Lragir.am-ը գրում է. Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռը անցել է ժամկետային զինծառայության, թեեւ օրինական հիմքեր ուներ տարկետում ստանալու: Ըստ մամուլի՝ թոռն ինքն է պնդել եւ ծառայության է անցել Երեւանում:
Մանրամասներ չեն հաղորդվում, եւ թվում է սովորական տեղեկություն է ու չպետք է որ արժենար ուշադրության: Սակայն հայաստանյան իրողությունների պարագայում այն ձեռք է բերում առանձնահատուկ երանգներ: Թոռան պնդումը վկայում է այդ ընտանիքի արժեհամակարգի, գիտակցության, դաստիարակության մասին: Ընդ որում, այդ հանգամանքը կարեւոր է թեկուզ նաեւ սիմվոլիկայի մակարդակում, եւ գուցե առաջին հերթին հենց այդ մակարդակում, քանի որ քաղաքականությունն ինքը մեծամասամբ այդ մակարդակում է իրականացվում:
Փոխարենը, ներկայիս իշխող համակարգը լիովին այլ սիմվոլիկայի մեջ է, ավելի ճիշտ՝ մի իրականության մեջ, որը բնորոշվում է լիովին այլ արժեհամակարգով եւ մոտիվացիայով: Այս իրականությունը կառուցված է գողական պատկերացումների վրա, երբ քաղաքացիական արժեհամակարգը լավագույն դեպքում դիսկոմֆորտ է առաջացնում, իսկ ընդհանուր առմամբ ամոթալի է ու նվաստացուցիչ:
Մյուս կողմից, գողական պատկերացումները կիրառվում են այսպես ասած սելեկտիվ, երբ դրանց կրողները կարող են նաեւ անել բաներ, որոնք հարիր չեն այդ պատկերացումներին: Օրինակ, պաշտոն զբաղեցնել, փողկապ կապել, ենթարկվել որոշակի «պետական» օրենքների, որքան էլ այդ օրենքները հարմարեցված լինեն այդ պատկերացումներին ու «էթիկային»:
Այս առումով, Հայաստանում ստեղծվել է գողական-պետական մուտացիայի մի համակարգ, կամ ինչպես կասեր մի հայտնի գիտնական՝ «ծակված գողերի» համակարգը: Այն դեգրադացրել է հանրային-պետական ինստիտուտները, արժեհամակարգն իր բոլոր դրսեւորումներով ու մակարդակներով, փորձելով այն բերել անբնական մի «ստանդարտի»:
Մասնավորապես, նրանց պատկերացումներով բանակում ծառայելն էլ դառնում է «զապադլո», բայց միաժամանակ նրանք «բանակին աջակցելու» հիմնավորմամբ պետական մեդալներ ու շքանշաններ են ստանում: Թե ինչով են աջակցում՝ երեւում է դիրքերում ու թիկունքում՝ սահմանին զոհվում են, այսպես ասած ինքնասպան լինում, կրակում իրար վրա, թիկունքում ճակատագրեր են խեղվում, ընտանիքներ մնում թշվառ վիճակում:
Նրանց մեջ՝ զոհվածների, վիրավորների, ինքնասպանվածների, չկան «էլիտայի» ներկայացուցիչներ: Անգամ նմուշի համար, սիմվոլիկայի մակարդակում չկան ոչ միայն սահմանին, այլեւ սահմանից հեռու ծառայողներ: Սա հայտնի է բոլորին, եւ սա այնպիսի մի բան է, որն անհետ չի անցնում:
Գուցե այլ ոլորտներում էլի հնարավոր է ինչ որ աչքակապություններով քողարկվել, բայց բանակի հանգամանքն այլ է, հատկապես էքստրեմալ իրավիճակներում: Նույնիսկ եթե հաջողվում է այնտեղ ներդնել գողական բարքերը՝ այս սահմանը ջնջելու հույսով ու նպատակով: