Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց կառավարության ներկայացրած՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Օրենքի նախագիծն ընդունելու համար պետք է կողմ քվեարկի պատգամավորների կեսից ավելին:
Քվեարկությունից առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով ընդգծեց, որ օրենքի նախագիծը որևէ կերպ չի կարգավորում առկա խնդիրները, ուստի ՀԱԿճ-ը չի մասնակցելու քվեարկությանը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նույնպես նշեց, որ օրենքի նախագիծը չի բավարարում իրենց և տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը նույնպես չի մասնակցելու քվեարկությանը:
Քվեարկությանը չմասնակցեցին նաև ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ԲՀԿ-ն: Քվեարկությունից հետո, երբ պարզ դարձավ, որ օրենքի նախծագիծը չի ընդունվել, դահլիճից հնչեցին ծափահարություններ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ երբեմն հարկավոր է ծափահարությունների համար առիթ տալ:
Մինչ այդ խորհրդարանը մերժել էր նաև կառավարության ներկայացրած՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր կարգավորել անձնական տվյալների մշակման կարգը:
Ներկայացված նախագծով կառավարությունը նախատեսում էր կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:
Ներկայումս հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա: Թեեւ տվյալ կարգավորումը լիովին իրավաչափ է, այնուամենայնիվ, առավել նպատակահարմար կարող է լինել որոշակի դեպքերում հանրային իրավական դրամական պահանջների կատարման համար դատական ընթացակարգի նախատեսումը: Այդպիսի դեպքեր կարող են լինել, երբ, օրինակ, հանրային իրավական դրամական պահանջի կատարման արդյունքում անձը կարող է զրկվել միակ բնակության վայրից, քանի որ նշված դեպքում հանրային իրավական դրամական պահանջների կատարումը կարող է հանգեցնել անձի համար ծանր հետեւանքների:
«Այդ դեպքում անհրաժեշտություն է առաջանում ապահովել անձի իրավունքների պաշտպանության առավելագույն երաշխիքներ, իսկ այդպիսիք կարող են ապահովվել հատկապես դատական կարգով իրականացվող ընթացակարգում: Ուստի, կոնկրետ դեպքերում հանրային իրավական դրամական պահանջների կատարումը դատական կարգով կարող է արդարացված լինել: