Երեկ Գյումրին ալեկոծված էր. Հայաստանի երկրորդ քաղաքը, բառիս բուն իմաստով, անտերության էր մատնված, ոստիկանները ճարահատյալ բախվում էին ժողովրդի հետ, ժողովուրդը ցասման մեջ էր: Բախման արդյունքում կան վիրավորներ: Ինչո՞ւ Գյումրի չէին ժամանել երկրի բարձրաստիճան այրերը՝ պաշտպանության նախարարը, վարչապետը, փոխվարչապետը, ոստիկանապետը, ինչո՞ւ բախման վայրում չէր Ազգային ժողովի նախագահը: Երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ պետությունն այս օրհասական պահին անտերության է մատնված: Մի՞ թե հասկանալի չէ, որ Շիրակի թեմի առաջնորդի խոսքը բավարար չէ այս ծանր վիճակում: Մի՞ թե հասկանալի չէ, որ ճիշտ կլիներ, որպեսզի այնտեղ գար նաև Վեհափառը, ինչպես նմանատիպ ծանր իրավիճակներում վարվում էր Վազգեն Ա Վեհափառը:
Հարցականի տակ են դրված հայ-ռուսական հարաբերությունները, հարցականի տակ է դրված պետության ամբողջ համակարգը: Յուրաքանչյուր սխալ հղի է անդառնալի հետևանքներով և ողբերգությամբ: Ինչո՞ւ նպատակահարմար չեք գտնում անձամբ ժամանել թեժ կետ և հանգստացնել ալեկոծված ժողովրդին, կամ թեկուզ հեռուստատեսային ուղերձով դիմել նրան: Մի՞ թե չեք գիտակցում, որ Թուրքիան և Ադրբեջանը շունչները պահած, մեծ ակնկալիքներով սպասում են, որ միանգամից կարող են այնպիսի դիվիդենդներ քաղել այս թոհուբոհից, որպիսիք նրանք չէին կարող ստանալ անգամ երկարատև մարտական գործողությունների արդյունքում: Մի՞ թե չեք գիտակցում, որ կրիտիկական պահերին իրվիճակը վերահսկել պետք է փորձեն ոչ թե առանձին պատգամավորներ՝ ի դեմս Մարտուն Գրիգորյանի, այլ երկրի բարձրաստիճան այրերը:
Խաղադրույքները գնալով աճում են: Գոնե այցելեք ռուսական կայքեր և տեսեք, թե ինչպիսի մեկնաբանություններ են սկսել գրել Ռուսաստանի շարքային քաղաքացիները: Չէ՞ որ նման իրադարձություններ, ինչը չի բացառվում, կարող են սկսվել նաև Ռուսաստանում: Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ հարցը այն աստիճանի սրվի, որ մեր ազգը կանգնի երկընտրանքի առջև: Մի՞ թե չեք գիտակցում, որ ամեն մի րոպեի հապաղում կարող է նորանոր վիրավորների կամ, Աստված մի արասցե, զոհերի պատճառ դառնալ: Մի՞ թե ավելի հեշտ չէ հենց հիմա կանխել իրադարձությունների անցանկալի զարգացումները: Չէ՞ որ այդ նույն գյումրեցիների թվում կա մի զանգված, որոնց շնորհիվ դուք այսօր պաշտոններ եք զբաղեցնում, քանի որ իրենք ընտրությունների ժամանակ քվեարկել են հենց ձեր օգտին: Գոնե այդ տեսանկյունից փորձեք մտածել:
Հ. Գ. Այս ամենը վառ ապացույցն է այն բանի, որ երկիրն անտերության է մատնված: Ոչ մի պաշտոնական ցավակցական ուղերձ չհնչեց ո´չ կառավարությունից (մեկ րոպե լռությամբ հարց չի լուծվում), ո´չ էլ իշխանության տարբեր մակարդակներից:
Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, այս ի՞նչ վիճակում ես հայտնվել…
Կարդացեք Հարթակ օրաթերթի այսօրվա համարում