Առողջապահություն 

2013թ.-ին արձանագրվել են մանկական մահացության ամենացածր ցուցանիշները

analitik.am

Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում արձանագրվել է մանկական մահացության ամենացածր ցուցանիշը։ 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերը 1000 կենդանի ծնունդից 2013թ. առաջին անգամ ցածր է 10 պրոմիլլեից և կազմում է 9.8%0։

Մոր և մանկան առողջության պահպանման հիմնախնդիրները շարունակաբար ՀՀ  կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակայություններից մեկն է։ Այս համատեքստում հատկապես կարևորվում են բուժօգնության մատչելիության ու որակի բարելավմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերը: Այս ծրագրերն ուղղված են որոշակի թիրախային խմբերի և կոչված են վաղ հայտնաբերման ու վաղ միջամտության շնորհիվ կանխել հիվանդությունների  ծանր ընթացքով զարգացումը, հետևաբար նաև մահվան հնարավոր ելքերը:

ՀՀ առողջապահության ոլորտի վերջին տարիների ծրագրային արդյունքներում հատկապես տպավորիչ են մանկական և մայրական մահացության ցուցանիշների նվազեցման միտումների վերաբերյալ տվյալները: Վերջին տարիներին հանրապետությունում արձանագրվում է  թե՛ մանկական, թե՛ մայրական մահացության ցուցանիշների  շարունակական իջեցում: Մայրական մահացության   2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը (19.2/100 000 ծնունդից) 2008-2010թթ. նույն ցուցանիշի համեմատ (23.2/100 000 ծնունդից) նվազել է 17%-ով, իսկ մանկական մահացության  տարեկան ցուցանիշը, վերջին երեք տարիների ընթացում` շուրջ 16%-ով  (2011թ.` 11.6‰, 2012թ.` 10.07‰, 2013թ.` 9.8‰):  Նվազել են երեխաների ինչպես հիվանդանոցային, այնպես էլ տնային մահացության ցուցանիշները:

Համակարգային դրական այս միտումներն արդյունք են նաև առողջապահության նախարարության կողմից իրականացվող  կանխարգելիչ և սկրինիգային  ծրագրերի: Ներկայումս բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային 5 սկրինինգ  ծրագիր է իրականացվում։ Սկրինինգային ծրագրերի ծախսարդյունավետության հաշվարկները փաստում են, որ սկրինինգներին և վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժմանն ուղղված առողջապահական ծախսերը տասնյակ անգամներ զիջում են նույն հիվանդությունների ուշ հայտնաբերման դեպքում հիվանդի բուժման և խնամքի համար կատարվող բժշկական և սոցիալական ծախսերին:

Նույն շարքից