Վերլուծական 

Ո՞վ է Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտության սցենարի հեղինակը

Մահմեդականության երկու գլխավոր՝ շիա ու սունի կրոնական հոսանքների միջեւ առկա տարաձայնությունները դարերի խորքից են գալիս: Սակայն գոյություն ունեցող վեճերը հիմնականում անողոք թշնամանքի են վերածվում, երբ կողմերից որեւէ մեկը փորձում է ուժերի հարաբերակցությունը փոփոխել իր օգտին: Սունի հոսանքում հիմնական պայքարը ավանդաբար ընթացել է Թուրքիայի ու արաբների միջեւ, իսկ շիաների հիմնական առաջամարտիկը համարվում է Իրանը:

Մահմեդական աշխարհում ստեղծված լարվածության մյուս կարեւոր գործոնը արտաքին ուժերի միջամտությունն է:
Արեւմուտքում ընդունված է կարծիք, որ վերջին տասնամյակներում մահմեդական աշխարհի խաղաղությանն խոչընդոտում է Իրանը, որը 1979թ.-ի իսլամական հեղափոխությունից հետո անվերջ հրահրում է սունիներին ու նախեւառաջ՝ Սաուդյան Արաբիային: Որպես ապացույց առաջ են քաշվում մի շարք փաստարկներ. Իրանի օգնությամբ Բաղդադում իշխանության են եկել շիաները, իրանական կամավորական զորաջոկատները մարտնչում են Սիրիայում, իսկ Եմենի շիա ապստամբները Իրանի սատարմամբ հաջողություններ են գրանցում Արաբական թերակղզու հարավում:

Սակայն ոչ կողմնապահ հայացքի պարագայում կարելի է համոզվել, որ մերձավորարեւելյան ճգնաժամը հրահրվում է դրսի ուժերի կողմից: Բավական է փաստել, որ իրանական հեղափոխությունը կրում էր ոչ թե նեղ շիական, այլ լայն իսլամական բնույթ, ու նպատակ էր հետապնդում նրա արտահանումը ողջ մահմեդական աշխարհ: Բացի այդ այն քարոզում էր կրոնական բոլոր հոսանքների խաղաղ գոյակցություն ու հանդուրժողականություն: Ներդաշնակությունը խաղտեց ոչ թե Իրանը, այլ Միացյալ Նահանգները՝ 2003թ.-ին ներխուժելով Իրաք, երբ Սադամ Հուսեյնի տապալումից հետո Բաղդադում իշխանության եկան շիաները:
Այնուհետեւ Վաշինգտոնը սկսեց մահմեդական աշխարհին հրահրել Իրանի դեմ, ինչից հետո արաբական շեյխերը՝ Թեհրանի աճող «նկրտումներին ու պարսկական էքսպանսիային» դիմակայելու պատրվակով անմիջականորեն ներգրավվեցին Սիրիայի ու Եմենի հակամարտություններին:

Իսկ նման իրավիճակում Իրանը ստիպված էր դիմագրավել ու հակադարձել, ինչպես դա տեղի ունեցավ Սաուդյանների կողմից մահապատժի ենթարկված հայտնի շիա քարոզչի պարագայում:
Միացյալ Նահանգները ներկայումս օժանդակելով Սաուդյան Արաբիային՝ հետապնդում է զուտ կոմերցիոն շահեր, իսկ այն, որ Վաշինգտոնը անընդհատ փոփոխում է դաշնակիցներին՝ վաղուց ապացուցված իրողություն է: Մասնավորապես շիա իսլամը իր գաղափարախոսությամբ առավել մոտ է արեւմտյան արժեհամակարգին, քան մարտատենչ սունի մահմեդականությունը: Ուստի Արեւմուտքն իր ընտրությունը հօգուտ Սաուդյան Արաբիայի կատարել է՝ առաջնորդվելով զուտ նավթային կոմերցիոն շահերից:

Բարաք Օբամայի ադմինիստրացիան այսպես կոչված «արաբական գարուն» օպերացիան իրագործեց շիա-սունի տարաձայնությունների առկայության պայմաններում: Այնինչ Մերձավոր Արեւելքում «դեմոկրատիա» հաստատելու ԱՄՆ մտահղացումը ձախողվեց, իսկ տարածաշրջանը սուզվեց քաոսի հորձանուտը:
Սպիտակ տունն իր դեմքը փրկելու համար ներկայումս խաղարկում է շիական վտանգի տարբերակն, ու իր դիրքերը տարածաշրջանում պահպանելու նպատակով ամեն կերպ օժանդակում սաուդյան շեյխերին: Ցավոք, դա գործում է: Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին համարում է իր հիմնական դաշնակիցը:

Կողմերի հնարավորությունները գնահատելով՝ հարց է առաջանում՝ ինչպիսի՞ ելք կունենա Իրան-Սաուդյան Արաբիա զինված հակամարտությունը:
Երկրագնդի շուրջ 1,2 միլիարդ մահմեդականների 85 տոկոսը դավանում է սունի իսլամ: Սակայն իրականում դա կշեռքի նժարը չի թեքում Սաուդյան Արաբիայի օգտին: Բանն այն է, որ սունի մահմեդականների զգալի հատվածը բնակվում է հարավ-արեւելյան Ասիայի ու Աֆրիկայի երկրներում, որոնք շահագրգռված չեն մասնակցել Սաուդյան Արաբիա- Իրան հակամարտությանը: Այսպիսով Մերձավոր Արեւելքում սունիներն ու շիաները թիվը հավասար է: Ընդհանուր առմամբ շիաները կազմում են Իրանի բնակչության 98, Բահրեյնի՝ 75, Իրաքի՝ 45, Եմենի՝ 30, Լիբանանի՝ 27, ԱՄԷ-ի՝ 25, Քուվեյթի՝ 20, Սիրիայի՝ 20 ու Սաուդյան Արաբիայի՝ 10 տոկոսը:

Իսկ ինչ վերաբերվում է Սաուդյան բանակի արդիական սպառազինությանը, ապա դա նույնպես հաղթանակի գրանցման երաշխիք չէ: Նախ անհրաժեշտ է այդ զենքին տիրապետել, ինչպես նաեւ՝ մարտնչելու ցանկություն ունենալ: Իսկ փորձն ապացուցում է, որ վատ զինված շիա ապստամբները Եմենում հաջողությամբ կարողանում են դիմադրել արաբական կոալիցիային ու հարկ եղած դեպքում հրթիռակոծում են Սաուդյան Արաբիայի բնակավայրերն ու ոչնչացնում նրա ինքնաթիռները:
Միաժամանակ, բախման պարագայում Իրանի հրթիռների թիրախում կհայտնվեն Սաուդյան Արաբիայի արեւելքում գտնվող հարուստ նավթաբեր շրջանները: Դրան ավելացնենք նաեւ հանգամանքն, որ այդ շրջանները հիմնական բնակչությունը շիաներ են, եւ պատկերը պարզ կդառնա:

Այսպիսով սրելով իրավիճակն Իրանի հետ՝ Սաուդյան Արաբիան հրահրում է հակամարտություն, հաղթանակել որում նա ի վիճակի չէ: Իսկ ինչ վերաբերվում է ամերիկյան օգնությանն, ապա դա նվազ հավանական է, քանի որ նախագահական ընտրությունների թոհուբոհում խորասուզված ԱՄՆ-ին ընդհանրապես անհրաժեշտ չէ ռազմական արկածախնդրություն:

Այս համատեքստում հարց է առաջանում՝ իսկ ու՞մ է շահավետ Սաուդյան Արաբիա- Իրան հակամարտությունը: Սիրիական ճգնաժամում խորասուզված Մոսկվան ու Թեհրանն ընդհանրապես շահագրգռված չեն կրոնական հավասարակշռության խախտմամբ: Իսկ ահա Վաշինգտոնը վերջին 12 տարիներում ջանք չի խնայել Մերձավոր Արեւելքի իրավիճակի ապակայունացման բնագավառում:

Արդյո՞ք կրկին չի խաղարկվում տխրահռչակ «արաբական գարուն» ներկայացման եզրափակիչ գործողությունն, որի արդյունքում կտապալվեն Մերձավոր Արեւելքի դեռ չտապալված, ու ինչու չէ՝ ոչնչում չկասկածող Սաուդյան Արաբիայի վարչակարգերը: Իսկ այնուհետեւ փլատակների վրա կկառուցվի արեւմտյան սցենարիստներին առավել շահավետ իրականություն:

Նույն շարքից