(երեք համբույրի կատակերգություն)
— Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։
Կիսամերկ բազմելով բազկաթոռին իմ չոր՝
Նա ձեռքերն էր խաչել. և հատակին կախված
Նրա ոտքը փոքրիկ, նուրբ ու սիրատոչոր
Դողում էր հաճույքից՝ կամաց, կամաց, կամաց։
-Եվ ես տեսա, ինչպես մի գունափայլ պարոն,
Թփի միջից ելած մի ճառագայթ բարակ,
Նրա ժպտուն դեմքին անհոգ թռվռալով.
Իջավ կրծքին, ինչպես ճանճը՝ վարդի վրա։
Համբուրեցի նրա կոճը ես նրբակազմ.
Նա ծիծաղեց կտրուկ մի ծիծաղով հանգած,
Որի դայլայլը լույս կախվեց օդում մաս-մաս,
Հետո բյուրեղացավ, ընկավ ու զրնգաց։
Փոքրիկ ոտքերն իսկույն անցան շապիկի տակ
Եվ փրկվեցին. «Վե՛րջ տուր», ասաց նա մեղավոր,
— Եվ իրեն թույլ տված արարքն այդ համարձակ՝
Ձևացրեց, թե իբր պատժում է ծիծաղով։
— Խեղճ աղջիկը դողաց շրթունքիս տակ, երբ ես
Քնքշությունով իմ ողջ աչքերին մեղմ դիպա,
Կոտրատվելով իսկույն գլուխը ետ թեքեց.
«Սա տանելի է դեռ, ավելի լա’վ է, բայց…
Պարոն, խոսելու բան քեզ հետ ունեմ նորից…».
Ես վերջին համբույրի մնացորդը անուշ
Դրոշմեցի կրծքին. նա ծիծաղեց, որ ինձ
Ո՛չ միայն շատ, այլև լավ բան էր խոստանում…
— Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։
Տեքստի թվայնացումը` Արմսոուլի
Սկզբնաղբյուր՝ Granish.org