ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունեցող «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց մասնակիցներին և կոչ արեց իր խոսքում որևէ անձնական վիրավորանք չփնտրել, որովհետև այն չկա:
Ըստ նրա՝ Հայաստանը դեռևս փորձում է հասնել նրան, որ ունենանք, ըստ գործող Սահմանադրության, ինքնիշխան, ժողովրդավար հանրապետություն, ինչին դեռ չենք հասել:
Նա նշեց, որ այնպես է ստացվել, որ խորհրդարանական մոդելի կողմնակիցները հիմա դեմ են այս առաջարկություններին, իսկ այն կուսակցությունը, որը սկզբում դեմ էր դրան, հիմա կողմ է արտահայտվում: «Սա ցուցանիշ և ահազանգ է առկա քաղաքական իրավիճակի մասին»,-ասաց նա:
Մասնավորապես, առաջարկվող փոփոխությունները դիտարկելիս, Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց դիտել այսօրվա հասարակության անվստահության խորքը և հարց բարձրացրեց, թե գործող քաղաքական իշխանություններն ունե՞ն լեգիտիմության այն աստիճանը, որ առաջարկեն այդ փոփոխությունները, որոնք կբերեն ավելի լավ վիճակի:
«Հարց է ծագում, թե նշանակովի նախագահի՝ յոթ տարով պաշտոնավարելու դեպքում ուր կհասնենք, և եթե առաջարկվող փաստաթուղթը գոյություն ունենար այսօր, ի՞նչ կփոխվեր քաղաքացու կյանքում: Եթե այսօր մենք Սահմանադրությամբ ունենք իմպերատիվ նորմ, ըստ որի Հայաստանի ինքնիշխանությունն անօտարելի է, ապա, որքան հասկանում եմ, փոփոխությամբ նման հարց կարող է դրվել հանրաքվեի և պատկերացրեք այսօրվա ընտրական մեխանիզմներով մենք կներկայացնենք Հայաստանի ինքնիշխանության սահմանափակության հարցը՝ հանրաքվեով»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրացրած երրորդ խնդիրը՝ ժամանակի ընտրությունն է, քանի որ նա գտնում է, որ անցած ընտրություններից հետո, ինչպիսին էլ այն համարենք՝ հրաշալի, թե տապալված, timeout-ը շատ կարևոր է:
Նա նկատեց, որ հասարակության մեջ այսօր վստահության պակաս կա: «Ես հույս եմ տածում, որ այդ վստահության հիմքերը թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական մակարդակում կկարողանանք ապահովել»,-ասաց նա:
«Ժառանգության» առաջնորդի հաջորդ դիտարկումն այն էր, որ դատական համակարգի անդամը չպետք է ներգրավված լիներ այս գործընթացում: