Գրաքննադատի ճղճիմ, տեսական դատարկությամբ ու մեծամիտ ուսուցողականությամբ «դատողություններին» զուգադրվում է արդեն «հնարամիտ» դարձած մեթոդը՝ տեքստը տրոհել, աղավաղել, վերցնել միայն այն, ինչը պետք է սեփական ճշմարտությունը հաստատելու համար: Այսպես, ժողովածուի առաջաբանի մասին նա գրում է.
«Վերոբերյալ նախադասությունը, որ հեռու է միտք դառնալու գաղափարից, ընդամենը հեղինակային գրի քայքայված միկրոկոսմոսի արդյունք է, թեպետ խմբագիրը «անմահացրել» է այն ընդգրկող ժողովածուն՝ «Նելլի Շահնազարյանի ձևավորած գեղարվեստական ժամանակը քիչ է զատվում իրական ժամանակից, սակայն նրանում առկա են խոշոր ընդհանրացումները, ինքնահատուկ խլրտումները, որոնք երբեմն դուրս են գալիս մեկ ճշգրիտ ժամանակի տիրույթներից ու դառնում են յուրովի աբստրահարված, յուրովի ընդհանրացված» (նույն տեղում, էջ 5)։
… Սքանչանում ես, երբ գրականագիտության արվարձաններում յուրովի «աբստրահարող» խմբագիրը փորձում է որակավորել լեզվական ու հոգեբանական թերհասությամբ տառապող պատմվածքները։ Այդ կերպ խմբագրի «խոշոր ընդհանրացումներն ու ինքնահատուկ խլրտումները» նույնպես ապրում են «մեկ ճշգրիտ ժամանակի տիրույթ»-ում՝ «յուրովի աբստրահար»-ելով ու «յուրովի ընդհանրաց»-նելով նաև ժողովածուն։ Ուստի՝ հնարավո՞ր է «խոշոր ընդհանրացումները» մեկ նախադասության միջակայքում անմիջապես փոխվեն «յուրովի ընդհանրացումների» ու «յուրովի աբստրահարումների», ու անցումը ընդհանուրից մասնավորի՝ տեղի ունենա վայրկենապես, պարզվում է՝ հնարավոր է, քանի որ Ժողովածուն «զարդարող» առաջաբանի վերացական լեզուն, որպես ինքնակամ պայթող պղպջակ, ընթերցողին հասցնում է ինքն իրենից Ց-պահանջ վերանալու գաղափարին։ Եվ ոչ միայն,,։
Պետք չէ շատ խելացի և արևմտյան գրականագետներին էպիգոնության խոնարհումներ բերող լինել, որպեսզի հասկանալ առաջաբանում ասվածը, ընկալել, թե ինչին է վերաբերում ընդհանրացում հասկացությունը, թե ինչ աբստրահարման և ինչ ժամանակի մասին է խոսվում: Մենք էլ մեր հերթին ենք «սքանչանում»՝ տեսնելով գրականագիտության մատույցներում դեգերող, գրականությունը գիտակցությունից զատող, սեփական խճողուն-պաճուճապատված տեքստերը որպես բարձրագույն ճշմարտություն ներկայացնող գրականագետին, որն ամեն ինչ անում է՝ ոչնչացնելու ու գետնազարկելու արժեքներն ու գրական ընթացքի հաստատումները՝ երբեմն դառնալով չափազանց ծիծաղելի, եթե չասենք՝ ողորմելի:
Այսպես, իր մեծ ատելությունը ու կանացի չարությունն անգամ Անահիտ Սահինյանի հանդեպ ցուցադրելու համար, այսպիսի տեքստ է մատուցում. «Ինքնաբերաբար ծնվում է միտքը, թե սույնը ժողովածու է վատաճաշակ տնային տնտեսուհիների համար, քանզի ի սկզբանե դիտարկելի է պսևդո հավաքականության՝ տեքստի միջակության, անլիարժեք կերպարների, մելոդրամային կոլիզիաների ու գավառական ցածրամակարդակ լեզվի տիրույթներում ու հասցեագրված է մշակութաբանական սահմանափակ ինտելեկտ ու աշխարհընկալում ունեցող ընթերցողին։ Ըստ էության՝ սույնը Անահիտ Սահինյանի որդեգրած գրական ավանդույթի շարունակությունն է։ Գորբաչովյան վերակառուցման տարիներին (թե՛ ներքին ու թե՛ արտաքին քաղաքականության ընդգրկումով, 1985-1991) նմանօրինակ միջակ տեքստերը դիտարկվում էին որպես համամարդկային արժեք, սակայն այսօր նույնիսկ օճառային սերիալի սցենար չես դարձնի»։ Ահա «ինտելեկտուալ-ամենագետ» Ն. Համբարձումյանի մտքի թռիչքը, ահա գրականություն արժևորելու, ընկալելու նրա պարագիծը: Նելլի Շահնազարյանի գրականության ճշմարիտ արժևորումը և գրականագիտական գնահատականը վաղուց է տրվել, առաջին արժևորողը Հրանտ Մաթևոսյանն է եղել: Չենք կարծում, թե խստապահանջ մեծ գրողից ավելի է հասկացել Ն. Համբարձումյանը, թե առավել սրտացավ է մեր գրականության համար: Ինչպես Նելլի Շահնազարյանը, այնպես էլ Ն. Համբարձումյանի կողմից չարությամբ նշավակվող այլ գրողներ բացահայտում են գրականության համար նոր ու բացառիկ մի աշխարհ, թափանցում «հատակի» ու հոգեբանական անձկության մեջ ապրող մարդկանց շրջանակ, հավատարիմ այդ մարդկանց լեզվամտածողությանը, աշխարհ-իրականության հետ ունեցած նեղլիկ շփումներին՝ ձևավորում այդ ամենի գեղարվեստական անդրադարձը: Հավանաբար, Ն. Համբարձումյանը շատ էր կամենում, որ նկուղում ապրող ու որբևայրի կինը, կամ նահապետական-կանխատեսական միֆի մեջ ապրող գեղջկուհին ունենար իր աշխարհայացքը, Նիցշեին հղումներ աներ և կամ խոսեր բեթհովենյան սիմֆոնիզմի առանձնահատկությունների մասին… Մոռացված, գրեթե անէացման դատապարտված մի աշխարհի գեղարվեստական արձագանքներն է իր գրականության մեջ հաստատում Նելլի Շահնազարյանը՝ «բնագրային ճշգրտությունից» գալով դեպի գեղարվեստական ընդհանրացումը: Չափազանցումների չդիմենք, սակայն մաթևոսյանական գեղագիտական ընկալումների տիրույթում ձևավորված այս արձակը յուրատիպ էվոլյուցիա է ապրել, մշակել գրի առանձնահատկությունը, կերպարների յուրատիպությունները: Կերպար և միջավայր, կերպար և լեզու խնդիրները վաղուց է հետազոտել ու իր բանաձևումները տվել գրականագիտությունը՝ սահմանափակ չդարձնելով խնդիրները «գենդերային» քնադատության տիրույթներում: Հետևաբար, անգամ անհարմար է գիտության թեկնածուին բացատրել, թե ինչու են այս կամ այն լեզվով խոսում Նելլի Շահնազարյանի հերոսները, ինչ նշաններ են կրում, ինչ գենեզիս ունեն… Լեզուն աշխարհընկալման ու գոյաձևի արտահայտությունն է, գոյաբանական ընկալումներից ծագող նշանն է… Ի դեպ, գրականագետը հատկապես Նելլի Շահնազարյանի դեպքում, անցնում է գռեհկության՝ ծաղրելով գրողին, խոսելով գրականության՝ նրա սահմանափակ իմացության մասին: Հավանաբար, Ն. Համբարձումյանը պիտի խնդրեր Նելլի Շահնազարյանին՝ արդի գրականության դասընթաց վարել իր հետ՝ վար առնելու համար մեծամտությունն ու գավառական ինքնագոհ կեցվածքը: Չանդրադառնանք այլևս հոդվածի շարունակությանը, չխոսենք մյուս գրողներին անդրադարձների մասին: Ընդամենը խնդրենք բանասիրական գիտությունների թեկնածուին. նախ, էմպիրիկ բառի առատ կիրառումից հրաժարումը կօգներ իրեն, կազատագրեր կաղապարներից: Ի դեպ, էմպիրիզմը մի քանի բացատրություն ունի, որոնց, լավ կլիներ, ծանոթանար հոդվածագիրը՝ փորձապաշտ, փորձնական, փորձառական: Իսկ ահա էմպիրիկ քննադատությունը, կամ՝ էմպիրոկրիտիցիզմը, ուշագրավ իրողություն է, փորձի քննություն, որի բացատրությունը հոդվածագիրը կարող է իմանալ Ռիխարդ Ավենարիուսի աշխատությունը կարդալով: Ցավոք, Ն. Համբարձումյանի համար էմպիրիկ քննադատության միակ բացատրությունը Լենինի ձախավեր ու պարզունակ իմաստաբանական ընկալումների վրա հենվող «Մատերիալիզմ և էմպիրոկրիտիցիզմ» աշխատությունն է: Սա էլ նշանակում է, որ գրականագիտական հայացքները ձևավորելիս՝ մի կողմից Ն. Համբարձումյանը գերի է մնացել համացանցից քաղված արևմտյան գրականագետների հոդվածների շրջանակներին, մյուս կողմից՝ կանգ առել մինչվերակառուցման շրջանում… Երկրորդ, այսուհետև օտար հեղինակներին կարդալիս և նրանց առատորեն, առանց հղումների «օգտագործելիս» չմոռանալ, որ գերզարգացածության մեր դարում շատերս ենք կարողանում օտար լեզուներով գրքեր ու հոդվածներ կարդալ, կարողանում ենք նաև համացանցից օգտվել: Ուրիշի զգեստի մեջ պետք չէ տեղավորել սեփական մարմինը: Ամեն մարմին իր ձևն ու կառուցվածքն ունի…