Հաշտարարությունը բոլորիս կյանքում շատ-շատ է, և պետք է ի սկզբանե ձևավորել ինստիտուտ, որի վստահության հարցը որևէ մեկի կողմից կասկածելի չլինի: Ամենակարևոր հարցը՝ կողմերի վստահությունն է հաշտարարի նկատմամբ:
Այս մասին այսօր Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծի և հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
«Ի վերջո, մենք փոքր հասարակություն ենք, քույր, բարեկամ, շատուշատ տեղերից են գալու, և այստեղ կարող է այդ միջնորդների ինստիտուտը իսկապես մեզ խանգարել: Դրա համար իրազեկումը պետք է լինի ինստիտուցիոնալ»,-ասաց պատգամավորը։
Նրա բանաձևում է՝ պետք է ստեղծել մեխանիզմ, որը կբացառի միջնորդության ինստիտուտը և կապահովի հաշտարարության մեխանիզմը:
«Մենք պետք է վստահության հարցը լուծենք, մենք պետք է ինստիտուտը ձևավորենք, որն ի սկզբանե պետք է վստահության հարցը բարձրացնի,-հայտարարեց պատգամավորը,-եթե ես չեմ վստահում այն անձին, ով պետք է ներգրավվի որպես հաշտարար, բնականաբար, մերժելու եմ, մյուս կողմը չվստահի՝ նույնն է լինելու: Ցավում եմ, որ մեր պրակտիկայից չի ձևավորվել այն վիճակագրությունը, որտեղ ասենք՝ քանի դեպք է եղել կոնկրետ հաշտարարի ինստիտուցիոնալ ներգրավվածության իմաստով, բայց համոզված եմ, որ բոլորիս կյանքում, ամեն օր հաշտարարություն է տեղի ունենում»։
Ըստ նրա՝ մեզ մոտ դա առանց այս օրենքի էլ շատ ու շատ է. «Բարեկամն է, քավորն է: Հիմա փորձում ենք բերել նորմալ դաշտ»:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է ներդնել դատական հաշտարարի ինստիտուտ, իսկ հաշտարար կարող են դառնալ 25 տարին լրացած անձինք՝ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո: Եվ սա դիտվում է որպես այլընտրանքային վեճերի կառավարման նոր ինստիտուտ:
Թևան Պողոսյան իսկապես ուրախալի փաստ է համարում, որ Հայաստանը փորձում է բարեփոխումների իրականացնել` միջազգային պրակտիկայի ու փորձի վրա հիմնված, բայց գտնում է, որ նախագծում առկա են մի շարք խնդրահարույց հարցեր` մեխանիզմների ներդրման հետ կապված:
Նշենք, որ այս նախագծի քննարկումն ընթանում է բավականին բուռն: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ֆինանսական հաշտարարի ինստիտուտը համարում է խայտառակ, տապալված ինստիտուտ: