Առողջապահություն 

Սեռով պայմանավորված աբորտները սպառնալիք են ՀՀ-ի համար. Գարիկ Հայրապետյան

Հայաստանը լուրջ ժողովրդագրական խնդրի առջեւ կարող է կանգնել, եթե հասարակության մեջ պահպանվի խտրականությունը տղա եւ աղջիկ երեխաների  միջեւ, եւ պահպանվի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման թիվը։ Այսօր արդեն մինչեւ 20 տարեկան տարիքային խմբում տղաների թիվը գերազանցում է աղջիկներինը 40 000-ով, իսկ 2060 թվականին այս միտումների պահպանման դեպքում մենք կունենանք 93000 չծնված աղջիկ, կամ ապագա մայր։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչԳարիկ Հայրապետյանը։ Արդյունքում, ըստ նրա, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով  Հայաստանի բնակչությունը մինչեւ 2060 թվականը կնվազի հավելյալ 80 000-ով, որը ներկայումս Հայաստանի երկու տարվա ծնունդների թիվն է։


Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցության թիվը, 2010 -ին կազմելով 114 տղա 100 աղջկա դիմաց, այն դեպքում, երբ բնականոն է համարվում 102-106 տղա 100 աղջկա դիմաց ցուցանիշը։ Այս հարաբերակցությունը համարվում է աշխարհում արական սեռի նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդակներից մեկը։ 


Սեռերի անհամամասնությունը Հայաստանում ցայտուն բացահայտվում է ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում՝ 100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա, որն, ըստ երեւույթին,  աշխարհում երբեւէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։


Մասնագետը նշեց, որ հայերը շատ են սիրում պայմանավորել այս թվերը պատերազմի եւ ծանր տարիների գործոնով, սակայն միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ պատերազմներից հետո ծնվող տղաների թիվը կարող է աճել 0,5%-ով, այլ ոչ 15%:


Այսպիսով, այս թվերը պայմանավորված են միայն սելեկտիվ աբորտներով, եւ դրա համար երկրում առկա են բոլոր երեք նախապայմանները. հասարակությունը տղա երեխաներին գերադասում է աղջիկներից, երկրում կան հասանելի եւ համապատասխան տեխնոլոգիաներ երեխայի սեռը հղիության վաղ շրջանում որոշելու համար, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ։


Թվերով արտահայտված, տարեկան միջինում 29 000 գրանցված աբորտներից սեռով պայմանավորված են 1400-1600-ը, այսինքն մոտ 5%-ը։


Գ. Հայրապետյանը նշեց մի դրական միտում՝ այն է, որ ընդհանուր աբորտների թիվը պակասել է. ընդհանուր հղիույթյունների 47-48%-ից 2005 թվականին այն նվազել է մինչեւ 29%-ը 2010 թվականին:


Խոսելով այն մասին, թե ինչու են Հայաստանում նախընտրում տղաներին, նա նշեց, որ մեզ մոտ, ինչպես եւ բոլոր ավանդական հասարակություններում առկա է երեք գործոն. անվան փոխանցումը, ունեցվածքի փոխանցումը եւ օր ծերության խնամքի հարցը, այսինքն, որ տղաները հետագայում կպահեն իրենց ծնողներին։


Մասնագետը նաեւ նշեց, որ այլ ավանդական հասարակություններում (Հնդկաստան, արաբական երկրներ) շատ սուր դրված է աղջկա օժիտի հարցը, ինչը չկա Հայաստանում, ինչպես նաեւ Հայաստանում խտրականությունը աղջիկ եւ տղա երեխաների միջեւ գործում է մինչեւ երեխայի ծնվելը, ծնվելուց հետո աղջկան նույնիսկ ավելի շատ են սիրում եւ փայփայում, եւ սա մեր հասարակության պարադոքսներից մեկն է։


Խոսելով խնդրի լուծման մասին, Գ. Հայրապետյանը նշեց, որ քննարկվում են շատ տարբերակներ, բայց ամենակարեւորն այն է, որ մեր հասարակությունում պետք է փոխվի վերաբերմունքը կնոջ նկատմամբ։ Այսօր մեզ մոտ կանայք հիմնականում աշխատում են միջին օղակներում, բայց բարձր օղակներում նրանց թիվը բավարար չէ։ Ժողովրդի մոտ չկա վստահություն, որ կինը կարող է հաջողակ լինել եւ ֆինանսապես ապահովված։


Դիտարկվում են նաեւ հարցի լուծման օրենսդրական տարբերակներ, ընդհուպ մինչեւ հարցի քրեականացում, եւ բժիշկների հետ սերտ աշխատանքը, սակայն, ըստ Գ. Հայրապետյանի, այս խնդրի լուծումը գտնվում է ոչ թե բժշկական կամ օրենսդրական հարթությունում, այլ սոցիալ-հոգեբանական, եւ այստեղ շատ մեծ է ինֆորմացիոն դաշտի դերը։


Գարիկ Հայրապետյանը նշեց մի հետաքրքիր փաստ եւս. սեռով պայմանավորված աբորտ անող կանանց մեջ մեծ է ֆինանսապես ապահովվածների թիվը։ Եվ մի քննարկման ժամանակ, երբ նա զարմանք էր հայտնել այս առիթով, իրեն հուշեցին պատասխանը. «Բա հո ունեցվածքը փեսուն չեն թողնի»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից