Հայաստան 

Հայոց ցեղասպանությունը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել բարոյազրկումը անվտանգության միջազգային համակարգի բացակայության դեպքում. Է. Նալբանդյան

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել բարոյազրկումը` մարդու իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային համակարգի բացակայության պայմաններում: 

 

Այս հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին։

 

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից և տեղեկացնում, որ նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում մասնավորապես ասել է. 

«Պարոն Նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերին և նրա թիմին` ողջ տարվա ընթացքում Կազմակերպության գործունեության մեջ ներդրած ջանքերի համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` հյուրընկալության և նախարարական խորհրդի լավ կազմակերպման համար:

Առաջին աշխարհամարտի մեկնարկի հարյուրամյակի և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի նախօրեի համատեքստում արժանի է հիշատակման, որ այս Կազմակերպության հիմքում ընկած սկզբունքերը ընդունվել են ավերիչ ողբերգությունների, արհավիրքների, միլիոնավոր զոհերի և գրեթե ողջ մայրցամաքի ավերածության ցավալի դասերի և դառը փորձի արդյունքում:

Առաջին աշխարհամարտի քողի ներքո Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի հարյուրերորդ տարելիցն է նշվելու հաջորդ տարի: Դա վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել բարոյազրկումը` մարդու իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային համակարգի բացակայության պայմաններում: 

20-րդ դարի ողբերգական պատմության ուղղակի հետևանք էր պատերազմներից, բաժանարար գծերից, փակ սահմաններից և ազդեցության գոտիներից զերծ նոր համընդհանուր անվտանգության միջավայր ստեղծելու ձգտումը, որտեղ լիարժեքորեն հարգվում են անհատի արժանապատվությունն ու հիմնարար ազատությունները:

Այդ գաղափարները հետագայում ամրագրվեցին ՄԱԿ-ի կանոնադրությունում, Հելսինկյան եզրափակիչ ակտում և միջազգային իրավունքի հիմնական փաստաթղթերում` հնարավորություն ընձեռելով ժողովուրդներին զարգացնելու և պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատորեն տնօրինելու իրենց սեփական ապագան: Այս իրավունքների իրականացումը հանգեցրեց արդի բազմաթիվ պետությունների առաջացմանը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:

Այս գիտակցությամբ է պայմանավորված այլ մասնակից պետությունների հետ մեկտեղ Հայաստանի գործուն ներգրավվածությունը` Հելսինկի +40 գործընթացին: Համոզված ենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակին ընդառաջ մեր հավատարմության վերահաստատումը նրա սկզբունքներին նոր լիցք  կհաղորդի ԵԱՀԿ-ին և նրա գործադրած ջանքերին:

Նույն շարքից