Համաշխարհային հայկական Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը այսօր՝ կոնգրեսի գլխավոր խորհրդի նիստի ժամանակ, հայտարարեց, որ Եվրոպական հրեական խորհրդարանի ներկայացուցիչների հետ երկօրյա աշխատանքում արդեն նկատելի է զգալի առաջընթաց:
«Եթե առաջին օրը մենք ավելի զգուշավոր էինք, այսօր արդեն բարեկամացել ենք, կարճ ժամանակ կարողացանք վստահություն և բարեկամություն ձեռք բերել»,-ասաց նա, և նշեց, թե սա համատեղ լուրջ աշխատանք սկսելու լավ նախադրյալ է:
Արա Աբրահամյանը կրկնեց, թե Հայոց ցեղասպանության հարցը ճանաչելը ոչ միայն հայերի, այլ աշխարհի մարդկության համար կարևոր է: «Մեզ համար Ցեղասպանության դատապարտումը անվտանգության հարց է, որ Թուրքիան ասի, այո՛, եղել է և դրանով հայերը կունենան անվտանգության երաշխիք, որ հետագայում դրա կրկնությունը բացառվում է»,- ասաց նա և նշեց, որ երկօրյա աշխատանքները ցույց են տվել, որ հրեա գործընկերները նույնպես պատասխանատվություն են զգում, որ պետք է օգնեն, աջակցեն, որպեսզի աշխարհում որևէ ժողովրդի նկատմամբ չլինի ցեղասպանություն:
Արա Աբրահամյանը նշեց, որ հյուրերը ոչ թե Իսրայելից են, այլ Եվրոպայի տարբեր երկրներ ներկայացնող հրեաներ են, բայց ցանկություն հայտնեց աշխատանքները շարունակելու համար հանդիպել նաև Իսրայելում:
Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահ Վադիմ Ռաբինովիչը նկատեց, թե երկու ժողովուրդների ճակատագրերը զարմանալիորեն նման են իրար, չնայած որ այն տարբերությամբ, որ հայերը դարերի ընթացքում, թեև ոչ անկախ, բայց պահպանել են իրենց պետությունը, ի տարբերություն հրեաների, որոնք միայն այսօր պետություն ունեն:
Վադիմ Ռաբինովիչը նշեց, որ հասկանում է հարցադրումները, թե ինչու այսքանից հետո Իսրայելը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, սակայն շեշտեց, որ նրանց Իսրայելը չեն ներկայացնում, իսկ պետությունն ունի իր քաղաքական պատճառները։
Ըստ նրա՝ ինքը հարցը կարող է բաժանել երկու մասին՝ անձնական և քաղաքական պատճառներ, սակայն մի բան ակնհայտ է՝ բոլոր ազգերի նկատամամբ ոտնձգությունը հանցագործություն է:
«Բոլորս ենք հասկանում, որ բոլորն իրենց ցավն են զգում և ոչ միայն խնդիրը նրանում է, որ ուրիշի ցավը չեն ընդունում, այլ ուղղակի չենք զգում այնպես, ինչպես մերն է, ինչպես հայերը չեն զգում Հոլոքոստի ողջ դաժանությունը և հրեաները հայերի Ցեղասպանությունը»,-ասաց Վադիմ Ռաբինովիչը:
Հարցին, թե ինչու հրեաները չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, նա նկատեց, թե ինքը Արա աբրահամյանի հետ խոսել է այդ հարցի շուրջ և իքն էլ իր հերթին հարցրել, իսկ ինչո՞ւ է հայերը միշտ Իսրայելի դեմ են քվեարկում, ինչին ի պատասխան լսել է, որ «մենք հո պետություն չենք»:
«Եթե մենք ուզում ենք անկեղծ լինել, պետք է փոխհամագործակցությունը երկկողմ լինի, միակողմանի ոչինչ չի լինում, պետք է նախ լինել անկեղծ, մի փոքր էլ խորամանկ»,- ասաց նա։
Վադիմ Ռաբինովիչը առաջարկություններով հանդես եկավ, որ Փարիզում պայմանավորված հանդիպումից հետո հարկավոր է նախաձեռնել ավելի մեծ համաժողով Բրյուսելում, որին կմասնակցեն ոչ միայն հրեա և հայ սփյուռքի, այլ նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ, և օրակարգում ոչ թե պետք է լինեն բացառապես Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը, այլ ուղղակի պայքարը բոլոր տեսակի ցեղասպանությունների դեմ:
Այնուհետև ըստ նրա անհրաժեշտ էր կազմակերպությունների անունից ավելի ներկայացուցչական հանդիպում կազմակերպել, որին կմասնակցեն Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչներ:
Ըստ նրա, նման համագործակցությունը, իհարկե, կատարյալ չէ, բայց ըստ նրա՝ քաղաքականությունն էլ հստակ չէ և պետք է աստիճանաբար հասնել արդյունքի: Նա շեշտեց, թե հայ և հրեա բարեկամությունը ոչ թե ինչ-որ մեկի դեմ է, այլ հանուն ինչ-որ բանի:
Կինոմատոգրաֆ Ռուբեն Գևորգյանը հայ և հրեա կազմակերպությունների այս նախաձեռնությունը պատմական համարեց, որը, ըստ նրա, կտա «կարևոր պտուղներ»: