Հաշվի առնելով ներկայումս ռուս-թուրքական հարաբերություներում ձեւավորված խորը հակասությունները, երբ ՌԴ նախագահ Պուտինը ընդհանրապես անուշադրության է մատնում Էրդողանի հեռախոսազանգերը, Թուրքիայի՝ Ռուսասաստանի հետ իր գործողությունները համաձայնացնելու փորձերն անիմաստ են դառնում:
Մաժամանակ գնալով աճում է Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի Սիրիա ներխուժման վտանգը:
Հիմնական սպառնալիքը բխում է թուրքերից: Իրավիճակը Սիրիայում Էրդողանի համար զարգանում է տխուր սցենարով: Թուրքիայի կողմից հովհանավորվող ահաբեկիչները կառավարական ուժերի հարձակման արդյունքում դուրս են մղվել հյուսիսային Լաթաքիայից ու նահանջում են նաեւ Հալեպի պրովինցիայում:
Բացի այդ Դամասկոսն ու Մոսկվան լեզու են գտնում սիրիական քրդերի հետ:
Նման իրավիճակում Թուրքիան երկու տարբերակ ունի: Առաջինը՝ հանգիստ դիտել, թե ինչպես է իր հարեւանությամբ ձեւավորվում քրդական ինքնավարությամբ թշնամի պետություն: Պետություն, որն ի վերջո պատասխանատվության է կանչելու թուրքերին իրենց կատարած վայրագությունների համար: Երկրորդ ճանապարհը՝ ներխուժել Սիրիա ու ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում ջախջախել քրդերին ու այնտեղ հաստատել իր հենակետերն ու զորանոցներ:
Ներխուժման արդյունքում Թուրքիան ոչ միայն կարող է հաշվեհարդար տեսնել քրդերի հետ, այլ նաեւ սիրիական սահմանին հաստատել բուֆերային գոտի, ինչն առաջին հերթին ուղղված կլինի ՌԴ ավիախմբի դեմ:
Սակայն թուրքերը դեռեւս չեն շտապում ներխուժել Սիրիա, քանի որ չունեն երաշխիքներ, որ Ռուսաստանը դիտողի դերում է մնալու: Միայն Ռուսաստանի կրավորականության պայմաններում Թուրքիան կարող է հաջողության հույսեր փայփայել: Հակառակ պարագայում թուրքական ինտերվենցիան կարող է ավարտվել ոչ միայն պատերազմով, քաղաքական ու տնտեսական արհավիրքով, այլ նաեւ տիրող վարչակարգի փոփխմամբ եւ երկրի մասնատմամբ: