Հիշում եմ և պահանջում 

Time. 100 տարի անց հայերը դեռ կրկին գաղթում են

Time-ը հրապարակել է լրագրող և գրող Ռեբեկա Կոլարդի հոդվածը սիրիահայերի մասին, որոնք մեկ անգամ ևս ընտանիքները փրկելու համար ստիպված են լքել իրենց տները: Սակայն հայերը պատրաստվում են վերադառնալ: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

 


«Գրիգորը 4 տարի դիմադրում էր: Ռումբերը երկու անգամ հարվածել էին Հալեպի իր տան կտուրին, և նա վերանորոգել էր այն: Ռումբը պայթեցրել էր իր հարևանի տունը, իսկ կոտորակառումբերը մխրճվել էին Գրիգորի կնոջ կրծքավանդակն ու ոտքը: Ընտանիքը, այնուամենայնիվ, հրաժարվում էր լքել քաղաքի հայկական թաղամասի իր տունը: Սակայն երկու շաբաթ առաջ, երբ ընդդիմադիր ուժերը սկսեցին ճնշումներ գործադրել Հալեպի՝ վարչակարգով հսկվող տարածքներում, նրա մոտ ընկերներից մեկը և դուստրը հազիվ փրկվեցին ռմբակոծությունից: Երեք օր անց Գրիգորը կնոջն ու երկու դուստրերի հետ ուղևորվեց Լիբանան:

 


«Կյանքն անտանելի է դարձել», – ասում է Գրիգորը: Մի պահ ամեն ինչ շատ վատ էր: 8 ամիս առաջ շատ վտանգավոր էր գնալ նույնիսկ խանութ: Նրա բարեկամներին առևանգում էին, կամ էլ փողոցներում սպանում էին դիպուկահարները: Այնպես չէր, որ 400 դոլար գումար չուներ Բեյրութ հասնելու համար, սակայն որպես 100 տարի առաջ հենց այս ամսին բռնագաղթի ճամփան բռնած հայ փախստականների թոռ, նա մեծացել էր տեղահանումների, փախստականների և աքսորների մասին բազմաթիվ պատմություններով:

 


Ամեն տարվա ապրիլի 24-ին հայկական սփյուռքը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը, որը տեղի էր ունեցել Օսմանյան կայսրության թուրք ղեկավարների ձեռքով: Սպանվել էր 1.5 մլն հայ, իսկ հազարավորներ ուղարկվել էին անապատ՝ մահվան երթերի: Նրանցից ոմանք հասել էին սիրիական սահմանը, որն իրենց կարծիքով պետք է լիներ նրանց ապաստանը: «Տատիկներս ու պապիկներս լքել էին իրենց գյուղերը: Եվ նույնիսկ այսօր՝ 100 տարի անց, մենք չենք վերադարձել: Սա այն պատճառներից է, որն ինձ ստիպել էր այդքան երկար մնալ Սիրիայում», – ասում է Գրիգորը:

 


Գրիգորի համար հատկապես տխուր էր այս շաբաթ, որովհետև նա հիշատակելու էր իր նախնիների արտագաղթը՝ երկրորդ անգամ արտագաղթած: Նրա ընտանիքը գրեթե մեկ դար ապրել էր Հալեպում, և Սիրիան նրանց տունն էր: Նա ուներ հարմարավետ տուն, հաջողված խանութ, դստրերն էր լավ դպրոցներում էին սովորում: Նա Սիրիայում ժամանակին 100.000-անոց հզոր հայկական համայնքի մի անդամն էր:



Բեյրութ ժամանելու օրը Գրիգորն ընտանիքին ինքնաթիռով Երևան ճանապարհեց:  Սիրիայից ավելի քան 15.000 հայեր են տեղափոխվել Երևան՝ ՀՀ կառավարությունից աջակցություն ստանալու խոստումով: Սակայն Գրիգորը չի ցանկանում մեկնել: Ժամանակակից Հայաստանի սահմանները չեն ներառում այն գյուղերը, որտեղ ապրել են նրա նախնիները: Նրա պապենական հողերը գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Գրիգորը քննարկում է Հալեպ վերադառնալու հարցը: «Չեմ ցանկանում հրաժարվել ունեցվացքիցս ու կյանքիցս»,- ասել է Գրիգորը: Նա հույս ունի վերադառնալ, սակայն վախենում է ներկայանալ իր անունով՝ վախենալով, որ նրա կյանքին վտանգ կսպառնա ընդդիմադիր ապստամպներից:


 

Բեդրո Զեյթունյանը նույնպես փախել էր Հալեպից 3 տարի առաջ, իսկ այժմ փոքրիկ խանութ ունի Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում, որը ժամանակին հայ փախստականների ճամբար էր, իսկ այժմ հիմնականում հայերով խիտ բնակեցված թաղամաս է: Այստեղ պատերը գրոտված են հակաթուրքական գրառումներով. «Թուրքիան մեղավոր է Ցեղասպանության համար», մեկ այլ գրառման մեջ «Արևեյլան Թուրքիան»՝ ջնջված, փոխարենը, «Արևմտյան Հայաստան» բառերն էին:

 


Այսօր Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների հանդեպ իրականացվող վայրագությունները Զեյթունյանին հիշեցնում են իր պապերի՝ աքսորների մասին պատմությունները: «Այն ինչ անում են ապստամբներն ու ԻՊ-ը, անտանելի է: Գլխատումների մասին այս պատմությունները հիշեցնում են նախնիներիս պատմածները: Սակայն այժմ այդ ամենը մեր աչքով ենք տեսնում»,- ասել է հայը: Զեյթունյանը նույնպես ցանկանում է վերադառնալ Հալեպ:

 


«Հայերը ցանկանում են վերադառնալ Սիրիա: Հակառակ դեպքում, մենք կօգնենք թուրքերին Մերձավոր Արևելքը՝ Սիրիան, Իրաքը, Լիբանանը, հայաթափել: Մենք դա չենք ուզում», – ասել է Լիբանանի խորհրդարանի անդամ և Լիբանանի ՀՅԴ ղեկավար Հակոբ Բագրատունյանը:

 


2013-ի մարտին իսլամիստ ապստամբները գրավեցին հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ քաղաքը: Նրանք քաղաք էին մտել Թուրքիայի սահմանից, և քաղաքից փախչող բնակիչները բարդեցին ամենը Թուրքիայի վրա՝ ասելով, որ թուրքերն են օգնել ջիհադիստներին քրիստոնեական բնակավայր մտնել: Սիրիահայերը հայտնվել էին առևանգումների, շորթումների և սպանությունների թիրախում:Հալեպում մնացել  է մոտ 40.000 հայ, այն էլ, հիմնականում քաղաքի վարչակակարգով վերահսկվող մասերում:

 


«Մեր պատմությունը միշտ լի էր պատերազմներով և փախստականներով: Դարի ընթացքում քանի՞ անգամ կարող է գաղթ, տեղահանում և արտաքսում տեղի ունենալ»,- ասել է Բագրատունյանը:

Նույն շարքից