Haaretz-ը հրապարակել է ականավոր ցեղասպանագետների Իսրայել Չարնիի և Յաիր Աուրոնի համատեղ հոդվածը, որում հեղինակները ենթադրություններ են անում Իսրայելի բարոյական պարտավորության մասին՝ ճանաչելու հայերի կոտորածները որպես ցեղասպանություն, քանի որ ոչ մի հրեա չէր ընդունի որևէ այլ սահմանում բացի Հոլոքոսթից: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.
«Չկա որևէ քաղաքական կամ տնտեսական իրավիճակ, որում մենք՝ իսրայելցիներս, կամ աշխարհի հրեաները կհանդուրժեինք մեկ այլ ազգի՝ հերքել Հոլոքոսթը կամ այդ սպանությունների և խոշտանգումների ամբողջական չափը: Մենք կվիրավորվեինք, սարսափահար կլինեինք: Հերքումը մեզ համար նույնն է, ինչ Հոլոքոսթի ընթացքում մեր ժողովրդի դեգրադացիայի կրկնությունը:
Հայ ժողովուրդը չի տարբերվում: Նրանք վիրավորված են և սարսափահար Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության նվաստացմամբ:
Տարիներ շարունակ նրանք Իսրայելին վերաբերվում էին խորը հարգանքով և բարեկամական մեծ զգացողությամբ, չէ՞ որ նրանք էլ իրենց պես զանգվածային ցեղասպանություն էր ապրել: Նրանք հիանում էին մեր՝ նոր կյանք վերակառուցելու և ազգը զարգացնելու զարմանալի կարողությամբ: Նրանք էլ հիմա են սկսում իրենց վերակառուցման ուղին:
Հիմա թեև շատ հայեր շարունակում են հիանալ Իսրայելով, Իսրայելը ատելու մակարդակը գնալով աճում է: Ինչպե՞ս կարող է Ցեղասպանություն ապրած ժողովուրդը երկարաձգել Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը:
Իսրայելն ուներ իր «արդարացումները»: Բայց արդյո՞ք մենք կարող ենք նման «արդարացումներ» ընդունել մի կառավարությունից, որը հերքում է ցեղասպանությունը: Ավելին, մենք հպարտ ազգ ենք, որը չպետք է նվաստացվի գառների հոտի պես, այլ պետք է ըմբոստանալու ուղիներ փնտրի:
Մեր կողմից Հայոց ցեղասպանության հերքումը մեզ դարձնում է եսակենտրոն և անարգալից մարդկանց: Իսկապես, այդպես է: Այդ ամենը մեզ վեր է ածում վախկոտի, որը ցանկանում է պաշտպանել մեկ անհեռանկարային հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ այժմ զարգացող հարաբերությունները Ադրբեջանի՝ մահմեդական, թրքախոս երկրի հետ. մենք զոհաբերում ենք մեր հիմնական սկզբունքներն ու ամբողջականությունը: Դա՞ է այն Իսրայելը, որին մենք հավատում ենք:
Երբ 2012 թվականի հունիսին Քնեսեթի Կրթական հանձնաժողովը հանդիպում էր կազմակերպել՝ քննարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ելույթ ունեցողներից գրեթե բոլորը, այդ թվում՝ այդ ժամանակ Քնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հաստատակամ էին Ցեղասպանության ճանաչման հարցում: Դեմ քվեարկող ընդամենը երկու կուսակցություն կար: Մեկը հրեա-ադրբեջանական համայնքի նախագահն էր, մյուսը՝ Արտաքին գործերի նախարարության խոսնակը:
Հանձնաժողովում տիրող մթնոլորտը հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման էր, ապա հանձնաժողովի նախագահը վեր է կացել և հայտարարել. «Հանդիպումը հետաձգված է: Ապագայում ևս հանդիպում է կազմակերպվելու»: Զարմանալի չէ, որ քվեարկություն այդպես էլ չի կազմակերպվել:
Տարիներ շարունակ Իսրայելի կառավարությունը նույնիսկ թույլ չէր տալիս հիշատակել Հայոց ցեղասպանությունը: Տարիներ շարունակ Իսրայելի կառավարությունը բառացիորեն արգելում էր նաև Հայոց ցեղասպանության հիշատակումը մեդիադաշտում: 90-ականների սկզբին ընդամենը մեկ դեպք էր գրանցվել, որում Իսրայելի հեռարձակողները հանդիպել էին մանրակրկիտ քննարկման համար. քննարկվում էր Հայոց ցեղասպանության մասին վավերագրական կինոնկարի ցուցադրության հարցը, և մեծամասնությունը կողմ էր քվեարկել, սակայն հաջորդ առավոտ այն ժամանակվա վարչապետ Յիթչաք Շամիրը, օգտվելով իր իրավունքից, չեղյալ համարեց հեռարձակումը:
Մեր սիրելի Իսրայելը անամոթաբար փորքոգի էր և էժանաբար եսակենտրոն: Արդյո՞ք մենք այժմ պատրաստ ենք փրկել մեր ինքնահարգանքն ու ամբողջական հարգանքն արտահայտել մեր ցեղասպանությանը նախորդած մեկ այլ խոշոր ցեղասպանության զոհերին և, ըստ էության, մեծ ներդրում անել ապագայում Հոլոքոսթի չկրկնվելու հարցում»: