Հայաստան 

Հայաստանի իշխանությունները մեկ ելք ունեն. Թևան Պողոսյանը՝ Ռիգայի գագաթաժողովին Հայաստանի անելիքների մասին

Այսօր հույս կա, որ ճկուն քաղաքականության դեպքում իսկապես հնարավորություն կա, որ Հայաստանը Ռիգայից տուն վերադառնա ոչ թե աբստրակտ, այլ իրական շոշափելի արդյունքով: Այսօր այդ մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով մայիսի 21-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին(ԱլԳ):



«Ու հիմա, այս նոր իրավիճակում, ունենք հետևյալը. հայկական կողմի ակնկալիքն է, որ ԵՄ անդամ երկրների կողմից կհաստատվի համապատասխան բանակցային մանդատը, և մոտ ապագայում մեկնարկեն բանակցությունները: ԵՄ համար հիմնական քաղաքական թիրախն է՝ պաշարներ հավաքագրելը, կոնսոլիդացիան և ԱլԳ ապագան»,- հավելեց պատգամավորը:

 

Նրա կարծիքով, Ռիգայի գագաթաժողովում կարելի է մի քանի հարցերի անդրադառնալ, հատկապես հնարավոր ոլորտային համագործակցության առումով. օրինակ, Վիզաների դյուրացումից անցում վիզաների ազատականացման գործընթացին, «Հորիզոն 2020» ծրագրին միանալը, COSME ծրագրին միանալը, մշակութային, երիտասարդության և քաղաքացիական հասարակության զարգացման, ազատ երկնքի քաղաքականության շրջանակներում համագործակցությանը, տուրիզմի, գյուղատնտեսության, արդարադատության և մարդու իրավունքների հարցերի շուրջ և այլն: 

 

«Հուսանք, որ երկուստեք կցուցաբերվի կամք ու ճկունություն այս անգամ վերադառնալ իրական գործնական ծրագրերով:
Ընդանրապես, մեզ համար չէի դնի հարցադրումը, թե ինչ կլինի Ռիգայում, բայց ավելի շատ՝ իսկ ինչ պետք է անել Ռիգայից հետո: Այստեղ պետք է նշել, որ պատասխանը մեր մեջ է:

 

Թեպետ Հայաստանը Եվրոպային հայտարարում է «և-և»-ի իր պատրաստակամությունը, սակայն դրան ուղղված ներքին որևէ տեղաշարժ չի երևում: Ներքին դիսկուրսներն այդպես էլ սահմանափակվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունն ընգծելու ջահն ավելի վեր բարձրացնելու ճիգերով: Եվրոպական ջահը անտեսվեց: Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները մեկ ելք ունեն: Արդեն երկու տասնամյակ է երկրի օրակարգում են կոռուպցիան վերացնելու, պետական կառավարման որակը կտրուկ փոխելու, շուկան մենաշնորհներից պաշտպանելու, ավելի ազատական ու մատչելի դարձնելու, սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և երկիրն արդիականացնելու այլ խնդիրներ: 

 

Հենց այս խնդիրները լուծելու մեջ է «և-և»-ի բանալին. ինքնուրույն պիտի փորձենք իրականացնել բոլոր այն խոստումները, որ տվել ենք եվրոպացիներին՝ սեփական ուժերով: Այս խնդիրների լուծումները Հայաստանում են: Եվրոպան, բնականաբար, օժանդակության ձեռք է մեկնելու հիմնականում նրանց, ովքեր առավելագույն պատրաստակամություն կցուցաբերեն և վստահություն կներշնչեն խոստումների իրականացման տեսանկյունից: Սակայն սեփական ռեսուրսներով նման խնդիրներ լուծելը պահանջում է ներքին քաղաքական-վարչական համակարգի փոխակերպում: Կա՞ արդյոք նման փոխակերպումների քաղաքական կամք: Հենց այս հարցի պատասխանին են սպասում Եվրոպայում: Առայժմ նման տեղաշարժ չկա», -հայտարարեց պատգամավորը:

Նույն շարքից