Առողջապահություն 

Շտապ բուժօգնության ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրները

ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում  կայացավ մամուլի ասուլիս շտապ բուժօգնության բարեփոխումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: ՀՀ ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը, «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը և ՀՀ ԱՆ աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանը ներկայացրեցին 2010-2013թթ. իրականացված ծրագրերի արդյունքները, խնդիրներն ու առաջիկա անելիքները։  

Դեռևս մի քանի տարի առաջ, չնայած իր կարևորագույն առաքելությանը` շտապ օգնության ծառայությունը զգալիորեն ետ էր մնում բուժօգնության մյուս տեսակներից: Գրեթե բոլոր մեքենաները հին էին, ցածր էին տեխնիկական հագեցվածությունը, անբավարար և ոչ ժամանակակից էին կապի միջոցները, մասնագետների ճնշող մեծամասնությունը կարիք ունեին    վերապատրաստման, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում կանչերն սպասարկվում էին հիմնականում միջին բուժանձնակազմի միջոցով: Ոլորտը չուներ իր զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը, որը կարող էր ապահովել զարգացման հիմնական ուղղությունները, դրա իրականացման ժամանակացույցը, կատարողներին ու պատասխանատուներին:

Ուստի, մշակվեց և Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի N894-Ն որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշումը:  

 

ՀՀ առողջապահության նախարարության Հայաստանում շտապ օգնության ծառայության հետագա բարելավմանն ուղղված հետևողական աշխատանքի արդյունքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  և ՀՀ առողջապահության նախարարության միջև  ստորագրվել է համաձայնագիր`  «Աջակցություն  շտապ բուժօգնության ծառայություններին» ուղղակի դրամաշնորհային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

Ծրագրի նպատակն է բարելավել շտապ բուժօգնության ծառայությունները ռեսուրսների պլանավորման և կառավարման, ՇԲԾ անձնակազմի հմտությունների և կարողությունների զարգացման, շտապօգնության ծառայություների մշտադիտարկման մեխանիզմի ներդրման և հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով: Այդ նպատակով ծրագրի կողմից ներկայումս մշակվում են  տեղեկատվական կայք-էջ և շտապ օգնության կանչերի ավտոմատ գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգը:

Շտապ օգնության կայքում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կընձեռի բարձրացնել հանրության իրազեկվածությունը շտապ օգնության ծառայությունների, առավել հաճախ հանդիպող իրավիճակներում բնակչության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, կպարզաբանի, թե որ վիճակներում  է պետք դիմել շտապ օգնության ծառայությանը և որ դեպքում` ԱԱՊ օղակին և այլն:

Ծրագրի շրջանակներում ստեղծվող շտապ օգնության կանչերի գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգը հնարավորություն կստեղծի ավելի օպերատիվ դարձնել շտապ օգնության ծառայությունը, միօրինականացնել ՇԲԾ վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ` ՇԲԾ աշխատանքների կազմակերպչական և կլինիկական ոլորտների շուրջ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:  Այդ համատեքստում ծրագրի կողմից մշակվել են  որակի կատարողականի գնահատման շուրջ 80 ցուցանիշ, որոնցից առաջին տարվա ընթացքում համակարգում կներդրվի 17-ը: Շտապ օգնության ծառայության աշխատանքը գնահատելու նպատակով իրականացվել է ոլորտի ուսումնասիրություն ինչպես միջազգային խորհրդատուի, այնպես էլ ծրագրի կողմից, որի արդյունքում   պարզվել է, որ շտապ օգնության կանչերի գրեթե 30% ոչ շտապ կանչեր են, որոնք կարող են սպասարկվել ԱԱՊ օղակում:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շտապ օգնության կանչերի գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգը (ՏՀԱՊՀ) ներդնելու նպատակով, «Աջակցություն  շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագրի կողմից պետական գնումների ընթացակարգին համապատասխան ներկայումս ձեռք են բերվում սերվերներ` ՏՀԱՊՀ համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև  78 համակարգիչներ, տպիչներ, կապի միջոցներ, որոնք կտրամադրվեն շտապ օգնություն ցուցաբերող բուժհաստատություններին: Ծրագրի կողմից ընտրվել են շտապ օգնության ծառայությունում առավել հաճախ հանդիպող իրավիճակների վերաբերյալ դասերը և վաղվանից՝ դեկտեմբերի 6-ից, բոլոր մարզերում կիրականացվեն շտապ օգնություն տրամադրող բուժհաստատությունների բժիշկ/դիսպետչերների համար վերապատրաստման դասընթացներ:


ՀՀ առողջապահության նախարարություն

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից