Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Գիշերվա սառը փողոցներում

analitik.am
Ֆորուղ Ֆարրոխզադ 
Ես չեմ զղջում,
Ես խորհում ես այս հպատակման,
Այս ցավագար հպատակման մասին:
Ես ճակատագրիս խաչը համբուրել եմ
Իմ Գողգոթայի բարձրունքներում:
Գիշերվա սառը փողոցներում
Զույգերը վարանումով
Շարունակ բաժանվում են մեկ-մեկուց:
Գիշերվա սառը փողոցում
Հրաժեշտի շշունջից զատ
Ուրիշ ձայն չկա:
Ես չեմ զղջում:
Իմ սիրտն ասես ընթանում է
Ժամանակի մյուս կողմում:
Կյանքը շարունակաբար
Կկրկնի իմ սիրտը:
Եվ նա՝
Քամու լճակների վրայով անցնող
Խլածաղիկը կկրկնի ինձ:
Ախ տեսնո՞ւմ ես,
Թե ինչպես է պատռվում մաշկս,
Եվ ինչպես է կաթը լերդանում
Սառը ստինքներիս կապույտ երակներում:
Եվ արյունը
Ինչպես է իր կրճիկային աճն սկսում
Իմ համբերատար գոտկատեղում:
Ես՝ դու եմ, դու,
Եվ նա, ով սիրում է,
Նա ով հանկարծ՝
Բութ,
Անհասկանալի մի կապ է գտնում
Հազարավոր անհայտ ու անանուն
Բաների հետ:
Ես կողի կիրքն եմ սուր,
Որ բոլոր ջրերը քաշում է ընդերքն իր խոր,
Բերրի դարձնելով դաշտերն ամեն:
Լսիր
Հեռու-հեռավոր ձայնն եմ,
Աղջամուղջի ծանր մշուշների աղոտքներում,
Եվ ինձ տես
Հայելիների խաղաղ լռության մեջ,
Թե ինչպես նորից
Ձեռքերիս մնացորդներով
Շոշափում եմ
Բոլոր երազների խորքերը մութ:
Եվ սիրտս,
Լինելիության անմեղ երջանկությունների վրա
Կտածում է,
Ինչպես բիծը արյան:
Ես չեմ զղջում,
Իմ մասին, ով իմ սիրելի,
Խոսիր
Սիրահարված աչքերով
Իմ նմանակ այն աղջնակի հետ,
Որին կգտնես գիշերվա սառը փողոցներում...
Եվ հիշիր ինձ
Նրա մելանուշ համբույրներում
Եվ քո աչքատակի քնքուշ գծիկներում:

թարգմանությունը՝ Էուարդ Հախվերդյանի

Նույն շարքից