Հայաստանի Խոսրովի արգելոցում ծրագրվում է GIS-համակարգ տեղադրել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Արարատի մարզի Խոսրովի արգելոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ համակարգը թույլ կտա օնլայն ռեժիմում հետեւել արգելոցների վիճակին` համեմատելով տվյալների բազայի ներկայիս պատկերի հետ:
«Իհարկե, այն թանկ հաճույք է, սակայն մենք մտադիր ենք մեր միջազգային գործընկերներից միջոցներ ներգրավել», - ընդգծեց նախարարը:
Բացի այդ, պետությունը նախատեսում է վերակազմակերպել արգելոցներից մեկի՝ Հայաստանի հյուսուս-արեւմուտքում գտնվող «Արփի լճի» վարձակալության վճարը: «Վարձակալության 30%-ը կփոխանցվի արգելոցին մոտ գյուղեր, նրաց ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով», - հայտարարեց նախարարը:
Արամայիս Գրիգորյանը խոսեց նաև պոչամբարների կրկնակի վերամշակման մասին. «2012թ.-ից գործող հանքերի պոչամբարները կարող են առանձնացվել որպես տեխնածին հանքավայրեր եւ շահագործվել: Նման հետաքրքրվածություն արդեն կա, եւ Սոտքում նման աշխատանքներ արդեն տարվում են», - հավելել է նա:
Նախարարը նաև անդրադարձավ նաև Հայաստանի լեռնահանքային ընկերություններում հայտնաբերված թերություններին. «Նախարարության աշխատակիցներն ու ես եղել ենք հանքավայրերում եւ ծանոթացել բնապահպանաման միջոցառումներին: Մասնավորապես, մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ պոչամբարները ոչ մի կերպ ցանկապատված չեն, եւ անասունների ջրելակետերը արգելափակված չեն: Իհարկե, եթե այդ պոչամբարները գտնվում են ձեռնարկության տարածքում, նման խնդիր չի ծագում, սակայն մնացյալ դեպքերում համապատասխան պատնեշները պարտադիր են», - նշեց նախարարը:
Եւս մեկ խնդիր է հողաբարելավման ֆոնդի վճարումները, որից պետք է ֆինանսավորվեն հանքավայրի փակումից հետո բնական լանդշաֆտի վերականգնման աշխատանքները: «Բոլոր լեռնահանքային ընկերությունները պետք է պատրաստ լինեն ապագայում փակվելու ծրագրերին: Եվ իհարկե, վճարումները պետք է ժամանակին իրականացվեն: Այս եւ այլ խախտումներ 2-3 ամիս անց պետք է վերացվեն», - հավելեց նախարարը:
Հայ-իրանական սահմանի Բարեկամության այգու վերաբերյալ էլ նախարարն ասաց. «Այդ կանաչ տարածքը միջանցք կդառնա հայ-իրանական սահմանով՝ Արաքս գետով կենդանիների բնական միգրացիայի համար», - նշել է նա:
Ըստ Գրիգորյանի` վերջերս բնապահպանական նոր տարածքի գաղափարը նորից քննարկվել է Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսիի հետ:
Նախարարը նաև անդրադարձավ Սևանի լճում ջրի մակարդակի իջեցմանը: Ըստ Արամայիս Գրիգորյանի աշնանը՝ ոռոգման տարեշրջանի ավարտից հետո, նախատեսվում է Սեւանա լճում ջրի մակարդակի իջեցում:
Ջրի նվազեցման պատճառներից մեկը, ըստ նախարարի, չորային տարին է եւ ոռոգման նպատակներով ջրառի ավելացումը:
2013 թ. օգոստոսի համեմատությամբ` լճում ջրի մակարդակը նվազել է 9 սմ-ով: Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին, Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանի հայտարարության համաձայն, Սեւանում ջրի մակարդակը 1900 մ 48 սմ էր:
Բնապահպանության նախարարը հիշեցրել է, որ մինչեւ 2030 թ. Սեւանի ջրի մակարդակը պետք է հասցնել 1903,5 մ-ի: «Ցավոք, չորային տարեշրջանի պատճառով խորհրդարանն ստիպված էր հաստատել օրենքի փոփոխությունները, ըստ որոնց` 2014 թ. Սեւանից առավելագույն ջրառը ավելացվել էր մինչեւ 270 միլիոն խմ-ի», - նշել է նա: Ներկայումս այդ ծավալից արդեն օգտագործվել է մոտավորապես 130 միլիոն խմ-ն: «Սակայն հուսով եմ, որ երբ ոռոգման տարեշրջանն ավարտվի, մենք արագ կհամալրենք, եւ մակարդակի բարձրացումը կշարունակվի: Ընդհանուր առմամբ, մենք արդեն 1 մետրով գերազանցում ենք լճի ջրի մակարդակը բարձրացնելու գրաֆիկը», - վստահեցրել է նախարարը: