահայերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ և հասարակության մեջ լայն ճանաչումով:

Թեև աշխարհագրորեն մեզնից հեռու եք, հայրենիքում մենք մշտապես զգացել ենք ձեր ներկայությունը. ինչպես երկրաշարժի, այնպես էլ պատերազմի դժվարին տարիներին դուք զորավիգ եք եղել մեզ, օժանդակել Հայաստանի զարգացմանը: Շեշտեմ սակայն, որ դուք սատարել եք հայրենիքին առաջին հերթին ձեր հայ լինելով՝ գիտելիքով և գաղափարներով բնական կամուրջ կառուցելով ձեզ հարազատ երկու երկրների միջև:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմության անիվը շարունակում է պտտվել և, բարեբախտաբար, ի նպաստ մեզ: Սակայն դա լոկ բարեբախտություն չէ: Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման կետը, որպեսզի ինքնուրույն մասնակից լինի այդ անիվը առաջ մղելու գործին:

Մենք՝ հայերս, այլևս այդ անիվի ընթացքի լոկ ականատեսը չենք, այլ այն առաջ մղող դերակատարներից մեկը: Ինչ հաջողություն էլ որ ունեցել ենք՝ առաջին հերթին հնարավոր է եղել մեր հավաքական ջանքերի և վճռականության շնորհիվ: Որտեղ էլ թերացել ենք՝ թերացել ենք առաջին հերթին հենց մենք:

Պետականության խորհուրդը սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, պատմական պատասխանատվությունը վստահորեն ստանձնելու՝ հայ ժողովրդի անկոտրում կամքն է: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի քաղաքական հասունության ամենակարևոր քննությունն է: Մենք չենք սպասում որևէ մեկի բարեհաճությանը, բայց միաժամանակ պատրաստ ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ լինել իրավահավասար, վստահելի, փոխշահավետ համագործակցություն հետապնդող գործընկեր:

Փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո: Զարգացավ մեր քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Ընդլայնվեց մեր համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում: Իմ պաշտոնական այցը Արգենտինա ևս վկայում է այս հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու փոխադարձ ցանկության մասին:

Երբ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը այցելեց Հայաստան, իր ելույթում հատուկ խոսեց Արգենտինայի կյանքում հայ համայնքի հատուկ դերակատարության մասին, որն ուրախալի և հայի տեսակով հպարտանալու անմոռանալի պահ էր:

Հայ-արգենտինյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Ասածիս վկայությունը Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որը 2006 թվականին ստացավ օրենքի ուժ:

Այս հարցում, իհարկե, չափազանց մեծ է ձեր ավանդը: Ձեր ջանքերի շնորհիվ Արգենտինայում այսօր ստեղծվում է Հայոց ցեղասպանության թանգարան: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, եթե այսպես ասել, այս լավ առիթի համար և, իհարկե, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որևէ ջանք են ներդրել այս կարևոր գործն իրականություն դարձնելու համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Հաջորդ տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը, անշուշտ, խորհրդանշական օր է. բոլորիս էլ պարզ է, որ ցեղասպանությունը չի սկսվել և չի ավարտվել մեկ օրում: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը:

Սակայն վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը: Դրանով իսկ Թուրքիայի ղեկավարները կազատեն իրենց ժողովրդին այն ծանր բեռից, որ ստիպված կրում են արդեն մեկ հարյուրամյակ: Կարծում եմ՝ դրան մեծապես նպաստելու է հենց Թուրքիայում նոր թափ առնող հասարակական գիտակցությունը՝ ի դեմս երիտասարդ և ուսյալ սերնդի, որն այսօր արդեն ներողությունը գերադասում է ամոթալի ուրացումից:

Այո, հազարավոր թուրքեր մերժում են ուրացման պաշտոնական քաղաքականությունը և իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այդ զարգացումներն ակնհայտ են, և դրանք ստիպում են Թուրքիայի իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել:

Թուրքիայի ղեկավարությունն այժմ անգամ խոսում է հայերի և թուրքերի շրջանում «արդար հիշողություն» ստեղծելու անհրաժեշտության մասին: Սակայն իր հաջորդ քայլով իսկ փորձում է ականապատել արդարությունը՝ հավասարության նշան դնելով մեկուկես միլիոն քաղաքացիական անմեղ զոհերի, որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, և Օսմանյան կայսրության հանցագործ ղեկավարների արկածախնդրության պատճառով Առաջին աշխարհամարտում զոհված թուրք զինվորների միջև:

Դա «արդար» հիշողություն չէ: Նման «արդարություն» մենք ընդունել չենք կարող: Իրականում դա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերափաթեթավորված տարբերակն է:

Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Սակայն մեր նախնիների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորություններն ի փառս Հայրենիքի օգտագործելով:

Պետք է յուրաքանչյուրս հպարտ լինի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մենք կանգնած ենք ուղղված մեջքով, բաց ճակատով և անկախ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ: Անգամ մեզ պարտադրված դժվարին շրջափակման և «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակի պայմաններում Հայոց հայրենիքը շարունակում է զարգանալ»:


Նույն շարքից