Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան իրեն իրավունք չի վերապահում մեկնաբանել ինչպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները։
Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դեսպանը՝ «Քաղաքական զարգացումները Ուկրաինայում և հայ-ուկրաինական հարաբերությունները» թեմայով ասուլիսին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ կարծիքի է, որ Թուրքիայի նախագահը մի շարք պետությունների ղեկավարների հրավիրել է ներկա լինել Գալիպոլիի ճակատամարտի հոբելյանական միջոցառումներին:
«Դուք գիտեք, սկզբից Սերժ Սարգսյանը հրավիրեց Էրդողանին….Նա այդ մասին արտահայտվել է, Սերժ Սարգսյանը՝ նույնպես…Կարծում եմ, որպես Ուկրաինայի դեսպանի իմ կողմից անտեղի կլիներ մեկնաբանել թե՛ մի և թե՛ մյուս նախագահի հայտարարությունը»,-ասաց Իվան Կուխտան:
Ի պատասխան էլ հարցի առաջին մասին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պետական միջոցառումներին ներկա լինելու նպատակով մի շարք երկրների ղեկավարներ հրավիրել են Հայաստան, հետևաբար, ի՞նչ մակարդակով է ներկայացված լինելու Ուկրաինան Ծիծեռնակաբերդում, դեսպանը ասաց, որ իրենք դեռ հրավեր չեն ստացել, ապա ավելացրեց, որ համենայն դեպս, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խողովակներով:
Նա հավելեց, որ 1915 շատ ողբերգական տարեթիվ է Հայաստանի համար և նկատեց, որ նման տարեթիվ ունի նաև Ուկրաինան՝1932-1933 թթ. «Գոլոդոմորը»՝ կատարված խորհրդային տարիներին:
Դեսպանն անդրադարձ կատարեց հատկապես վերջին քաղաքական զարգացումներին Ուկրաինայում՝ Դոնեցկի, Լուգանսկի մարզերում, Վոլնովախայի մերձակայքում և Մարիուպոլում կատարված ողբերգական իրադարձություններին:
«Դա մեծ ողբերգություն է, խաղաղ բնակիչները, որևէ առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ»,- նշեց դեսպանը՝ նշելով, որ զգացված են, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը բացված է եղել ցավակցությունների մատյան, և Հայաստանում հավատարմագրված դեսպանները, շարքային քաղաքացիները, ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ իրենց ցավակցությունն են հայտնել Վոլնովախայի մոտ և Մարիուպոլում կատարված դեպքերի առնչությամբ:
Հարցին, թե կա՞ դեռ խաղաղության հնարավորություն՝ հունվարի 31-ին Մինսկից հետո, որը տապալվեց: Դեսպանը նշեց, որ դա կախված է մեկ կողմից՝ ռուսական, որին համարում է հակամարտությանը մասնակցող երեք կողմերի մեկը՝ Ուկրաինայի և Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում պայքարող ռուսամետ անջատողականների հետ միասին: Նա հավելեց, որ ռուս գրոհայինները նոր պահանջներ են ներկայացնում:
Ըստ ուկրաինացի դիվանագետի՝ Լուգանսկի և Դոնեցկի իր խոսքով՝ ահաբեկիչների նոր պահանջների թվում են՝ կրակի միակողմանի դադարեցումը, չնայած իրենք էլ խախտում են այն:
Այն, որ Ռուսաստանը կոնֆլիկտի կողմ է, ուկրաինացի դիվանագետը փորձեց հիմնավորել իր այն հայտարարությամբ, որ գրոհայիններն ապահովված են ընդհուպ մինչև ինքնաթիռներ շարքից հանող գերժամանակակից զենքերով ու զինամթերքով, որոնք մատակարարվում են Ռուսաստանից:
«Որտեղի՞ց աշխարհազորայինների մոտ «Գրադ», տանկեր…. եթե սուպերմարկետներում չեն վաճառվում նման զենքեր, ապա ինչպե՞ս կարող են գնվել դրան և ի՞նչ փողերով»,- հարցրեց դեսպան Կուխտան:
Որքան երկար կարող է հակամարտությունը տևել:Այս հարցին ի պատասխան դեսպան Կուխտան ասաց.«Կարող են դադարեցվել միայն այն դեպքում, երբ կողմերից մեկը՝ Լուգանսկի և Դոնեցկի գրոհայինները կկատերան Մինսկի պայմանավորվախութունը, ինչին կոչ է անում ողջ միջազգային հանրությունը»:
Նա հավելեց, որ այդ տարածքներում հումանիտար իրավիճակը բարդ է և եթե մի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում, այդտեղ նորմալ կենսակերպը խախտվում է:
«Ուկրաինայի կողմից ամեն ինչ արվում է այդ շրջանների կենսագործունեությունը պահպանելու համար նպաստների, թոշակների, ջերմության, հոսանքի տեսքով, բայց այն տարածքները, որոնք գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ, սոցիալական վճարերը չեն կարող իրականանալ, քանի որ բանկեր չեն գործում և այդ տարածք մտնող գումարները չեն կարող վերահսկվել»,- հայտարարեց նա։