ԱԺ-ում «ՀՀ դատախազության 2014թ-ի գործունեության հաշվետվության» քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարցրեց, թե ինչու էներգետիկայի նախարարի հայտարարությունը, թե ՀԷՑ-ում գողություն է կատարվում, հիմք չի հանդիսանում քրեադատավարական ընթացք տալու համար: Պատգամավորը նաև հարցրեց, թե ինչու Վերահսկիչ պալատի արձանագրված խախտումների համար էլ քրեական գործ չի հարուցվում:
Գլխավոր դատախազը նշեց, որ եթե կա հանցագործության դեպք կամ հրապարակային հայտարարություն, ապա քրեական գործ հարուցելու համար կան համապատասխան առիթներ և հիմքեր։
«Հանցագործության դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հայտարարող անձին հրավիրում են համապատասխան նախաքննական մարմին, հաղորդումն արձանագրվում է, հաղորդում տվողը նախազգուշացվում է սուտ մատնության համար նախատեսվող քրեական պատասխանատվության մասին, և արդեն դա համարվում է առիթ»,-ասաց նա:
Կոստանյանը նշեց, որ եթե նույն Էներգետիկայի նախարարությունն իր հայտարարությունը հաստատելու համար ստուգումներ անցկացնի և փաստեր ունենա, այդ ժամանակ էլ ընթացք կտան:
Նա հավելեց, թե նախարարի հայտարարությունում կարող են պարունակել իրավական տերմիններ, որոնք օգտագործվել են քաղաքական նպատակներով և նշեց, որ օրինակ եթե Ուրիխանյանը որպես պատգամավոր հստակեցնի, որ ինչպես նախարարն է ասում՝ տեղի է ունեցել հանցագործություն, արդեն ընթացք կտրվի նաև նախարարի մասնակցությամբ:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատին, ապա, ըստ նրա, ՎՊ-ի ուսումնասիրությունները հիմք են քրեաիրավական ընթացակարգ սկսելու համար։ Սակայն մինչ այդ նկատեց, թե ՎՊ-ից որևէ փաստաթուղթ չի ստացել:
«ՎՊ-ի հարցում դեռ առիթ կունենանք խոսելու, եթե ոչ, եզրափակիչ ելույթի ժամանակ կխոսեմ»,-ասաց նա:
Անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանի հարցը նույն թեմային էր առնչվում, թե ամեն տարի նույն հայտարարություններն են լինում, թե տեղի է ունեցել թալան, գողություն և նույն հռետորաբանությամբ հանդերձ՝ սակագինը բարձրացվում է, քանի որ այդ կարևոր ոլորտները կարող են սնանկանալ: Ըստ նրա, դա միայն ՀԷՑ-ին չի վերաբերում, այլ նաև այնպիսի հիմնարկներին, ինչպիսին օրինակ Հարավկովկասյան երկաթուղիներ են, որոնց սնանկացումը կանխելու համար բյուջեից տարեցտարի ավելի ու ավելի մեծ ծավալի փոխանցումներ են տրվում և ամեն տարի վնասների ծավալը մեծանում է:
«Պետական շահերի պաշտպանության համար տարբերակ պետք է մտածել, որ պետությունը ակտիվ դեր ունենա, որ չասեն՝ սնանկության եզրին ենք, պետք է գները բարձրացնենք»,-ասաց նա:
Կոստանյանը նշեց, թե սակագների վրա ազդելու տեսակետից՝ կլինի էլեկտրաէներգիա, թե այլ, դատախազությունը միջամտելու որևէ լիազորություն չունի:
«Չի կարող կարգավորման դաշտում ներազդեցություն ունենալ: Դա այլ պետական մարմնի լիազորությունն է: Դատախազության դերն այն ժամանակ է, երբ արդեն կան կարգավորման արդյունքում հայտնաբերված խախտումներ, վնասներ և դրանք փաստ, հիմք ընդունելով՝ ներազդելու հնարավորություն»,-ասաց նա և նշեց, թե այդ հնարավորությունները երկուսն են՝ հայցով դատարան դիմելու և եթե քրեաիրավական բնույթի են՝ քրեաիրավական այլ ընթացքով հարցը լուծելու: