Առողջապահություն 

Եկե՛ք պատրաստ լինենք՝ բուժվելու լրագրողների՝ «Հիպոկրատի երդումը» շահարկող նյութերով

analitik.am

Առհասարակ, երբ լրատվական կայքերում հանդիպում եմ «Վերջապես ու՞ր մնաց Հիպոկրատի երդումը», «Դուշմանս հիվանդանոց չընկնի», «Բժշկի մոտ, թե՞ սպանդանոց» և նմանատիպ այլ վերնագրեր ունեցող նյութերի (նյութ բառը պատահաբար չեմ ընտրել, քանի որ, որպես կանոն, նման նյութերը շատ հեռու են լինում հոդված կոչվելուց), ակնհայտ է դառնում մի բան, որ հերթական անգամ սենսացիոն ու մեծ ընթերցելիություն ապահովող նյութի խնդիր է դրված:


Ամենամեծ խնդիրն այսօր կայանում է նրանում, որ նման նյութերը մեր հասարակության որոշակի հատվածի համար կարծիք են ձևավորում՝ առողջապահության համակարգի և առավելապես բժիշկների նկատմամբ, կարծիք, որի պատասխանատվությունը ո՛չ ԶԼՄ-ն, և ո՛չ էլ առավելապես նյութի հեղինակը չի ուզում կրել իր վրա:


Ցավոք, մեր հասարակությունն էլ այսօր դեռ չունի հնարավորություն՝ հասկանալու արդյո՞ք իրականություն է իրեն մատուցվող նյութը, թե ֆանտաստիկայի ժանրում գրված հերթական ապատեղեկատվությունն է:


Երբ «Վերջապես ու՞ր մնաց Հիպոկրատի երդումը» նյութի հեղինակը, քո՝ «Կարդացե՞լ ես Հիպոկրատի երդումը» հարցին պատասխանում է՝ «չէ, լսել եմ», դա արդեն խոսում է լրագրողի մասնագիտական որակի մասին:


Իր առջև դրած խնդիրներով ԶԼՄ-ն կարող է կամ կործանել, կամ առավել բարձր գիտակցական մակարդակի հասցնել հասարակությանը, սակայն, ցավոք, այսօր մենք ականատես ենք լինում միայն առաջին դեպքին:


Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ խնդիր են փորձում լուծել այդ մարդիկ՝ նման նյութերով: Իրենց խոսքերով՝ փորձում են ազատել հասարակությանը վատ բժշկից, բայց երբ պահանջում ես կոնկրետ անուններ նշել, պատճառաբանում են, որ չեն ուզում  վատություն անել բժշկին (չնայած՝ որպես կանոն, նման մարդիկ շատ քիչ են անհանգստանում այն մասին, որ վատություն են անում դիմացինին), արդյունքում՝ վարկաբեկում են  մի ամբողջ համակարգի  բարի անունը:


Չեմ էլ կարողանում ընդունել, երբ լրագրողը փորձում է օգտվել հիվանդի ու նրա հարազատների ցավից՝ հերթական անգամ «Հիպոկրատի երդումը» հիշեցնելու և դեպքը աղավաղված ներկայացնելու համար:


Եկե՛ք սպանենք բժշկին ամեն անգամ, երբ նա 15 րոպե կուշանա, և մենք ստիպված կլինենք 15 րոպե սպասել նրան՝ առանց գիտակցելու, որ Հիպոկրատի երդումը բժշկին այլմոլորակային չի դարձնում և հնարավոր է, որ նա էլ խնդիրներ ունի: 


Եկե՛ք վառենք նրան այն բանի համար, որ գիշերն անքուն հիվանդի կողքին անցկացնելուց հետո, առավոտյան մեզ չի ժպտում:


Եկե՛ք դատենք նրան հանցագործի պես, երբ հազարավոր մարդկանց կյանքը փրկելուց հետո չի կարողացել փրկել մեկին ու ոչ իր մեղքով:


Եկե՛ք զրպարտենք բժշկին, որովհետև «հասարակությունը նման նյութերը կարդում է».... ու կապ չունի, որ մի սիրուն թիվ նյութի տակ տեսնելու համար մենք պատրաստ ենք խաղալ մարդկանց ճակատագրի հետ:


Բայց նաև եկե՛ք պատրաստ լինենք  մի օր ապրելու առանց բժիշկների, որովհետև նման կերպ շարունակելու դեպքում մի օր ստիպված ենք լինելու բուժվել՝ մեր լրագրողների՝ «Հիպոկրատի երդումը» շահարկող նյութերով:



Մերի Կատվալյան


«Անալիտիկ» վերլուծական կենտրոնի առողջապահական ծրագրերի բաժին

Նույն շարքից