Վերլուծական 

Վարկառուները խաբվա՞ծ են. 24%-ի փոխարեն վճարվում է 63% տարեկան տոկոսադրույք

Ցանկացած բիզնես գործունեության վերջնական նպատակը շահույթ ստանալն է, այս իմաստով բացառություն չէ նաև բանկային համակարգը: Սակայն ՀՀ բանկային համակարգի դեպքում խոսքը ոչ թե շահույքի, այլ գերշահույթի ստացման մասին է: ՀՀ  բանկային համակարգը համարվում է քիչ թե շատ զարգացած, սակայն երբ ուսումնասիրում ենք դրանց հիմնական եկամտի աղբյուրները՝  վարկերը և դրանց դիմաց ստացվող տոկոսները,   ապա դժվար է  բանկային համակարգը  համարել կարգավորված կամ կայացած:

Նախ հասկանանք,  թե ինչպես է ձևավորվում վարկավորման տոկոսի  առավելագույն սահամանաչափը: Նշենք, որ  վարկավորման ոլորտը մասամբ կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքի 46-րդ և 47-րդ գլուխներով: Մասնավորապես՝  879 հոդվածի առաջին մասը սահմանում է , որ փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ-ի  սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը (բանկային տոկոսի հաշվարկային դրույքը ՀՀ ԿԲ-ի  կողմից 2010-ից սահմանվել է տարեկան 12% ): Եթե առաջնորդվենք վերոնշյալ հոդվածով, ապա խոսքը վերաբերում է 24 % -ին (12x2): Այսինքն կարելի է ասել, որ բանկային վարկի առավելագույն դրույքաչափը պետք է լինի 24 %:

Որքանով է դա այդպես և արդյոք բանկերը վարկ տրամադրելիս բավարարվում  են միայն վարկի առավելագույն տոկոսադրույք սահմանելով: Ստորև բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ-ում մի քանի առևտրային բանկերի կողմից առաջարկվող վարկերի տոկոսադրույքների և միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը:

Կազմակերպություն Անվանական տոկոսադրույք Պարտադիր վճարների չափը վարկի տրամադրամն պահին Ընդամենը Պարտադիր վճարներ Փաստացի տոկոսադրույք
      Արցախբանկ ՓԲԸ 24 2000 2000 33,07
Ինեկոբանկ ՓԲԸ 24 5122 6458 47,95
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ 22 1134 13608 63,24

Ինչպես երևում է աղյուսակից,  վարկային պայմանագրերում տարեկան տոկոսադրույքի չափը նշվում է առավելագույնը 24%, բայց դրա հետ մեկտեղ սահմանվում են այլ տեսակի վճարներ, օրինակ՝ վարկի տրամադրման վճար, որը կարող է կազմել վարկի գումարի 1-3%-ը, վարկային կամ բանկային հաշիվների սպասարկման վճարներ, որոնք կարող են կազմել վարկի գումարի 0,5-2%-ը ամսական, կարող են լինել նաև այլ վճարներ:

Ստացվում է այնպես, որ հաճախորդը տվյալ վարկի դիմաց պլանավորում է վճարել անվանական 22% -ը, սակայն փաստացի  վճարում է 63,24 % :Այսպիսով, իբրև թե տարեկան 24%-ով տրված վարկի իրական արեժքը կազմում է տարեկան 36.39%: Ավելին, այդ տոկոսի մի մասը, որը ձևակերպվում է որպես վարկի տրման միանվագ վճար,  ֆինանսական կազմակերպությունը ստանում է անմիջապես վարկը տալու պահին, այսինքն` վարկ չտված ստանում է «տոկոս»: Բացի այդ, հաշվի սպասարկման ամսական վճարը հաճախակի հաշվարկվում է ոչ թե վարկի մնացորդի, այլ վարկի սկզբնական գումարի նկատմամբ, ինչն ավելի է մեծացնում տարեկան տոկոսադրույքը:

Արդյունքում ունենք առավելագույն սահմանված 24 % անվանական տոկոսադրույք և նրա տակ թաքնված մինչև 64 %-ի հասնող իրական տոկոսադրույք: Այսինքն մենք ունենք ոչ թե բանկային համակարգ, այլ վաշխառուական համակարգ: Ասվածի հիմնավորումն էլ տալիս էր ՀՀ քրեական օրենսգիրքը՝ մասնավորապես 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալն է, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը …»: Բանկերին օգնության հասավ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը իր փաստացի տոկոսադրույք հասկացությամբ, այն է.

«Փաստացի տոկոսադրույք սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսն է արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով, և հաշվարկված` նույն օրենքի 13-րդ հոդվածում նշված բանաձևով, որն իր մեջ պետք է ներառի սպառողի վարկավորման ընդհանուր ծախսը,  տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ, բացի վարկի տոկոսից և դրա սպասարկման, տրման կամ այլ վճարներից, ընդգրկված են նաև այն ծախսերը, որոնք ուղղակի կապ չունեն վարկի արժեքի հետ, օրինակ` գրավի պայմանագրի կնքման հետ կապված նոտարական ծախսերը, ինչպես նաև չվաստակած եկամուտը, որը վարկառուն կարող էր ստանալ վարկ չվերցնելու դեպքում»:

Փաստացի բանկերը փրկվեցին, իսկ վարկառուները մնացին նույն միամիտ վիճակում՝ վստահ լինելով, որ վարկ են վերցնում տարեկան 24% տոկոսադրույքով, բայց փաստացի վճարում են 33%-ից մինչև 63% տոկոսադրույք:

«Անալիտիկ» շաբաթաթերթ, 23 սեպտեմբեր

Նույն շարքից