Առողջապահություն 

Սնունդ «շարժիչի»՝ սրտի համար

analitik.am
Խուսափել այնպիսի տարիքային հիվանդություններից, ինչպիսիք են իշեմիկ հիվանդությունը, կրծքահեղձուկը, ինֆարկտը, լիովին մատչելի է նաև այլընտրանքային կամ «համեղ» միջոցներով:
 

Գիտնականները պարզել են, որ ինֆարկտի ռիսկը 90%-ով նվազում է կենսակերպի մեջ ամենահասարակ փոփոխությունների շնորհիվ: Այժմ բոլորին, ովքեր ցանկանում են պահպանել իրենց երիտասարդ սիրտը, գիտնականները խորհուրդ են տալիս ազատվել ավելորդ քաշից, հնարավորինս քիչ նյարդայնանալ, խուսափել դեպրեսիայից, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, հրաժարվել ծխելուց:  Եվ, բնականաբար, կատարել գոնե մի քանի ֆիզիկական վարժություններ, սնվել որակյալ մթերքով: Օրինակ, միս գնել նրբերշիկի փոխարեն, կաթնաշոռ`«կաթնաշոռային աղանդերի» փոխարեն, թխվածքը տանը պատրաստել և այլն:

Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է: Բայց 90% արդյունքը, որ ստուգվել է 22 երկրում կատարված 6 հազար հետազոտություններով, տպավորիչ է: Եվ, որպես օգնություն, կարելի է նաև այլ խորամանկություններ անել: 
 
Լոլիկը, պարզվում է, այն մարդու լավագույն ընկերն է , ով իր սրտի մասին հոգ է տանում: Բնականաբար, կարմիր լոլիկը, որի կեղևի մեջ պարունակվում է լիկոպին հզոր հակաօքսիդանտը: Գիտնականները կամավորների հետ փորձեր են անցկացրել, նրանց մի մասին 15-ական մգ լիկոպին են տվել, մյուսներին` պլացեբո (սնահաբ): Փորձարարության վերջում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր լիկոպեն են ստացել, նշանակալիորեն բարձրացել է օքսիդդիսմուտազա ֆերմենտի ակտիվությունը: Այդ նյութը պաշտպանում է ԴՆԹ-ն ազատ ռադիկալներից: Բացի դրանից, նվազել է արյան սիստոլիկ ճնշումը և արյան C ռեակտիվ սպիտակուցը, որի առկայությունը վկայում է անոթների բորբոքման և աթերոսկլերոզի սկզբի մասին: Գիտնականները եզրակացություն են կատարել, որ  լիկոպենը դրական է ազդում անոթների պատերի վրա, նպաստելով սիրտ-անոթային համակարգի նորմալ աշխատանքին: Նշենք, որ ամենից շատ լիկոպեն պարունակվում է ոչ թե հում, այլ ջերմամշակված լոլիկի, ինչպես նաև տոմատի մածուկի մեջ:  
 
Իսկ բարձր ածխաջրատային մթերքը, առաջին հերթին հացը և սպիտակ ալյուրից պատրաստված ամեն ինչ, հարկ է օգտագործել հնարավորինս քիչ քանակությամբ: Այստեղ տեղին է հիշել «գլիկեմիկ ինդեքս» (ԳԻ) հասկացության մասին, որը հանրահայտ է որոշ սննդակարգերում: Որքան բարձր է մթերքի ԳԻ-ն (այն հաշվարկվում է լաբորատորիաներում), այնքան կտրուկ է բարձրանում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Մինչև այժմ կարծիք կար, թե այդ ինդեքսը հաշվարկելը կարևոր է միայն նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, բարձր ԳԻ-ով մթերքը գիրանալու նախապայման է: Բայց գիտնականները պարզել են, որ սննդաբաժնում բարձր ԳԻ-ով մթերքի գերակշռությունը 2 անգամ բարձրացնում է ինֆարկտի և սրտի այլ հիվանդությունների ռիսկը:  Այդ պատճառով, նրանք առաջարկում են բոլոր մարդկանց, անկախ քաշից, ցածր ԳԻ-ով մթերք օգտագործել. ձավարեղեն, խոշոր աղացվածքի ալյուրից թխված հաց և այլն:
 
Հատիկեղենը, օրինակ, սևաձավարը, բրինձը, ցորենը, այժմ գրեթե կարդիոպրոտեկտորներ են համարվում: Մասնավորապես, թխվածքները դրանցով փոխարինելիս, մարդը նկատելիորեն ազատվում է ավելորդ քաշից:  Իսկ գոտկատեղի ծավալը փոքրանում է, առաջին հերթին, ներորովայնային (վիսցերալ) ճարպի հաշվին, որը կուտակվում է սրտի, այն սնուցող զարկերակների հատվածում և տարիքի հետ դրանց տառացիորեն խեղդում է:  
 
Հատիկեղենը օգնում է վերացնել երկու տեսակի ճարպերը` ներորովայնային և ենթամաշկային: Բանն այն է, որ հատիկից ստացված ալյուրի մեջ, ըստ էության, միայն օսլան է մնում, իսկ հատիկն ինքը լի է կենսաբանական ակտիվ նյութերով, որոնք կալորիա չեն պարունակում, դրա փոխարեն հագեցածության զգացում են ստեղծում: Սննդակարգերի ուսումնասիրությունները, որոնց մեծ մասը կազմված են հատիկավոր մթերքի հիման վրա, ցույց են տվել, որ դրանք օգնել են իջեցնել զարկերակային արյան ճնշումը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը և բարձրացրել են ինսուլինի հանդեպ դիմադրողականությունը: Վերջինը նշանակում է, որ հատիկավոր մթերքը օգնում է կանխարգելել երկրորդ տեսակի շաքարախտը:
 
Երկրորդ օգտակար բուսամթերքը բջջանքն է, որի ամենալավ աղբյուրը հում բանջարեղենն է: Ըստ հետազոտությունների, ում սննդի մեջ առավելագույն քանակությամբ բջջանք է եղել (օրական 14 գ), միջինը 18%-ով քիչ է ենթակա եղել բոլոր տեսակի սիրտ-անոթային հիվանդություններին: Իսկ ովքեր նվազագույն քանակությամբ են բջջանք օգտագործել (օրական 6-8 գ) 58%-ով հաճախ են տառապել այդ խնդիրներից, ներառյալ կորոնար հիվանդությունները:  
 
Իսկ որպես աղանդե՞ր: Կարելի է կակաո խմել կամ էլ ձմերուկ ուտել: Դրանք, պարզվում է, նույնպես սրտի և անոթների արժանի պաշտպանն են: 
 
Ինչպես գիտենք, անոթների պատերը մի քիչ մկանների նման են, դրանք պետք է կծկվեն, որ արյունը առաջ մղեն: Երբ անոթները վատ են կատարում իրենց գործը, սիրտը ծանրաբեռնվում է, անոթների պատերին կուտակներ են ձևավորվում: Կակաոյի մեջ պարունակվում են ֆլավոնոիդներ կենսաբանական ակտիվ նյութերը: Դրանք հզոր հակաօքսիդանտ լինելով հանդերձ, կրկնապատկում են արյունատար անոթների «ազատ» բջիջների քանակը: Այդ բջիջները շրջանառվում են արյան հետ և «վերանորոգում են» անոթների վնասված պատերը: Դրանց բարձր մակարդակը, ըստ բազմաթիվ հետազոտությունների տվյալների, մատնացույց է անում սիրտ-անոթային հիվանդությունների ցածր ռիսկը: 
 
Դե, իսկ ձմերուկը, պարզվում է L-ցիտրուլին կոչվող նյութի հարուստ աղբյուր է: Այն լայնացնում է արյունատար անոթները և, բնականաբար, իջեցնում զարկերակային արյան բարձր ճնշումը: Օրական L-ցիտրուլինի 6 գրամը մեկ ամսվա ընթացքում նվազեցնում է արյան ճնշումը մինչև նորմայի սահմանները և այն առավել հավասարաչափ է դարձնում, առանց տատանումների: 
 
Բնականաբար, հիշեցնում են գիտնականները, հիպերտոնիկ հիվանդության դեպքում ձմերուկը բավարար չէ, բայց այն կարելի է որպես հակահիպերտենզիվ պատրաստուկների լրացում օգտագործել:
Պարզվում է, սիրտը երիտասարդ պահելն այնքան էլ դժվար չէ:



 
Հեղինակ` Սանդրո Ջուլհակյան

Առողջապահության լրատու 1.2012

Նույն շարքից