Ես սկսում եմ տարին, և կրակը արագ գալարվում է
պարապուտ նետված եղևնին դեպի
– նման է պերկեսի կրծած կմախքի։
Եվ նոր Ֆաետոնը սլանում է երկինք,
և անհունում արևն է լողում ինչպես կղզի,
և ծաղկուն տարիքում աճապարում եմ դեպի հյուսիս։
Իմ շարժուձևով սկսում եմ տարին,
իմ թեք ուսերից ստվերներն են աճում,-
ինչպես ծովը, որ իր երախն է բացում
թիանավի էգկուրծք ճուռակների առաջ,
ֆրեգատների բոլոր ճուռակ-կանանց առաջ,
բոլոր ձկնանման աղջիկների առաջ։
Ախ, Ապոլոն, գիտեմ՝ անծանոթ չէ քեզ
արգոսյան խուճուճ օրացույցը հին,-
փոթորկուն հետքերս հարթի՜ր քո դիպուկ
եռաժանիով։-
Երբ պատուհանի տակ հունվարն է շաչում,
ինձ հովվերգական այբուբեն է պետք,
որ հախուռն օգոստոսը չծաղրի խենթին։
1969 թ.
* * *
Այն չէ՝ խելառվում եմ, բայց հոգնել եմ անչափ
ամռան խաղերից։ Օրը կորցնում ես հանկարծ,
թե շապիկի համար պահարան ես խցկվում։
Թող գա ձմեռն ու ծածկի վերջապես
քաղաքները, մարդկանց, բայց նախևառաջ՝ ծածկույթը կանաչ։
Կքնեմ շորերով կամ ցանկացած էջից գիրք կկարդամ,
քանի դեռ տարին մնացորդ ունի-
ինչպես շունը գիտակ, որ փախչելով կույրից՝
հատում է փողոցը նախատեսված տեղում։-
Ազատությունը՝ երբ մոռանում ես հայրանունդ բռնակալի մոտ,
իսկ փսլինքը բերնում ավելի քաղցր է Շիրազի հալվայից,-
ու թեպետ ուղեղդ ոլորված է խոյի եղջյուրի պես,
կաթիլ չի ընկնում կապույտ աչքերից։
1976 թ.