The Huffington Post-ը հրապարակել է քաղաքացիական իրավունքում և քաղաքացիական ազատության հարցերում մասնագիտացած փաստաբան Յասմին Թաեբի հոդվածը, որում հեղինակը պատմում է Անկարայի՝ ԱՄՆ մահմեդական կազմակերպությունները Ցեղասպանության հարցում իր կողմը հգրավելու քաղաքականության մասին: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.
«Մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի դեսպանատանը մահմեդական համայնքների առաջնորդների հետ շքեղ ընթրիքի և ընդունելության ընթացքում ես և ինձ պես համայնքի ավելի քան 20 ներկայացուցիչներ հայտնվեցինք մոլորության մեջ, որի կենտրոնում Հայոց ցեղասպանության հերքումն էր:
Ինձ համար պարզ դարձավ, որ միջոցառումը, ըստ էության, կազմակերպված էր Ամերիկայի մահմեդականների և Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգում նրանց աջակցությունը ստանալու համար: Միջոցառումից հետո ես սկսեցի ստանալ էլեկտրոնային նամակներ, որոնց բովանդակությունը հերքում էր Օսմանյան կայսրության կողմից հայ համայնքի ցանկացած տեսակի համակարգված ոչնչացումը և կոչ էր անում ինձ աջակցել իրենց Կապիտոլիումում «1915-ի դեպքերի» վերաբերյալ:
Այս ամիս լրանում էր Օսմանյան կայսրության կողմից հայերի ոչնչացման 100-րդ տարելիցը: Մինչև 1923 թվականը Օսմանյան կայսրության հայերի ավելի քան 90%-ն անհետացել էր. նրանց արտաքսում էին, խոշտանգում, մահապատժի ենթարկում ու բռնաբարում: Երբ 1944 թվականին Ռաֆայել Լեմկինը հնարեց «ցեղասպանություն» բառը, նա բացատրեց այն որպես «ազգի կամ էթնիկ խմբի ոչնչացում»: Այդ զանգվածային ոչնչացումների ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն իր հուշերում վառ կերպով ներկայացրել էր՝ «երբ թուրք իշխանությունը հրամայել է այս տեղահանումները, նրանք պարզապես մահ էին երաշխավորում մի ամբողջ ազգի. նրանք դա շատ լավ էին հասկանում և ինձ հետ զրույցնեում նրանք նույնիսկ չէին փորձում թաքցնել այդ փաստը»:
Թեև որոշ երկրների ղեկավարները, այդ թվում՝ նաև մեր, չեն ցանկանում կիրառել «ցեղասպանություն» բառն այս սարսափելի ոճրագործության մասին խոսելիս, վերապրածների և պատմաբանների կողմից մանրակրկտորեն վավերագրված փաստերը և իրադարձությունները չեն կարող հերքվել:
Նախագահ Օբաման դեռ 2008-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ միանշանակորեն հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այն վավերագրված փաստ է: Անընդունելի է այն պաշտոնական քաղաքականությունը, որը կոչ է անում դիվանագետներին աղավաղել պատմական փաստերը… Որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:
Իսկ Ֆրանցիսկոս Պապը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ճանաչման արարողությանն ասաց. «Չարիքը թաքցնելը կամ հերքելը նման է նրան, որ թույլ տան վերքն անվերջ արնահոսի՝ առանց այն վիրակապելու»: Պապի հայտարարությանն ի պատասխան՝ Անկարան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին, իսկ Վատիկանին մեղադրել «քաղաքական լոբբինգով և PR-ով» ազդված լինելու մեջ:
Անհանգստացնում է այն, որ Թուրքիան ոչ միայն փորձում է անհետացնել հայ համայնքի հանդեպ իրականացրած ոճրագործությունը, այլև պնդում է, որ ճշմարտության ցանկացած աջակցում կապված է PR-ի կամ լոբբինգային քաղաքականության հետ: Սակայն դա հենց այն է, ինչ Անկարան էր անում՝ ծախսելով միլիոնավոր դոլարներ, որպեսզի «ցեղասպանություն» բառն այդպես էլ չարտասանվի:
ԱՄՆ Մահմեդական կազմակերպությունների խորհուրդը հրապարակել է Հայոց ցեղասպանությունը հերքող հայտարարություն՝ բուռն աղմուկ բարձրացնելով ամերիկացի մահմեդականների համայնքում:
«1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրելն առանց անկախ պատմաբանների պատշաճ քննարկման՝ ոչ միայն վտանգում է այդ իրադարձությունների հետ կապված հիշողությունները, այլև վնասում է թուրքերի և հայերի միջև հաշտեցմանն ուղղված ջանքերին», – ասված է հայտարարության մեջ:
Միանգամայն անընդունելի է հերքել վայրագությունների պատմական փաստերը և կեղծորեն պնդել, թե գիտնականներն ու պատմաբանենրը այդ իրադարձության վերաբերյալ չեն եկել որևէ եզրահանգման: Միանգամայն ցավալի է նաև այն, որ կազմակերպությունը, նախքան հայտարարությունը տարածելը, չի հոգացել համայնքի հետ քննարկումներ անց կացնելը: Մահմեդական կազմակերպությունների խորհուրդն, իհարկե, չի խոսում իմ կամ իմ բազմաթիվ ամերիկացի մահմեդական ընկերների անունից, որոնք ճշմարտության և պատմական փաստերի կողքին են՝ ի պաշտպան ամերիկահայերի: Թե՛ թուրքերը, թե՛ հայերը հաշտեցում են ցանկանում, սակայն այն չի կարող լինել առանց անցյալի հանցագործությունների ճանաչման և ընդունման:
«Անհրաժեշտ է ճանաչել զոհերի մարդկային արժանապատվությունը: Առանց ճանաչման հետագա սերունդները չեն կարողանա հավուր պատշաճի սգալ և ապաքինվել», – ասել է պատմության պրոֆեսոր, դոկտոր Թաներ Աքչամը Կոնգրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված լսումներին իր ելույթում»: