Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Հենրիկ Էդոյան

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Վաղ առավոտյան անտառից թռչունների
ձայներն են լսվում, ծառերի արանքից
արևը փորձում է բարձրանալ վերև,
ինչպես երազի մեջ: Ես
գտնում եմ այն, ինչը կորցրել եմ –
անտառը, թռչուններին: Կարծես թե
ես տանն եմ, համարյա ապրում եմ,
համարյա նմանություն, համարյա մի արև, ճշգրիտ
արտացոլում, կորցվող և նորից գտնվող
բնանկար, այն, ինչը ես տալիս եմ անցյալի
ոգիներին, բայց առավոտյան նորից գտնում այն,
կարծես ամեն ինչ նույնն է, ինչ եղել է,
կարծես թե ես ապրում եմ: Համարյա ես այստեղ եմ:

***
Ո՞վ էր նա, որ մի օր ինձ ասաց տրամվայում —
«Թողեք իջնեմ, ընկեր»: Նա իջավ, իսկ ես մինչև
հիմա ինձ զգում եմ այդ տրամվայի մեջ: Որտե՞ղ
պիտի իջնեմ, երբ նա կանգառ չունի: Եվ
ո՞ւմ պիտի ասեմ — «Թողեք իջնեմ, ընկեր»:
Եվ ո՞ւր է այն քաղաքը, ծխամած մշուշի մեջ,
լույսերը հանգցրած, առանց կանգառի,
առանց անունի, ընդմիշտ, անվերադարձ:

ԴԵՄՔ՝ ԴԵՄՔԻ ԱՌԱՋ
Բացում եմ գիրքը, կարդում մինչև վերջ:
Փակում եմ գիրքը: Ես փնտրում եմ քեզ:
Ես քեզ չեմ գտնում այս էջերի մեջ:
Ես քեզ չեմ տեսնում այս էջերից դուրս:
Բայց որտե՞ղ ես դու: Որտե՞ղ ես դու ապրում
քո ժամանակը: Դա նաև իմ վայրն է,
ուր ես չեմ ապրում: Իրար հետ, միասին,
դեմք՝ դեմքի առաջ, բայց երկու տարբեր
արտացոլումներում, ուր երկու աշխարհներ –
մեկը վառվում է, մյուսը՝ հանգչում:
Երկու ուղիներ, որ իրար չեն հատվում:
Երկու սպասում՝
նույն դռան առաջ:

***

Համացանցից իմացավ, որ գարուն է,
նայեց ապակե թվատախտակին՝ ժամը
տասնմեկն էր, կարդաց՝ որ քաղցած է, պետք է
նախաճաշել, տեսավ՝ որ կինը ավելի գիրացել է,
գլուխը շարժեց: «Կյանքն,— ասաց մի պրոֆեսոր,—
սովորելու մեջ է»: Պետական մի գործիչ խոսում էր
գների բարձրացման մասին՝ «Բայց պետք է ավելի
հայրենասեր լինել», — ասում էր համոզված:
Մի երգչուհի պատրաստվում էր երեխա
ունենալ. բոլորը հուզմունքից արտասվում էին համացանցի մեջ:
«Աստված կա», — կրկնում էր մի երիտասարդ՝
մատը թափ տալով:
«Արդեն ժամանակն է», — գրում էր
մի կին: Դա մահն էր, որ նրան
նայում էր անկյունից և համակարգչի
լույսը թուլացնում, մինչև մեռնելը: Հետո լրիվ մթնեց:
Քանի որ նա չէր ապրում, ուրեմն՝ չմեռավ:

***
Ոչինչ դեռ կորած չէ, ամեն օր առավոտյան
արևն է բարձրանում, իսկ ուշ երեկոյան
լուսինն է դուրս գալիս, ինչպես միշտ, ինչպես
տարիներ առաջ: Պատերը մաքուր են, կահույքը
շատ հին չէ, ծաղկամանի մեջ
դեռ կան ծաղիկներ՝ հավատարիմ իրենց
նշանակությանը, խանութում դեռ հաց կա, դեռ կա
ցանկություն: Բայց պետք է իմաստների
հարցում կողմնորոշվել –
մի ձեռք փոխել է տեղերն ու անունները,
տառերն ու եզրերը:
Միայն շոշափելով կարող ես առաջ գնալ:
Գնալ՝ դեպի ո՞ւր: Ոչինչ դեռ կորած չէ, ասում ես, բայց երբ
ձեռք ես տալիս նրան՝ ոչինչն ես շոշափում:

Նույն շարքից