Հաշվի առնելով հանրային լայն հնչեղություն ունեցող հարցի կարևորությունը, ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ու ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցումը՝ ՀՀ կառավարությունը ստորև ներկայացնում է հետևյալ պատասխանը.
«Հարգելի պարոնայք.
Ձեր՝ ՀՀ կառավարությանն ուղղված ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը, ի գոհունակություն գործադիր իշխանության, ևս մեկ անգամ վկայում է որ Ազգային ժողովի ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները ուշադիր կերպով հետևում են կառավարության ծրագրի կատարման ընթացքին ու, թեև տարօրինակ ձևաչափով, այնուամենայնիվ ցանկանում են իրենց ակտիվ մասնակցությունը բերել կառավարության կողմից հանրային օրակարգ բերված հարցերի քննարկմանը և լուծմանը:
Մասնավորապես, հայտարարությունում նշված հարցերի.
- մի մասը Կառավարությունն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել է հունիսին,
- մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջինժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ,
Վերոնշյալ հայտարարության մնացած դրութներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակներից, և այլն:
Թեև հանրային քաղաքական օրակարգին գաղափարական հստակ հենք չունեցող բարի ցանկությունների և անիրատեսական ու կատեգորիկ պահանջների անկանոն միահյուսման միջոցով մասնակցության ձևը միշտ էլ նվազ արդյունավետ է քան ընդդիմադիր, սակայն գործընկերային հարաբերություններով հանրությանը հուզող հարցերի մշակմանը ձեռնամուխ լինելը, մենք այնուամենայնիվ ողջունում ենք ԱԺ ընդդիմադիր և նտրանքային խմբակցությունների առավել առարկայական հետաքրքրությունը կառավարության գործունեության կոնկրետ ոլորտների նկատմամբ: Քանի որ նշված փաստաթղթի ծրագրային բաղադրիչի բացակայությունն անիմաստ է դարձնում հայտարարության՝ որպես միասնական քաղաքական փաստաթղթի անդրադառնալը, ստորև ուղղակի շարադրված են հայտարարության կետերի առնչությունները ՀՀ կառավարության ծրագրին և որդեգրած քաղաքականությանը:
1. Հանել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել ժողովրդին, ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 ապրիլի 2-ի որոշումը, նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ և կամավոր կուտակային բաղադրիչը ներդնելու սկզբունքով:
Առաջարկի առաջին մասի հետ կապված հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշման 7-րդ կետով համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը, իրենց իրավասությունների շրջանակներում, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված օրենքների և նորմատիվ իրավական ակտերի կարգավորումները համապատասխանեցնել այդ որոշման պահանջներին:
2014 թվականի հունիսի 21-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-67-Ն օրենքով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ: Դրա հետ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից և ամբողջովին համապատասխանում է Սահմանադրական դատարանի որոշմանը, ավելին, քայլ է արված համակարգն աստիճանաբար ներդրման միջոցով մեղմել տարբեր խավերի մոտ նոր համակարգին անցման խնդիրները:
Ինչ վերաբերում է առաջարկի` կենսաթոշակային կուտակային բաղադրիչը միայն կամավոր սկզբունքով և հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ սահմանելուն, ապա տեղեկացնենք, որ խնդիրը բազմիցս քննարկվել է թե՚ կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթի մշակման փուլում, թե՚ դրանից հետո: Ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, կամավոր սկզբունքով կենսաթոշակային կուտակումների միջոցով հնարավոր չէ ապահովել բնակչության մեծ մասի ընդգրկումը համակարգում, ինչն էլ նշանակում է, որ միայն կամավորության սկզբունքով գործող կուտակային համակարգի դեպքում բնակչության կենսաթոշակային խնդիրը կմնա չլուծված՝ միաժամանակ էապես ավելացնելով բեռը պետական բյուջեի վրա:
Հարկ է նշել, որ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը գործում է 2011թ. հունվարի 1-ից և 2014թ. մայիսի 31-ի դրությամբ ունի ընդամենը 496 մասնակից` 10.9 մլն ակտիվների ընդհանուր ծավալով, ովքեր կազմում են վարձու աշխատողների ընդհանուր թվի մինչև 0.1-ը: Հետևաբար միայն կամավոր սկզբունքով բնակչությանը կուտակային համակարգում ընդգրկման ծածկույթը մեծացնելու համար կպահանջվի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ և հարկային արտոնություններ, որոնք նույնպես ծախս են համարվում պետական բյուջեի համար` չստացված եկամտի տեսքով: Ընդ որում, եթե պարտադիր կուտակային բաղադրիչի դեպքում 2014թ. պետական բյուջեով նախատեսվում է ֆինանսավորել շուրջ 20.6 մլրդ դրամ, ապա կամավոր համակարգին բնակչության մասնակցության խթանման համար մի քանի անգամ ավելի մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու, որոնց արդյունավետությունը ներկայումս դժվար է գնահատել:
Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին 1974թ.-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածների` որպես պարտադիր մասնակից ընտրությանը, ապա այն պայմանավորված է կատարված հաշվարկներով, որոնց համաձայն անհրաժեշտ է նվազագույնը 23 տարի կատարել կուտակային վճարումներ, որպեսզի կենսաթոշակային տարիքում մասնակցի կենսաթոշակը կազմի մասնակցի միջին աշխատավարձի 45-55%-ը, իսկ ավելի բարձր տարիքային շեմ սահմանելու դեպքում մասնակցի միջին աշխատավարձ-սպասվող կենսաթոշակ հարաբերակցությունը կլինի անհամեմատ փոքր, չի ապահովի մասնակցի սպասվող արդարացի կենսաթոշակը և ի չիք կդարձնի կենսաթոշակային բարեփոխումների նպատակը` պատշաճ կենսաթոշակ ապահովել կենսաթոշակառուների համար, ինչպես նաև ապահովելով ուղղակի կապ ստացած աշխատավարձի և կենսաթոշակի չափի միջև:
2. Վերանայել տեսանկարահանող սարքերի ու «կարմիր գծերի» համակարգը, դրանց կատարման ընթացքում պետական և համայնքային բյուջեի տեսակարար կշիռը հասցնել 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%-ը:
Հայտնում ենք, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համաչափության խնդիրը մշտապես գտնվել է կառավարության օրակարգում, և ՀՀ վարչապետի դեռևս 2014 թվականի մարտի 27-ի N 303-Ա որոշման հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, դրանց վերաբերյալ միջազգային փորձը, ինչի արդյունքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 21-ին ՀՕ-78-Ն ՀՀ օրենքը, ինչն էլ բավարար չափով կարգավորել է խնդրո առարկան:
Տեղեկացնում ենք, որ 2013 թվականի հոկտեմբեր ամսից տեսանկարահանող սարքերի համակարգի սպասարկումն իրականացնող կազմակերպության և պետական բյուջեի մուտքերի տոկոսային հարաբերակցությունը 70/30֊ի փոխարեն սահմանվել է 50/50: Ներկայումս քննարկվում է նշված հարաբերակցությունը տրամաբանության շրջանակներում կրկին փոփոխելու հարցը՝ հաշվի առնելով, իհարկե, տվյալ կազմակերպության նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ ներդրումների, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի համակարգի շահագործման և պահպանման ծախսերի չափը:
Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկությսւն ոլորտում կատարվող իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը նվազագույն աշխատավարձի 10%-ը չգերազանցելու վերաբերյալ առաջարկությանը, ապա հայտնում ենք, որ երթևեկության անվտանգության ոլորտում ճանապարհային ոստիկանության կողմից ներկայումս կիրառվող տուգանքների 70%-ի չափը՝ ըստ իրավախախտումների տեսակների պակաս է նվազագույն աշխատավարձի 10%-ից կամ գրեթե հավասար դրան (3000-5000 դրամ): Նշված տուգանքների 20-25%-ի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի 20-35%-ը, և 5%-ի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի 35%-ը: Բարձր տուգանքները նախատեսված են դիտավորությամբ կատարվող իրավախախտումների համար, մասնավորապես, ոչ սթափ վիճակում, վարելու իրավունքից զրկված անձի կողմից կամ առանց հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցը վարելու համար, ինչպես նաև սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը 61 կմ/ժ և ավելի արագությամբ գերազանցելու (օրինակ՝ Երևան քաղաքում 121 կմ/ժ) համար: Նման վտանգավոր խախտումների համար տուգանքների շեշտակի նվազեցումը թե´ ամբողջովին հակասում է առաջավոր միջազգային փորձին, որտեղ, օրինակ, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար տուգանքներն էապես գերազանցում են նվազագույն աշխատավարձը, թե´ բա-ցատրելի չէ ՀՀ-ում նման խախտումների կանխարգելման քաղաքականության տեսակետից: