Երկար մտածելուց հետո վերջապես գտանք, թե ովքեր են մեղավոր մեր թշվառության համար: Մեր բոլորի փոխարեն մտածեց և գտավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, և երեկ՝ տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովում, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետը, ՄԻՊ-ը «լուսավորեց» մեր մթագնած ուղեղները` տալով համայն հայությանն հուզող ամենակարևոր հարցի պատասխանը: Պարզվում է` մեր աղքատության մեջ մեղավոր են ոչ թե իշխանությունները, որոնց առավոտից երեկո քարկոծում ենք, այլ Թուրքիան և Ադրբեջանը: Իր խոսքում Կ. Անդրեասյանը մասնավորապես ասել է. «Հայաստանում այսօր բոլորը խոսում են իրենց սոցիալական վիճակի, փոխարժեքի փոփոխության, աղքատության խնդիրների մասի: Որպեսզի այդ բոլոր խնդիրների ակունքը տեսնենք, ապա պետք է նախ խոսենք տնտեսական իրավունքների մասին…»: Ապա խոսելով «տնտեսական իրավունքների» մասին՝ նա ընդգծել է. «Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն խախտում են իրենց երկրներում մարդկանց իրավունքները, օրինակ` Ադրբեջանում այլախոհներին բանտերում պահելով, խոսքի ազատությունը ոտնահարելով և այլն, այլև՝ Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական շրջափակման ճանապարհով՝ այսօր էական բացասական ազդեցություն են ունենում բոլորիս իրավունքների պաշտպանության վրա»:
Որքանո՞վ է իրավացի ՄԻՊ-ը, արդյոք կարելի է ողջ մեղքը բարդել այս երկրների վրա` անտեսելով մեր սխալներն ու բացթողումները:
Analitik.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը համաձայնեց, որ Հայաստանի տնտեսության համար էական ազդեցություն են ունեցել մեր երկու հարևան երկրներները` տասնամյակներ շարունակ շրջափակման մեջ պահելով Հայաստանը. «Հայաստանի քաղաքացին տնտեսական ահռելի վնասներ է կրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով` ամեն կերպ մեկուսացնելով տնտեսական տարբեր ծրագրեր: Թուրքիան ունեցել է տարբեր նախագահներ, վարչապետներ, ովքեր բացահայտ հայտարարել են, որ Հայաստանը պահում են տնտեսական շրջափակման մեջ, որպեսզի մենք ստիպված քաղաքական զիջումների գնանք, ինչը պետական մակարդակով ճնշում է մարդու իրավունքները` ոտնահարելով այն»-ասաց թուրքագետը: Վերջինիս խոսքով՝ Հայաստանի տնտեսական ճանապարհը Վրաստանից է գալիս և սահմանները բաց լինելու դեպքում՝ մենք ավելի մեծ ներդրումներ կունենայինք: Եվ քանի որ մեր ապրանքները ներկրվում են Թուրքիայից, ուստի՝ դրանք թանկանում են, որից էլ, բնականաբար, տուժում է նաև Հայաստանն ու ՀՀ քաղաքացին:
Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի՝ թեև Հայաստանի տնտեսական վիճակը որոշ չափով կապված է այդ երկրների հետ, քանի որ եղել է շրջափակման խնդիր և այլն՝ սոցիալական ներկայիս աղետալի վիճակը պետք չէ կապել Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումների հետ` մեղքը բարդելով նրանց վրա:
Կարեն Անդրեասյանն իր ելույթում անդրադարձել է նաև Սփյուռքին, որն իր ձևակերպմամբ` «Հայաստանի հետ ինտենսիվ կապ չունի». «Օտարերկրացիներն ու Հայաստանի հետ ինտենսիվ կապ չունեցող Սփյուռքն էլ մնում է ժամանակավրեպ ու առասպելական պատկերացումների մեջ: Սա նվազեցնում է ներդրումները, խոչընդոտում տնտեսական զարգացմանը և խորացնում աղքատությունը»,-ասել էր նա:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը անդրադառնալով ՄԻՊ-ի այս հայտարարությանը՝ կարծիք հայտնեց, որ նման տերմիններ օգտագործողներն ու նման մոտեցում ցուցաբերողները խոսում են անճարակությունից, և չկարողանալով լուծել սեփական պրոբլեմները, այն գցում են ուրիշների վրա: «Այդ հայտարարությունն անողը եթե տնտեսագետ չէ, ինչպե՞ս գիտի այդքան բան»,-տարակուսեց պարոն Խաչատրյանը: Նրա ձևակերպմաբ՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում են ներդրումները նվազում: Ինչ վերաբերվում է սփյուռքի ներդրումներին, զրուցակցիս համոզմամբ, դրանց նվազումը ոչ թե պետք է գցել սփյուռքի վրա, այլ՝ Հայաստանում այդ ներդրումները կարգավորող կազմակերպությունների. «Սփյուռքը լավ իմանալով, թե ինչ է կատարվում այստեղ, չի ուզում ներդրումներ անել: Նա բոլորից լավ գիտի՝ ինչ է կատարվում այստեղ: Նա արդեն «քցվել է» և չի ուզում, որ դա կրկնվի: Նա լավ գիտի իր` Հայաստանին ուղղված ներդրումներն ինչ են լինում և իր կողմից նման պասիվությունը բնական է»,-եզրափակեց տնտեսագետը:
Հ.Գ. Ենթադրենք, Հայաստանի աղքատության, տնտեսական խնդիրների մեղավորը մեր երկու հարևան երկրներն են, բայց ինչպե՞ս է լինում, որ աղքատ երկրում օր օրի հարստանում են չինովնիկները, առանձնատներ ու շքեղ մեքենաներ գնում: Այստե՞ղ էլ են թուրքերը մեղավոր: Հարցեր, որոնք թեև պարզ են, բայց չպարզաբանված…
Հասմիկ Մովսիսյան