Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, ասաց, թե Ռուսաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը պետության ինքնաբավության չափանիշներում: «Նա ավելի շատ արտահանում է, քան՝ ներկրում, հետևաբար, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մեծ վնաս չեն կարող հասցնել այդ պետությանը»,- ասաց սոցիոլոգը՝ նշելով, թե այս ամենի համատեքստում Հայաստանը կարող է մի քիչ ավելի շատ արտահանում իրականացնել:
«Եթե նրանք կարողանան վերականգնել «Նաիրիտի» աշխատանքները, հրաշալի կլինի այդ ոլորտում արտահանման հարցում»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով մասնակցում է նույն ասուլիսին, ասաց, թե Հայաստանի համար ճոխություն կլինի, եթե Ռուսաստանը որոշի այստեղ արդյունաբերություն զարգացնել:
«Այսինքն՝ ձեզ թվում է, թե եթե Հայաստանը արտահանում չիրականացնի դեպի Ռուսաստան, ապա Ռուսաստանը շնչահե՞ղձ կլինի»,- հակադարձելով Ահարոն Ադիբեկյանին՝ ասաց Վարդան Բոստանջյանը:
«Այսօրվա գյուղատնտեսությունը համքարական, ընկերական արտադրություն է, դրանք զարգացնելու համար ոչինչ չկա: Իշխանությունն աշխատում է միայն սահմանադրական փոփոխության վրա, ուրիշ՝ ոչինչ»,- նկատեց տնտեսագետը:
Հարցին, թե այս ամենի համատեքստում որն է Մաքսային միությանն անդամակցելու իմաստը՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Մեր առևտրային հիմնական գործընկերը Եվրոպան է, մենք Ռուսաստանի Դաշնությունից 179 մլն դոլարի թանկարժեք մետաղներ ենք ստանում, և մոտավորապես այդքան էլ արտահանում: Մտնելով Եվրասիական տնտեսական միություն՝ մենք հույս ունենք մեր կիսաարտադրանքը արտահանել, քանի որ մեր արտադրանքը Եվրոպային չի հետաքրքրում՝ նրանց ստանդարտներին չհամապատասխանելու առումով»:
Նույն հարցին պատասխանելով տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասաց, թե բոլոր դեպքերում միությունների ստեղծումը հայտնագործություն չէ: «Հիմա, լավ է, թե՝ վատ, Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն գտնվել է Ռուսաստանի Դաշնության ազդեցության տակ. այդ ազդեցության տակ հայ մարդը կարողացել է ապահովել իր բարեկեցությունը: Ես դեմ չեմ, որ մեր զարգացումն ավելի իմպերատիվ լինի, բայց չէ՞ որ մեր չափանիշները չեն համապատասխանում նրանց»,- հայտարարեց Վարդան Բոստանջյանը: