Հունիսի 7-ին Թուրքիայում վճռորոշ ընտրություններ էին, որոնց արդյունքները մեր արեւմտյան հարեւանի համար ստեղծեցին վերջին 13 տարիների ընթացքում աննախադեպ իրավիճակ. իշխող, չափավոր իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստիպված էր մտածել կոալիցիոն կառավարություն կազմելու մասին, իսկ հիմնադրումից ի վեր բոլոր ընտրություններում շարունակաբար հաջողություններ գրանցող այս քաղաքական ուժը երբեւէ նման խնդրի առաջ չէր կանգնել՝ մշտապես ձեւավորելով միակուսակցական կառավարություններ: Կոալիցիոն կառավարություն այդպես էլ չհաջողվեց կազմել, ինչն էլ հանգեցրեց նրան, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին նոր ընտրություններ կանցկացվեն:
Իսկ դե ֆակտո Էրդողանի և դե յուրե Դավութօղլուի գլխավորած ԱԶԿ-ի համար հունիսյան ձախողված ընտրության (զարմանալի է, բայց ԱԶԿ-ի հավաքած 40 տոկոս ձայնը Թուրքիայի ընտրական բարդ հաշվարկի արդյունքում ձախողում է դիտարկվում) պատճառը ոչ թե իր գլխավոր ընդդիմադիր ուժն էր՝ քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (այս ուժը հավաքեց իր համար ավանդական դարձած 25 տոկոսը), այլ… քրդերը, ավելի հստակ՝ քրդական/քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը:
Այո, քրդերը, որոնք այս անգամ որոշեցին ընտրություններին մասնակցել համամասնական ցուցակով: Քրդական քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրը Թուրքիայի խորհրդարանի 10 տոկոսանոց անցողիկ շեմի հաղթահարումն էր, սակայն «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն ավելի համարձակ գտնվեց՝ հավաքելով ձայների 13 տոկոսը և ապահովելով 80 պատգամավորական մանդատ 550 հոգուց բաղկացած մեջլիսում: Եվ հազարավոր քրդեր, որոնք նախկինում ձայն էին տալիս Էրդողանին, այս անգամ իրենց քվեն տվեցին ԺԴԿ-ին:
Քրդական ուժն էլ ընտրարշավի ընթացքում շեշտը դրեց ազգային ու կրոնական փոքրամասնությունների, ձախաթեւյան կողմնորոշում ունեցող քաղաքացիների վրա, ինչն էլ դարձավ նրա հաջողության գրավականներից մեկը:
Եվ այս 13 տոկոսը վճռորոշ դարձավ իշխող ԱԶԿ-ի համար, որպեսզի ոչ միայն հետաձգի սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրությունը, այլեւ, ոչ ավել, ոչ պակաս, մտածի կոալիցիոն կառավարության մասին, ինչպես նաեւ ամբողջ սրությամբ առերեսվի քրդական խնդրի հետ, ապա նաեւ պատրաստվի նոր ընտրությունների:
Իրավիճակը հետընտրական Թուրքիայում կտրուկ սրվեց Սուրուչի ահաբեկչությունից հետո, երբ 2013-ին հայտարարված զինադադարն Անկարայի և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) միջեւ խախտվեց: Երկու տարվա հարաբերական խաղաղությունից հետո Թուրքիայի տարբեր քրդաբնակ հատվածներում թուրքական ուժային կառույցների և քուրդ զինյալների բախումների հետեւանքով մեծաթիվ զոհեր գրանցվեցին:
Վերլուծելով նախկին տարիների փորձն ու արդի իրավիճակը՝ պետք է փաստել, որ վերջին ամիսներին Թուրքիայում քրդական հարցի առանցքային գործոնը մնում է ԺԴԿ-ի՝ արդեն նախկին ընտրություններում արձանագրած արդյունքը, այլ ոչ ՔԱԿ-ի և թուրք ուժայինների վերսկսված բախումները, որքան էլ վերջին դեպքում աղմուկն ավելի շատ է: Վերջին շրջանում թուրք-քրդական բախումները, համեմատական կարգով, իրենց ծավալներով զիջում են նախկիններին (80-ական, 90-ականներին դրանք անհամեմատ մաստշաբային և արյունալի էին), իսկ ահա ԺԴԿ-ի յուրօրինակ հաղթանակը Թուրքիայում ստեղծում է նոր իրավիճակ քրդերի քաղաքական ինքնակազմակերպման տեսանկյունից, իսկ դրա պակասը քրդերն առավել քան ունեն: Այսպիսով, նախկինում առկա ռազմական գործոնի (ՔԱԿ) հետ մեկտեղ ի հայտ է գալիս նաև քաղաքական որոշակի միասնականություն (ԺԴԿ-ի գլխավորությամբ), իսկ սա բավական լուրջ գործընթաց է նախատեսում: Եվ այս տեսանկյունից գերկարեւոր նշանակություն ունեն նոյեմբերյան ընտրություններն ու դրանց արդյունքները, որը կարող է թուրք-քրդական հարաբերություններում որակական նոր գործընթացի սկիզբ դառնալ (սա, սակայն, առանձին քննարկման թեմա է):
Չկենտրոնանալով միայն ընտրությունների արդյունքների, իշխող ու ընդդիմադիր ուժերի ձայների բաշխման, ՔԱԿ-թուրքական բանակ բախումների վրա՝ ընդգծենք հայերի և Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող մի զարգացում, որի «մեղավորն» այս ընտրություններն ու քրդերն էին:
Ընտրությունների արդյունքներով քրդերը ցույց տվեցին, որ եւս մեկ քայլ են կատարել քաղաքական ինքնագիտակցության աճի ճանապարհին: Մեզ համար կարեւոր է նաեւ այն, որ ՀՀ-ին սահմանակից ներկայիս Թուրքիայի Կարսի, Արդահանի և Իգդիրի նահանգներում քրդերը վստահ հաղթանակներ տոնեցին, իսկ անցյալ ընտրություններին այս հատվածում ԱԶԿ-ն էր դեռ մրցունակ:
Այստեղ պետք է վերադառնալ այն իրողությանը, որ Հայաստանի Հանրապետության սահմանակից շրջաններում, այսինքն՝ մեր պատմական հայրենիքի զգալի հատվածում բնակվող քրդերն այս ընտրություններով առաջընթաց ունեցան քաղաքական ինքնակազմակերպման հարցում, ինչը, իմ կարծիքով, նրանց մեկ քայլ մոտեցնում է Թուրքիայի Հանրապետության կազմում ինքնավարության տեսլականին, իսկ շատ ավելի ուշ հեռանկարի համար՝ նաեւ հնարավոր անկախացմանը: Իսկ սրանք այն զարգացումներն են, որոնց հետ մենք պետք է հաշվի նստենք, որոնք ուղղակիորեն մեզ էլ են առնչվում, թե՛ պատմական տեսանկյունից, թե՛ ռեալ պոլիտիկի: Թուրքիայի մի շարք արեւելյան և հարավարեւելյան նահանգներում քրդերի հաղթանակը ոչ միայն արտահայտում է քաղաքական միասնականության և կազմակերպման ընդհանուր աճը, այլ նաեւ այդ վայրերի դեմոգրաֆիկ պատկերը: Այս տարածքների զգալի հատվածում մեծամասնություն կազմող քրդերը շարունակում են պահպանել ծնելիության բարձր աճը, ինչի մասին վկայում են Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալները: Համառոտ ձեւակերպելով՝ պատմական Հայաստանում դեմոգրաֆիկ վեկտորը շարունակաբար ձգտում է դեպի միատարր քրդական բնակչություն:
Հայ հասարակությունը և հայկական պետությունը պետք է հասկանան, որ որքան էլ սահմանից այն կողմ թուրքական պետությունն է, սակայն այդ հատվածում ներկայիս բնակիչները քրդերն են, որոնք շարունակում են ոչ միայն բնական աճը, այլ նաեւ նրանց մոտ աճում է քաղաքական ինքնագիտակցությունը, ուստի պետք է պատրաստ լինել տարատիպ զարգացումների:
Ժամանակն է կողմնորոշվել և հասկանալ, թե արդյո՞ք քրդերին պետք է դիտարկել, որոշ վերապահումներով, դաշնակից, թե՞, այնուամենայնիվ, որպես հակառակորդ, որը ոչ միայն մասնակից է եղել Հայոց ցեղասպանության իրագործմանը, այլեւ այսօր էլ ապրում է պատմական հայրենիքի տարածքում:
Չէ՞ որ այս ընտրության հարցը մեզ համար եւս մեկ անգամ օրակարգ է գալիս հունիսյոթյան ընտրություններից և ընթացիկ զարգացումներից հետո: Իհարկե, ներկայումս բավական բարդ է պատասխան տալ, թե ինչպես պետք է կառուցել հարաբերությունները քրդերի հետ: Նման պատասխան ստանալու համար պետք են խորը փորձագիտական, պատմագիտական, քաղաքագիտական ուսումնասիրություններ, վերլուծություններ, հանրային քննարկումներ հասարակության տարբեր շերտերից սկսած և պետական մակարդակով վերջացրած:
Սակայն ակնհայտ է, որ այս ամենը պետք է արդեն սկսել, պատրաստ լինելը օրվա հրամայականն է, այն էլ՝ փոփոխվող և անկանխատեսելի Մերձավոր Արեւելքում:
Գևորգ Պետրոսյան
«Անալիտիկ» շաբաթաթերթ, 23 սեպտեմբեր