Հայաստան 

Սա փորձություն է, որը պարտավոր ենք հաղթահարել. Արմեն Ռուստամյան

analitik.am

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային Ժողովում 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկան ժամանակ Ցանկացած ազգի, ինչու չէ նաև առանձին անձի որակն ի հայտ է գալիս, երբ նա ճիշտ է կարողանում որոշել ինչին հարմարվել, ինչի դեմ կյանքի ու մահու կռիվ մղել:  Իսկ հարմարվելն ու պայքարելն էլ իմաստ է ստանում, երբ կատարվում է ոչ թե ինքնանպատակ, այլ հանուն աստվածատուր քո տեսակի պահպանման:  Խնդիրն էլ հենց ճակատագրական է դառնում նրանով, որ ստիպված ես որոշել, թե ինչպես վարվես, որ քեզ պատահած փորձությունը այնպես անցնես, որ տեսակդ պահպանվի:  Հիմա սա նման մի փորձություն է, որ պարտավոր ենք հաղթահարել  նույն այն համոզումով, որ եթե փորձությունը չի սպանում քեզ, ուժեղացնում է: Բայց դրա համար պետք է մեր իրավիճակը ճիշտ պատկերացնենք ու ներկայացնենք, որ լուծումն էլ լինի միակ ճիշտը:  Իրավիճակի ճշգրիտ նկարագրությունը պահանջում է նշել վճռորոշ նշանակություն ունեցող փաստերը և դրա վրա կառուցել մեր մոտեցումներն ու գնահատականները: Միանգամից ասեմ, որ համաձայն եմ, որ կարելի էր ավելի լավ բանակցել, ավելի ամուր դիրքեր ունենալ մինչ կամ կամի միջև ընտրության ճակատագրական այս պահին հասնելը: Բայց այսօրվա որոշումը պետք է կայացվի ստեղծված իրավիճակում, երբ կանգնած ենք փաստերի ճնշող պարտադրանքի առաջ:  Իսկ հիմնական և անհերքելի երկու գլխավոր փաստերը ակնհայտ են: 


1. Հայաստանը և Ղարաբաղը շրջափակման և պատերազմի մեջ են:


2. Աշխարհը հայտնվել է նոր սառը պատերազմի մեջ, որն ավելի ու ավելի գնալով լավ էլ տաքանում է: Ազդեցության գոտիների վերաձևմանն ուղղված գերտերությունների պայքարը վեր է ածվել ուղղակի առճակատաման և աշխարհաքաղաքական նոր կատակլիզմների հեռանակար է առաջացրել:  Ինչպես վարվել այս պարագայում՝ ահա գլխավոր ճակատագարական խնդիրը: Ինչպես վարվելու համար երկու ասացվածք մեզ կարող է օգնել: Պատերազմում ինչպես պատերազմում, մյուսը՝ Երբ թնդանոթները որոտում են, մուսաները լռում են: Ուստի, բոլոր տեսակի լիրիկական զեղումները ու ուրիշներին դասեր տալը թողնենք մի կողմ և լուրջ գնահատենք ստեղծված վիճակը՝ ելնելով վերը բերված երկու փաստարկից: Ըստ որի՝  առաջին փաստ-իրողությունը պարտավորեցնում է, որ եթե ուզում ենք խաղաղություն, պիտի պատրաստ լինենք պատերազմի: Որպեսզի կարողանանք լուծել նորագույն պատմության այս փուլի գլխավոր խնդիրը, այն է՝ հաջորդ սերնդին փոխանցել 42000 քմ հայկական տարածք:    Երկրորդ իրողությունը պահանջում է, որ եթե չունես անվտանգության ավելի լավ այլընտրանք, ամրապնդի այն, ինչ ունես: Ուրեմն ծանր ու թեթև անելը միայն քանակական իմաստով չի կարող կատարվել՝ էսքան բան ենք ստանում, էնքան՝ կորցնում, դու ասա՝ էդ ստացածը կամ կորցրածդ ինչ նշանակություն ու արժեք ունի:


Թե չէ սա հիշեցնում է այն պատմությունը, երբ հարց են տալիս, թե ինչու պարտվեցիք, ասում է՝ մի հինգ պատճառ կար՝ մեկը, որ փամփուշտ չունեինք, ասում է՝ դե էն մյուսները մի շարունակի:  Ուրեմն, ի±նչ է մեր աշխարհաքաղաքական խաղերը հենց կամուրջի վրա± պիտի բռնեին կամ այսօր է± պահը կտրուկ շրջադարձեր կատարելու կամ էլ  վիրահատական գործողությունների դիմելու: Չե±նք մտածում, որ  վիրահատությունը կարող է լավ ավարտվի, բայց հիվանդը մահանա:  Հատկապես, երբ բացահայտեցինք,  որ դեռևս 94թ. սկսած այս ընթացքը իրավա-պայմանագրային մակարդակով արդեն իսկ որդեգրվել էր: Ինչը մեզ համար հասկանալի է, որ շատերին պիտի գցեր չդադարող ջղաձգումների մեջ: Բայց հանգստացե°ք, փաստը մնում է փաստ: Մենք այն ժամանակ էլ ընդդիմություն ենք եղել, բայց այս ընտրությունը մեզ համար միանշանակ է եղել:  Հետևաբար, սա մեզ համար մշտապես նախ անվտանգության հարց է իր ամբողջական ընկալման մեջ՝ որպես այս աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերը հաղթահարելու անհրաժեշտ պայման, որ կարողանանք պահել այն, ինչ ունենք, իսկ հետագայի համար շահենք ժամանակ, որ կարողանանք  սխալներն ուղղել ու առաջ գնալ: 


Իսկ այսպիսի վտանգի ամենամեծ զգացողությունը հենց մեր ժողովուրդն ունի իր հավաքականության մեջ: Դրա համար պատահական չէ, որ որևէ ընդվզում այս հարցի հետ կապված նա չցուցաբերեց:  Վստահենք մեր ժողովրդի պատմական փորձին ու իմաստնությանը և վարվենք նույն կերպ: 

Նույն շարքից