Հայաստան 

ԱլԳ երկրների համար տարբերակված մոտեցում կցուցաբերվի. Յոհաննես Հան

Անդամ երկրների հետ հարաբերությունների հարցում ԵՄ հիմնական բանաձևը հետևյալն է՝ այն երկրները, որոնք ընտրել են Եվրամիության հետ ասոցացման ճանապարհը, նրանց հետ կլինի հարաբերությունների լայն մոդել, իսկ երկրները, որոնք չեն կարողացել այս ճանապարհը բռնել, նրանց հետո համագործակցությունը կնեղացվի և կկենտրոնացվի ամենաէական ոլորտների վրա՝ միգրացիա, անվտանգություն, պետական կառավարում. այս մասին այսօր Երևանում շարունակվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանի շրջանակում ընթացող քննարկմանը հայտարարեց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:



Նա նշեց, որ ԵՄ-ն պետք է ճկուն գտնվի, հարմարվի փոփոխվող հանգամանքներին, հաշվի առնի ճգնաժամերը, որ առաջանում են անդամ երկրներում:



Ըստ Յոհաննես Հանի՝ հետագա երկկողմ համագործակցությունը մշակվելու և իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի «այլ միջազգային պարտավորությունները»։ ԵՄ-ն աջակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ ուղղություններով:



«Ավելին՝ կշարունակենք աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղհասարակությանը»,-ասաց նա և հավելեց, որ առաջիկա երեք-չորս ամիսների աշխատանքներից հետո կլինեն ԵՄ-Հայաստան համապարփակ և ծավալուն հարաբերություններ:

 

 

«Նախ, տարբերակված մոտեցման մասին. մենք պետք է ընդունենք, որ մեր գործընկերները տարբեր են ոչ միայն աշխարհագրությամբ. Վրաստանն ու Մոլդովան, օրինակ, առավել սերտ ինտեգրման ճանապարհն են ընտրել»,-ասաց ԵՄ հարևանության ընդլայնման հարցերով պաշտոնյան՝ կոչ անելով Վրաստանին կյանքի կոչել Ասոցացման համաձայնագիրը մասնակցային ոգով, իսկ Մոլդովային՝ էլ ավելի արագ իրականացնել բարեփոխումները:



Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ ԵՄ ընդլայնման հարցերով պաշտոնյան, արձանագրելով, որ Ադրբեջանի պատվիրակությունը Երևանում չէ, նկատեց, որ ԵՄ-Ադրբեջան երկկողմ համաձայնագիրը շահեկան կլինի երկու կողմերի համար և որ «Հարավային Կովկասի գազատարը կնպաստի անվտանգ և բարեկեցիկ Ադրբեջանին»:



Բելառուսի մասին էլ ասվեց, որ ԵՄ-ում գնահատում են վերջին շրջանում նրանց հավասարակշված քայլերը:



Պաշտոնյան ընդգծեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես Եվրոպայի կողմից պարտադրված քայլ և հավելեց, որ ԵՄ-ն ցանկանում է հիմնական գործընկեր հանդիսանալ հարևանության բոլոր երկրների համար՝ ճանաչելով նրանց՝ իրենց ուրույն քաղաքականությունն իրականացնելու իրավունքը:

«Խոսքն ընդհանուր արժեքի հիման վրա, կայուն և բարեկեցիկ ապագա կառուցելու մասին է. այս հարցն այնչափ ակտուալ է այսօր, ինչպես տասը տարի առաջ, երբ Հարևանության քաղաքականությունը մեկնարկեց: Սա կարևոր է, քան երբևէ»,-ասաց Եմ ընդլայնման հարցերով հիմնական պաշտոնյան:



Նաև ընդգծեց, որ թեև ԵՄ ուշադրության կենտրոնում ԵՄ արժեքային համակարգի վրա կառուցված հիմնական սկզբունքներն են, սակայն առկա են բազմաթիվ նոր մարտահրավերներ:

 

 

Խոսքը 2008-ին Վրաստանում, ապա՝ Ուկրաինայում Ռուսաստանի վարած, ըստ Հանի, «գնալով կոշտացող քաղաքականության» հետևանքների, ինչպես նաև Սիրիայում քաղաքացիական պատերազմի, Եգիպտոսում ու Լիբիայում մարտահրավերների մասին է, որոնց հետևանքով վտանգված է այս երկրներում ժողովրդավարությունը:



Այս ուղղություններով աշխատանքներ տանելու առաջարկներ ստանալու հարցում ԵՄ-ն ակնկալում է առաջիկա երեք-չորս ամիսներին առաջարկների ներկայացում: Ըստ որում՝ երկխոսության մեջ ներգրավված են լինելու երկրների կառավարությունները:

«Մենք կուզենայինք լսել բոլորի կարծիքները՝ կառավարությունից մինչև քաղհասարակություն, գործարար, գիտահետազոտական շրջանակներ»,-նշեց ԵՄ պաշտոնյան:



Նրա հավելմամբ՝ ապրիլի 13-ին Բարսելոնայում, ապա՝ Լյուքսեմբուրգում 20 անդամ երկրների նախարարներ կքննարկեն այս խնդիրները, իսկ մայիսի 23-ին Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում գործընկեր երկրները կկարողանան իրենց կարծիքները հնչեցնել ամենաբարձր մակարդակով: Աշնանը բոլոր առաջարկներն ու կարծիքներն ի մի կբերվեն:

Պաշտոնյան պատվիրակներին փոխանցեց նաև ԵՄ փոխնախագահ Ֆեդերիկա Մեգերինիի ողջույնի խոսքը:

Նույն շարքից