Ասիական երկրների համար սեպտեմբերի 9-11-ը Ալմաթիում կազմակերպված միջազգային գիտաժողովում ամփոփվել են Հազարամյակների նպատակները, որոնց մեջ մտնում է նաև էկոլոգիական խնդիրների լուծումը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը։
«Այդ առումով առաջատար դիրքերում է Չինաստանը, հետամնաց երկրների թվում է Պակիստանը, իսկ Հայաստանը՝ միջին դիրքերում է»,-ասաց նա և ավելացրեց, որ Հայաստանը բավականին առաջ է նրանով, որ ստեղծել է ՄԱԿ-ի Ռիո +20 գագաթաժողովի որոշումների իրականացմանը նվիրված միջգերատեսչական հանձնաժողով, որին, պետական պաշտոնյաներից բացի, մասնակցում են նաև ՀԿ-ներ և մասնագետներ:
Կարինե Դանիելյանը նշեց, որ հազարամյակի նպատակները վերափոխվել են կայուն զարգացման նպատակների: «Եթե հազարամյակի ութ նպատակից մեկն էր էկոլոգիան, ապա այստեղ տասնյոթ նպատակներից 9-ը էկոլոգիային է վերաբերում»,-ասաց նա:
Բնապահպանը նաև նշեց, որ Հայաստանը գիտական՝ հատկապես այլընտրանքային էներգիայի ոլորտում արձանագրել է առաջընթաց, իսկ թափոնների օգտագործման ոլորտում Հայաստանը հետ է մնում: Ի դեպ, բանախոսը հայտնեց, որ հազվագյուտ դեպքերից է, երբ ինքը մեր պատվիրակության ներկայացվածությունից գոհ է:
«Կա մարդկային զարգացման համաթիվ, որը գնահատում է երկրների առաջադեմ կամ հետադեմ լինել, որի հաշվարկման համար հիմք է հանդիսանում տնտեսական, կյանքի միջին տևողության և կրթական ցենզի չափանիշները»,-տեղեկացրեց Կարինե Դանիելյանը և նշեց, որ խորհրդային տարիներին Հայաստանն այդ ցուցանիշում 193 երկրներից 57-րդ տեղն էր զբաղեցնում, այնուհետև դիրքերն իջել են՝ 104-ի, իսկ հիմա 78 տեղում է:
Բնապահպանն ասաց, որ իրենք առաջարկել են մարդկային զարգացման համաթվի մեջ ներառել նաև էկոլոգիական համաթիվը, քանի որ էկոլոգիական խնդիրները առաջին պլան են մղվել:
Անդրադառնալով ընդերքի օգտագործմանը՝ նա ասաց, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակում է Հայաստանում ընդերքօգտագործման հայեցակարգ և նույնիսկ երկրաբաններն են ահազանգում, որ այսպես չի կարելի շարունակել:
«Եթե համեմատենք գումարները, որոնք գնում են բյուջե՝ գյուղատնտեսությունից և հանքարդյունաբերությունից,անհամեմատելի են՝ ի օգուտ գյուղատնտեսության, իսկ հանքարդյունաբերության այսօրվա տեմպերի զարգացումը գյուղատնտեսության և ընդհանրապես տուրիզմի հիմքը կտրում է»,-ասաց Կարինե Դանիելյանը:
«Շողեր» միության նախագահ Հասմիկ Ասլանյանը նշեց, որ արտադրական թափոնները հսկայական մեծ վնասներ են հասցնում շրջական միջավայրին, և բնակչությունը կամա թե ակամա պետք է լքի այդ տարածքները:
«Իսկ հանքերը պետք է հավասարակշռված ձևով օգտագործել»,-հավելեց նա։