Վերլուծական 

«Սուլթան» Էրդողանի պանթուրքական նկրտումները այդպես էլ չիրագործվեցին

Դեռ Օսմանյան կայսրության օրոք թուրքերը մշտապես հարհստահարել ու կեղեքել են հպատակ ժողովուրդներին: Լայնածավալ կայսրությունում բնակվել են տարբեր ազգեր ու ժողովուրդներ, որոնցից մի քանիսը իսկական ցեղասպանության են ենթարկվել:

Աշխարհը մինչեւ այժմ հիշում է հայոց ցեղասպանությունը: Ոչ բոլոր երկրներն են դեռ ճանաչել այն, սակայն, իրողությունը մնում է իրողություն՝ պատմության այդ էջն անդառնալի է: Ներկայումս Մերձավոր Արեւելքում նոր պատմություն է գրվում: Թուրքական ներկա վարչակարգը կրկին որդեգրել է պանթուրքական գաղափարներ: Հավանաբար հիշողության հետ խնդիրներ ունեցող Էրդողանը մոռացել է, որ իր նախնիների միլիտարիստական ձգտումները հանգեցրին Օսմանյան կայսրության քայքայմանը:

Թուրքիայում կրկին առաջնային է մնում քրդական հարցը: Անկարան չհայտարարված իսկական պատերազմ է ծավալել քուրդ ազգաբնակչության դեմ: Այս պահին թուրքական բանակը լայնամասշտաբ պատերազմ է վարում Անատոլիայում՝ իրագործելով քրդերի ցեղասպանությունը: Քրդերը համառորեն դիմադրում են, կազմավորում զինված ջոկատներ, ձգտում հասնել ինքնավարության: Միաժամանակ սիրիական ու իրաքյան քրդերը խիզախորեն պայքարում են ԻՊ ահաբեկիչների դեմ: Սկզբնավորվում է քրդական նոր շարժում, որը կարող է մեկ դրոշի ներքո համախմբել բոլոր քրդերին:

Թուրքիայի մտավախությունը կայանում է նրանում, որ քրդերը կարող են վերահսկողություն հաստատել թուրք-սիրիական սահմանի ողջ երկյանքով: Իսկ դա բացառելու նպատակով թուրքական հրետանին, չնայած Սիրիայում հրադադարի ռեժիմին, շարունակում է քրդական սահմանային հենակետերի ու բնակավայրերի ռմբակոծությունները: Անկարան Մերձավոր Արեւելքում հետապնդում է 2 նպատակ՝ տապալել Բաշար Ասադին ու հաշվեհարդար տեսնել քրդերի հետ:

Նպատակին հասնելու համար Էրդողանը կոչ արեց քրդերին ճանաչել որպես ահաբեկիչներ ու նրանց դուրս թողնել միջսիրիական բանակցություններից:

Քրդերի ցեղասպանությունն իրականացվում է մեծ տերությունների լուռ համաձայնության ու կրավորականության պայմաններում: ԱՄՆ գերխնդիրը Ասադի տապալումն է, իսկ մյուս հարցերում Վաշինգտոնը աչք է փակում ու կիրառում երկակի ստանդարտների վաղեմի մոտեցումը:

Եվրամիությունը նույնպես լռում է: Միգրացիոն ճգնաժամի պայմաններում Եվրոպական երկրները պատանդ են դարձել Թուրքիայի ձեռքում: Էրդողանը միգրանտների խնդիրն օգտագործում է Եվրոպայի դեմ՝  ճնշում գործադրում ու զիջումներ կորզում: Եվրոպան ստիպված է լռել թուրք-քրդական հակամարտության մասին:

Այս ֆոնին տպավորություն է առաջանում, որ Էրդողանը անպատիժ կարող է հաղթահարել քրդերի դիմադրությունն ու բնաջնջել նրանց: Սակայն, դա այդքան էլ այդպես չէ: Սիրիական հրադադարը վերջնականապես խճճեց Էրդողանի հեռահար ծրագրերը: Ներկա պահին Անկարան պարտվողական իրավիճակում է հայտնվել: Էրդողանը կշարունակի Թուրքիայի քրդերի ցեղասպանությունը, սակայն զրկված է սիրիական ու իրաքյան քրդերի դիմադրությունը կոտրելու հնարավորությունից: Իսկ Սիրիա նեխուժման պարագայում  Թուրքիան կհայտնվի քաոսում ու վերջնականապես հրաժեշտ կտա պանթուրքական նկրտումներին:

 

Նույն շարքից