Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը խիստ անհանգստացած է. արդեն սկսվել է նոր ուսումնական տարին, սակայն մինչև օրս լուծված չէ բուհի կարգավիճակի հարցը, չնայած, ըստ բոլոր պայմանավորվածությունների, նոր ուսումնական տարին բուհը սկսելու էր նոր կարգավիճակով՝ վերածվելով Շիրակի պետական համալսարանի: Բուհին բազմաթիվ ու գունագեղ խոստումներ էին տրվել, կարծես կառավարություն էր ներկայացվել որոշման նախագիծ, մանկավարժականում սրտատրոփ սպասում էին նոր կարգավիճակին... Սակայն... Մոռացության են տրվել բոլոր խոստումներն ու քննարկումները, արդեն մշակված ու հավանության արժանացած նախագծերը մատնվել են անուշադրության և անտարբերության: Ռեկտորը հայտնում է, որ բուհին նոր կարգավիճակ շնորհելու և ուսումնական գործընթացները նորովի կազմակերպելու հարցերն ամիսներ առաջ քննարկվել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, նախարարը տվել է իր համաձայնությունը, նախապատրաստվել են անցման նոր կարգավիճակի:Բայց ի՞նչ է տեղի ունեցել, ինչու՞ են հանկարծ որոշել օրակարգից հանել այս կարևորագույն հարցը՝ հերթական անգամ հարված հասցնելով Գյումրուն:
Ի՞նչն է պատճառը, որ նույնատիպ բուհը Վանաձորում անմիջապես ստացավ համալսարանի կարգավիճակ, համալսարաններ են գործում նաև Գավառում ու Գորիսում՝ իրենց բնակչության թվով շատ ավելի փոքր քաղաքներում, մինչդեռ Գյումրիում 1924 թվականին հիմնադրված և Հայաստանի բուհական համակարգում մեծ ներկայություն ապահոված, դասախոսական բարձրակարգ կադրերով ապահովված, նյութատեխնիկական հարուստ հենք ունեցող բուհի նոր կարգավիճակի հարցը չի լուծվում: Նախարարությունից բուհը որևէ մերժում չի ստացել, չի հայտարարվել, թե կարգավիճակի հարցը չի լուծվելու, ինչն էլ նշանակում է, որ նախարարությունը պատրաստ է կատարել իր խոստումը:
Այդ դեպքում, ի՞նչն է ձգձգումների պատճառը, երբ այսօր բուհին անչափ անհրաժեշտ է կարգավիճակի փոփոխություն, որպեսզի լուծվի հիմնադրամի վերածվելու հարցը և Շիրակի մարզն ու Ջավախքը մասնագետներով ապահովող բուհը կարողանա ընդլայնել իր գործունեությունը, ծավալել նոր աշխատանքներ, ստեղծել նոր ստորաբաժանումներ…
Փաստորեն, նոր ուսումնական տարին հերթական տխրությունը պատճառեց բուհին, քանի որ չափազանց մեծ թիվ են կազմում թափուր տեղերը, մի շարք մասնագիտությունների գծով դիմորդներ չեն եղել, ինչն էլ նշանակում է, որ հերթական անգամ խնդիր է դարձել դասախոսներին համապատասխան ժամաքանակով ապահովելը, բուհի գործունեության ապահովումը: Հոռետեսությամբ կամ ժողովրդական բանահյուսությամբ չառաջնորդվելով հանդերձ, այնուամենայնիվ, նորից հառնում է նույն մտավախությունը, նորից քննարկման շրջանակ է գալիս Գյումրին ընդամենը 15-20 հազար բնակիչ ունեցող բնակավայր դարձնելու տեսլականը, որի մասին արդեն շա՜տ երկար ժամանակ խոսում են Գյումրիում ու նրա սահմաններից դուրս, իսկ իշխանությունները որևէ հերքում չեն ներկայացնում…Այո, տպավորությունն այն է, որ միտումնաբար իշխանությունները գնում են Գյումրու չգոյացման գաղափարի իրականացմանը, այստեղ ենթակառուցվածքների ավերմանը, արտագաղթի խթանմանը: Չնայած այն բանին, որ Գյումրու սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մի քանի նախագիծ է ներկայացվել կառավարություն, ստեղծվել են մասնագիտական խմբեր, որոնք ուշագրավ առաջարկություններ ու իրատեսական ծրագրեր և հայեցակարգեր են առաջարկել, այնուհանդերձ երկրի իշխանությունները շարունակում են առաջ մղել իրենց անտարբեր կեցվածքը, ինչն էլ նշանակում է, որ իրականությանը մոտ են այն խոսակցությունները, որ Գյումրու թիկունքին տեղի է ունեցել դավադրություն, ՀՀ իշխանությունները երկրի երկրորդ քաղաքը հանձնել են Ռուսաստանի իրավասությանը՝ այն 102-րդ ռազմաբազային սպասարկող «օբյեկտ» ունենալու համար...
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
«Անալիտիկ» շաբաթաթերթ (23 սեպտեմբեր)