Հայաստան 

Քառյակն սկսում է արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց

ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տոնավաճառների աշխատողներին խորհրդարանում հայտարարված ընդմիջման ժամին հանդիպելու եկան ոչ իշխանական քառյակի անունից 4 պատգամավորներ՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Վահան Բաբայանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» Արծվիկ Մինասյանը: Ակցիայի մասնակիցները նրանց դիմավորեցին ծափողջյուններով:

Պատգամավոր Միքայել Մելքումյանը հանրության առջև հայտարարեց, որ ոչ իշխանական քառյակի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ հենց այսօր սկսում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցով արտահերթ ռեժիմով լիագումար նիստ անցկացնելու գործընթացը:

«Հիմա 44 ստորագրություն կհավաքենք ու կարճ ժամկետում նիստը կհրավիրենք: Ձեզանից, ձեր վճռականությունից շատ բան է կախված, մենք կատարել ենք ինչ-որ պետք է ու պետք է գործընթացը շարունակենք: Մենք գտնում ենք, որ երկու օրենքներն էլ լինեն շրջանառության մեջ և տնտեսվարողը ինքը ընտրի, թե որ օրենքով առաջնորդվի»,-ասաց նա:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ պարզաբանեց հավաքվածների համար, որ իրենք ներկայումս հարցը կփորձեն մտցնել օրակարգ, բայց կա մի մտավախություն, որ հանրապետական մեծամասնությունը կարող է չմասնակցել նիստին և տապալել արտահերթը:

«Դրա համար հարկավոր է ձեր աջակցությունը, մենք տեղյակ կպահենք ձեզ արտահերթ նիստի ժամի մասին ու այդ ժամանակ պետք է ձեր ճնշումը, մենք կփորձենք վաղը օրվա վերջում նիստ հրավիրել: Ես կարծում եմ, որ պետք է ունենաք նախաձեռնող խումբ, որը մեզ հետ կլինի կապի մեջ:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ իրականում այս խնդիրը քառյակի 12 կետերի բաղկացուցիչ մասն է և վերաբերում է ՓՄՁ արտոնագրային վարկերի հարցին:

«Եթե հաջողվի օրակարգային դարձնել այս հարցը, շատ ավելի լավ, բայց կան երկու-երեք հարցեր այս թեմայի շուրջ, որոնց մասին ևս պետք է խոսել: Այնուամենայնիվ, շրջանառության հարկը անգամ 150 մլն դրամ դարձնելու դեպքում, մենք պետք է առաջարկենք, որ կիրառվի պրոգրեսիվ համակարգ, որպեսզի օրինակ 200 մլն շրջանառություն ունեցողը 150 մլն-ը վճարի շրջանառության հարկի դրույքաչափի չափով, 50-ի նկատմամբ կիրառվի ստանդարտ հարկային ռեժիմ, երկրորդ՝ պետք է լինի նվազագույն շեմի գաղափար, որ թույլ կտա առանց փաստաթղթավորման իրականացնել առևտուրը: Դրանից ածանցող նաև տույժ տուգանքի չափերը, պետք է այնպես չլինի, որ մարդ մի գրիչ թաքցնելու համար տուգանվի այնքան, ինչքան օրինակ մեկ մեքենայի դեպքում»,-ասաց նա: 

Նույն շարքից